Մոլաքորը (urticaria) բնութագրվում է մաշկային ծածկույթի տարբեր տեղամասերում եղնջայտուցի ցանավորումով, որի հանդես գալուն նախորդում է ուժեղ քորի զգացումը։ Եղնջայտուցներն ունեն մաշկի մակերեսից բարձրադիր, վառ վարդագույն, ամուր գոյացությունների տեսք, ոսպի հատիկից մինչև ափի և ավելի մեծություն։ Նրանք ունեն տափակ մակերես, մերթ կլոր կամ ձվաձև, մերթ անկանոն խոշոր ժանեզարդավոր գծագրություն։ Եղնջայտուցի կենտրոնական մասում վարդագույն երանգը կարող է փոխարինվել ճենապակյա սպիտակի։
Պահպանվելով կարճ ժամանակ՝ մի քանի տասնյակ րոպեից մինչև մի քանի ժամ, եղնջայտուցներն անհետանում են, չթողնելով ոչ մի հետք։ Դրան նախորդում է քորի դադարումը: Մոլաքորի սուր նոպայի ժամանակ հնարավոր է եղնջայտուցների երևալը ոչ միայն մաշկի, այլև լորձաթաղանթների վրա (շրթունքների, լեզվի փափուկ քիմքի, կոկորդի)։ Ծայրահեղ հազվադեպ եղնջայտուցները ձեռք են բերում արյունային բնույթ և լուծվում են, թողնելով պիգմենտային բծեր։
Մոլաքորը կարող է ընթանալ կամ սուր նոպաների ձևով՝ մի քանի ժամից մինչև մի քանի օր տևողությամբ, կամ ունենալ խրոնիկական բնույթ։ Վերջին դեպքում նոպաներն առաջանում են ամեն օր, իսկ երբեմն էլ օրը մի քանի անգամ՝ բազմաթիվ շաբաթների ու նույնիսկ տարիների ընթացքում։
Պատճառագիտությունը և ախտածնությունը։ Մոլաքորն իրենից ներկայացնում է վաղ տիպի ալերգիկ մաշկային ռեակցիա, որն առաջանում է բազմապիսի արտաքին ու ներքին գործոններից։
Համաձայն ժամանակակից տվյալների` մոլաքորի եղնջայտուցները ոչ թե բորբոքային ռեակցիայի արտահայտություն են, այլ մաշկի յուրօրինակ այտուց, որը գոյանում է անոթային պատի թափանցելիության կտրուկ բարձրացման հետևանքով՝ նրա վրա որոշակի քիմիական նյութերի ներգործության ժամանակ։ Վերջիններից ամենամեծ նշանակություն ունեն հիստամինն ու սպիտակուցային փոխանակության մի շարք նյութեր, որոնք օժտված են հիստամինանման ազդեցությամբ։
Այդ նյութերը կարող են ներմուծվել մաշկի մեջ արտաքինից (միջատների խայթում, եղնջի այրում և այլն), կամ առաջանալ մաշկի վրա մեխանիկական, ֆիզիկական կամ քիմիական բնույթի արտաքին գործոնների անմիջական ազդեցությունից, կամ կարող են գոյանալ օրգանիզմում՝ նրա տարբեր ախտաբանական վիճակների հետևանքով։
Շատ հաճախ մոլաքորն առաջանում է սուր բռնկմամբ ամենից հաճախ սննդային (ձու, սուր համ ունեցող պանիրներ, մորի, խեցգետին, ձկան որոշ տեսակներ, միս և այլն) կամ դեղորայքային (խինին, մորֆին, իպեկակուան, բուժական շիճուկներ, պենիցիլին և այլն) նյութերի նկատմամբ օրգանիզմի զգայնության բարձրացման հետևանքով։
Մոլաքորի խրոնիկական ձևերը հաճախ կապված են լինում լյարդի, երիկամների, ստամոքսաաղիքային ուղու, նյութափոխանակության փոփոխությունների, ճիճվային ինվազիայի, վարակի թաքնված օջախների հետ (տոնզիլիտներ և այլն)։ Նրանք կարող են ծագել հղիների մոտ որպես թունավորման արտահայտություն, որպես հետևանք ներքին օրգանների չարորակ նորագոյացությունների (քաղցկեղ), արյունաստեղծ օրգանների հիվանդությունների ժամանակ և այլն։
Ոչ հազվադեպ խրոնիկական մոլաքորն առաջանում է ցրտի, ավելի պակաս տաքի, արևի լույսի նկատմամբ զգայնության բարձրացման հետևանքով։
Առանձին դեպքերում հնարավոր է պայմանական ռեֆլեկտոր մոլաքորի առաջացում։ Արտաքին պատճառներից պետք է նկատի ունենալ միջատների (լվերի, փայտոջիլների, մոծակների, մժեղների և այլն) խայթումը, ինչպես նաև որոշ բույսերի (եղինջ) հպումը մաշկի հետ։ Այդպիսի դեպքերում եղնջայտուցներն առաջանում են միայն գրգռիչի անմիջական ներգործության տեղում, ծայրահեղ հազվադեպ ցանավորումն ընդունում է տարածուն բնույթ։
Հատուկ ձև է ներկայացնում, այսպես կոչված, հսկա մոլաքորը կամ Կվինկեյի սուր սահմանափակ այտուցը։ Հիվանդությունն արտահայտվում է մաշկի ու ենթամաշկային բջջանքի սահմանափակ այտուցի հանկարծակի առաջացմամբ՝ ամենից հաճախ դեմքի վրա (շրթունքներ, այ֊տեր, կոպեր) կամ սեռական օրգանների շրջանում։ Ախտահարված տեղամասը խիստ բարձրանում է շրջապատող մաշկի մակարդակից վեր, ունենում է ամուր առաձիգ կոնսիստենցիա, ճենապակյա-սպիտակ, ավելի պակաս՝ թեթև վարդագույն գունավորում։
Այտուցի առաջացումն ուղեկցվում է այրոցի, ավելի պակաս՝ քորի զգացումով։ Մնալով մի քանի ժամ, երբեմն 1-2 օր, այտուցը վերանում է առանց հետքեր թողնելու։ Որոշ հիվանդների մոտ նոպաները կրկնվում են շատ թե քիչ երկար ընդմիջումներից հետո։ Երբեմն Կվինկեյի սահմանափակ այտուցը զուգորդվում է ընդհանուր մոլաքորի հետ։
Ընդունված է որպես մոլաքորի առանձին տարատեսակ դիտել արհեստական մոլաքորը-urticaria factitia՝ գծային ձևի եղնջայտուցների առաջացումը ի պատասխան մաշկի մեխանիկական գրգռման, օրինակ, բութ ձողիկով խազելիս։ Ի տարբերություն բարձրացած մաշկագրի, արհեստական մոլաքորն ուղեկցվում է քորի զգացումով։
Բուժումը։ Սննդանյութերի ու դեղանյութերի ներքին ընդունումից առաջացած մոլաքորի սուր նոպայի ժամանակ խորհուրդ է տրվում ամենից առաջ մաքրել ստամոքսը լուծողականով (նատրիումի սուլֆատ)։ Դրանից հետո հիվանդին նշանակում են հակահիստամինային պրեպարատներ (օրինակ՝ դիմեղրոլ 0,05 գ օրը 3 անգամ), խորհուրդ է տրվում ներերակային ներմուծել կալցիումի քլորիդի 10%-անոց լուծույթ։ Շատ բուռն ընթացող մոլաքորի, մասնավորապես՝ լորձաթաղանթների ախտահարման ժամանակ (կոկորդի այտուց) ցուցված է ադրենալինի 1:1000 լուծույթի 0,5-1 մլ ենթամաշկային սրսկում, որն արագորեն կասեցնում է նոպան։
Խրոնիկական մոլաքորի ժամանակ անհրաժեշտ է մանրազնին քննության ենթարկել հիվանդին՝ հիվանդության պաաճառը պարզելու և համապատասխան բուժում նշանակելու համար։ Կիրառվում է ախտանշական ու սպեցիֆիկ զգայնազերծող բուժում՝ կալցիումի քլորիդի, նատրիումի, թիոսուլֆատի ներերակային ներարկումների, հակահիստամինային պրեպարատների, նիկոտինաթթվի, C և P վիտամինների, հիստոգլոբուլինի, պիրոգենալի նշանակումների ձևով։ Առանձին դեպքերում կարող են օգտակար լինել ստորջրյա լոգանքները, հիպնոսաբուժումը։ Տեղային նշանակվում են հակաքորային միջոցներ՝ սպիրտային լուծույթների կամ թափահարվող կախուկների ձևով։