Նկարագրություն

Միզարյունությունը, որն անվանում են նաև ուրեմիա, իրենից ներկայացնում է կյանքի համար վտանգավոր վիճակ, որը հանգեցնում է օրգանիզմի բոլոր օրգան-համակարգերի գործունեության ծանր խանգարումների: Տարբերում են`

- սուր միզարյունություն,
- քրոնիկական միզարյունություն:

Պատճառներ

Սուր միզարյունությունն առաջանում է սուր երիկամային անբավարարության ժամանակ` ծանր վնասվածքներից առաջացած շոկի, ցրտահարության, այրվածքների, արյան կորստի, ջրազրկման, ալերգիայի, թունավորումների, ինչպես նաև արյան վարակման հետևանքով` արյան շրջանառությունը խանգարվելիս:

Քրոնիկական միզարյունությունն առաջանում է երիկամների հիվանդությունների, երիկամների արյան շրջանառության խանգարումների, ինչպես նաև միզուղիների անցանելիության խանգարումների հետևանքով:

Պաթոգենեզ

Միզարյունության առաջին ախտանշաններն են թորշոմածությունը, ընդհանուր թուլությունը, արագ հոգնելիությունը, զարկերակային ճնշման բարձրացումը, գլխացավերը, քնի ու ախորժակի վատացումը, ինչպես նաև հիշողության թուլացումը: Առաջանում է ուժեղ ծարավի զգացում, սրտխառնոց, նկատվում են մաշկի չորություն, գունատություն, այնուհետև` քոր: Հիվանդները շատ արագ նիհարում են: Ավելի ուշ շրջանում արյան մեջ պարունակվող միզանյութն ու մյուս նյութերն սկսում են ուժեղ արտադրվել մաշկի, լորձաթաղանթների ու շճաթաղանթների միջոցով` գրգռելով դրանք: Այդ բոլորի հետևանքով առաջանում են միզարյունային ստամոքսաբորբի, հաստ աղիքի բորբոքման, կրծքամզի բորբոքման, ինչպես նաև սրտապարկի բորբոքման ախտանշաններ: Խանգարվում են լյարդի, ոսկրածուծի ֆունկցիաները: Առաջանում է սակավարյունություն: Հնարավոր է տեսողության խանգարում:

Ժամանակին և արդյունավետ բուժման բացակայության դեպքում կարող է առաջանալ միզարյունային կոմա. հիվանդը կորցնում է գիտակցությունը, փոխվում են շնչառության ռիթմն ու խորությունը, բերանից մեզի հոտ է փչում և բբերը նեղանում են: Նման վիճակը պահանջում է շտապ բժշկական օգնություն` հիվանդանոցային պայմաններում:

Բուժում

Քրոնիկական միզարյունությամբ տառապող հիվանդներին նշանակում են օրգանիզմում ազոտային թունավոր խարամների կուտակումը կանխող սպիտակուցների սահմանափակմամբ սննդակարգ: Առանձին դեպքերում օրգանիզմն ազոտային խարամներից մաքրում են > օգնությամբ: Սահմանափակում են նաև կերակրի աղի և թթուներով հարուստ սննդի օգտագործումը: Սննդակարգը լրացնում են վիտամիններով: Աղիքներում նեխման գործընթացները կանխելու համար նշանակում են կաթնաթթվային մթերք: Բժշկի նշանակմամբ կատարում են նաև դեղորայքային բուժում: Հարկավոր է բուժել նաև միզարյունության պատճառ հանդիսացող հիվանդությունները:

Միզարյունության ելքն անբարենպաստ է, սակայն, չնայած երիկամների ֆունկցիայի անկմանը, քրոնիկական միզարյունությունը կարող է տևել տարիներ` կանոնավոր բժշկական հսկողության և հետևողական բուժման դեպքում:

Կանխարգելում

Քրոնիկական միզարյունության կանխարգելումը պայմանավորված է երիկամների և միզուղիների քրոնիկական հիվանդությունների ժամանակին բուժմամբ, ինչպես նաև երիկամների քրոնիկական բորբոքումների առաջացմանը նպաստող օջախային վարակների վերացմամբ: