Երեխաների ձեռքբերովի սրտի արատները, որպես կանոն, ունեն ռևմատիզմային ծագում, հազվադեպ զարգանում են սեպտիկ էնդոկարդիտից հետո։ Նրանք ձևավորվում են էնդոկարդիտի հետևանքով՝ սուր բորբոքային պրոցեսի վերանալուց հետո։ Ռևմատիզմային էնդոկարդիտի հետևանքով առաջացած ամենատարածված արատը միտրալ փականի անբավարարությունն է, երբ փականները տձևացման հետևանքով լրիվ չեն փակվում և սիստոլայի ժամանակ արյան մի մասը ձախ փորոքից վերադառնում է նախասիրտ։ Արյան այդ քանակը գումարվում է արյան այն քանակին, որը թոքային զարկերակներից լցվում է ձախ նախասիրտը։ Այդպիսով ձախ նախասիրտը ստանում է նորմայից ավելի շատ արյուն և լայնանում է։ Ձախ նախասրտի լայնացումը միտրալ փականների անբավարարության վաղաժամ  ախտանիշներից է։

Այդ արատով տառապող հիվանդները հաճախ ոչ մի գանգատ չեն նշում։ Օբյեկտիվ քննության ժամանակ երբեմն սրտի շրջանում դիտվում է արտափքում, ուժեղացած գագաթային հրոց։ Պերկուսիայի օգնությամբ հայտնաբերվում է սրտի սահմանների չափավոր մեծացում՝ ձախ և վեր։ Աուսկուլտացիայի ժամանակ գագաթում I տոնը հաճախ թուլացած է, լսվում է կոպիտ, փչական բնույթի սիստոլային աղմուկ, որը հաղորդվում է դեպի անութային գիծը։ Թոքային զարկերակի վրա II տոնը լինում է շեշտված։ Պուլսն ու արյան ճնշումը կարող են մնալ նորմայի սահմաններում։ Ֆոնոէլեկտրասրտագիրը հայտնաբերում է I տոնի թուլացում, մեծ ամպլիտուդի աղմուկ, որը զբաղեցնում է սիստոլայի 2/3-ը կամ ամբողջ սիստոլան։ Թոքային զարկերակի վրա II տոնը գրանցվում է մեծ ամպլիտուդով։

Միտրալ անբավարարության ռենտգենաբանական վաղ նշաններից է ձախ նախասրտի լայնացումը։ Վերջինս հաճախ զուգորդվում է ձախ փորոքի լայնացման հետ, որն արտահայտվում է սրտի գագաթի կլորացումով, ետ սրտային տարածության նեղացումով: Անբավարարության արտահայտվածությունը կախված է արատի մեծությունից։ Որքան մեծ է արատը, այնքան շատ արյուն է վերադառնում ձախ փորոքից դեպի ձախ նախասիրտ և հեմոդինամիկական խանգարումներն էլ այնքան ավելի ցայտուն են արտահայտվում։ Երկփեղկ փականի անբավարարությունը սրտի արատներից առավել բարորակն է, քանի որ խանգարված հեմոդինամիկայի համակշռումը իրագործվում է սրտի հզոր կոմպենսացիոն հատկություն ունեցող մասով՝ ձախ փորոքով։

 
 

Սկզբնաղբյուրը՝ Կլինիկական մանկաբուժություն

Վ.Ա. Աստվածատրյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին