Միոկարդիտ հիվանդությունը սրտամկանի բորբոքումն է, որը հաճախ առաջանում է ռևմատիզմի, երբեմն վարակիչ հիվանդությունների (դիֆթերիա, որովայնային տիֆ, անգինա, քութեշ, արյան վարակում, հայմորտ, սուր շնչառական հիվանդություններ, այդ թվում` գրիպ և այլն) ժամանակ: Այն կարող է նաև ալերգական բնույթ կրել` լինելով որոշ մանրէների ու դրանց քայքայման արգասիքների, ինչպես նաև դեղապատրաստուկների նկատմամբ սրտամկանի գերզգայունության հետևանք:
Ռևմատիզմային միոկարդիտը (ռևմոկարդիտ) հաճախ զուգակցվում է ներսրտենու բորբոքումով:

Պատճառներ
Սրտամկանը կարող է ախտահարվել տուբերկուլոզից և սիֆիլիսից: Երեխաների միոկարդիտը կարող է առաջանալ մի շարք վարակիչ հիվանդությունների հետևանքով, օրինակ` դիֆթերիային միոկարդիտը սովորաբար առաջանում է հիվանդության 2-րդ շաբաթից և բնորոշվում է բավականին ծանր ընթացքով: Որովայնատիֆային միոկարդիտը ի հայտ է գալիս որովայնային տիֆի սկզբից 3-4 շաբաթ հետո, երբեմն էլ` առողջացման շրջանում: Ընթացքն ավելի բարենպաստ է: Արյան վարակման հետևանքով առաջացած միոկարդիտը ծանր է ընթանում:

Պաթոգենեզ
Միոկարդիտ հիվանդության դեպքում հնարավոր են սրտի շրջանում ցավերի, սրտի կծկումների ռիթմի խանգարումների, սրտխփոցի հևոցի, թուլության, արագ հոգնելիության, քրտնոտության գանգատներ: Նշված երևույթները սաստկանում են ֆիզիկական լարվածությունից: Ջերմաստիճանը բնականոն է կամ բարձրանում է աննշան:

Բուժում
Միոկարդիտի բուժումը հիվանդանոցային է և արդյունավետ: Կարևոր է սնման ռեժիմը` դյուրամարդ, վիտամիններով հարուստ կաթնային և բանջարեղենային սնունդ, խաշած միս և ձուկ, սահմանափակվում են հեղուկների ու կերակրի աղի օգտագործումը, հատկապես սրտային անբավարարության ժամանակ: Հիվանդության ախտանշաններն անհետանալուց հետո բժշկի հսկողությամբ նշանակվում է բուժական ֆիզկուլտուրա: Հիվանդի լավ ինքնազգացողության դեպքում մարմնամարզական վարժությունների ծավալն աստիճանաբար ընդլայնվում է:
Հիվանդության ելքը կախված է միոկարդիտ առաջացնող պատճառից: Վարակիչ հիվանդությունների հետևանքով առաջացած գործընթացը, որպես կանոն, ավարտվում է հիվանդի առողջացմամբ: Ռևմատիզմային և վարակալերգական միկրոկարդիտները կրկնվելու հակում ունեն, սակայն կանխվում են դիսպանսերային հսկողության ու ժամանակին կանխարգելիչ բուժման դեպքում:

Կանխարգելում
Միոկարդիտի կանխարգելումը ենթադրում է սրտամկանի բորբոքում առաջացնող հիվանդության ժամանակին բուժում և հատուկ ուշադրություն քրոնիկական վարակիչ օջախների (նշագեղձերի բորբոքում, հայմորիտ և այլն) դեմ պայքարին:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին