Միկրոսպորիան մաշկի վարակիչ սնկային հիվանդություն է, որը հարուցում են մանրադիտակային սնկիկները և ախտահարում ոչ միայն մաշկը, այլև մազերը` հազվադեպ` եղունգները: Միկրոսպորիայի դրսևորումները նման են տրիխոֆիտիային, որոնք նախկինում միավորված էին << խուզող որքին >> անվան տակ: Հիվանդանում են հիմնականում երեխաները: Հիվանդության բռնկումները նկատվում են մայիցից հոկտեմբեր:

Պատճառներ
Տարբերում են միկրոսպորիա հարուցող 2 տեսակի սնկիկներ: Առաջինները մակաբուծում են միայն մարդու օրգանիզմում, և հարուցած հիվանդությունը շատ վարակիչ է: Վարակվում են հիվանդի հետ անմիջական շփումից կամ նրա օգտագործած առարկաների ու իրերի միջոցով (որոնք աղտոտված են մաշկային թեփուկներով կամ մազերով և պարունակում են սնկիկների թելիկներ, սպորներ): Մյուս տեսակի սնկիկները մակաբուծում են կատուների և շների մաշկի ու բրդի վրա: Երեխաները և հասուն մարդիկ վարակվում են հիվանդ կենդանիների հետ շփվելիս կամ նրանց բրդով աղտոտված առարկաների միջոցով, հազվադեպ` հիվանդ մարդուց:

Պաթոգենեզ
Միկրոսպորիան դրսևորվում է դեմքի, պարանոցի, ձեռքերի, ոտքերի և իրանի մաշկի վրա` կարմիր, բորբոքային, ապա` թեփոտվող, կլորավուն կամ ձվաձև բծերի առաջացմամբ: Կատվից կամ շնից վարակվելիս գլխի մազածածկ հատվածում սկզբում առաջանում է կլորավուն, թեփոտվող, կարծես ալրոտված օջախ, որտեղ սնկիկներով ախտահարված մազերը կոտրատված են և պատված սպիտակ թաղանթով, այնուհետև գոյանում են նոր, ավելի փոքր օջախներ: Միայն մարդուն ախտահարող սնկիկներով վարակվելիս այդ օջախները գլխի վրա ավելի արագ են առաջանում և միաձուլվում միմյանց: Այս դեպքում կոտրատվում են ոչ բոլոր ախտահարված մազերը, և դրանք դժվար են տարբերվում առողջ մազերից:

Բուժում
Հիվանդությունն ախտորոշում է բժիշկը` հիվանդի կլինիկական հետազոտության, ախտահարված մազերի և մաշկային թեփուկների մանրադիտակային ուսումնասիրության հիման վրա, ինչպես նաև լյումինեսցենտային մեթոդով:
Բուժումն առավելապես իրականացվում է հիվանդանոցում, բայց կարելի է նաև ամբուլատոր եղանակով (կախված միկրոսպորիայի տեսակից): Ինքնաբուժումն անթույլատրելի է:

Կանխարգելում
Այս հիվանդության կանխարգելման հիմնական միջոցը պայքարն է թափառող կենդանիների դեմ: Անհրաժեշտ է երեխաներին զգուշացնել, որ թափառող կենդանիներին ձեռք չտան և առանց նախնական անասնաբուժական ստուգման տուն չտանեն: Կատուների միկրոսպորիան կարող է ընթանալ աննկատելի, ուստի տնային կենդանիներին ևս կանոնավոր կերպով պետք է ենթարկել բժշկական հետազոտության (բայց հիվանդ կենդանիներին չի կարելի տնից դուրս հանել): Միայն մարդկանց բնորոշ միկրոսպորիայի կանխարգելման նպատակով կատարել բնակարանի և հիվանդի իրերի վարակազերծում, հիվանդների հոսպիտալացում, ընտանիքի անդամների հետազոտություն, անհրաժեշտության դեպքում` բուժում:

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին