Խոր (համակարգային) միկոզներից են հիստոպլազմոզը, կոկցիդիոիդոզը, բլաստոմիկոզները, սպորոտրիխոզը և այլն։ Դերմատոլոգների համար գործնական ամենամեծ նշանակություն ունեն խրոմոմիկոզը և ակտինոմիկոզը։ Վերջինս ներկայումս սկսել են դիտել որպես բակտերային հիվանդություն և դասել կեղծ միկոզների շարքին։

Ակտինոմիկոզը (actinomycosis) խրոնիկական հիվանդություն է, հարուցիչը տարբեր տեսակի ակտինոմիցետներն են, որոնք տարածված են բնության մեջ։ Նրանց սապրոֆիտ տեսակները ապրում են բերանի խոռոչում ու ստամոքսաաղիքային ուղու լորձաթաղանթների վրա։ Թարախային արտադրության մանրադիտակային հետազոտման, ինչպես նաև ախտահարված հյուսվածքների հյուսվածաբանական հետազոտման ժամանակ ակտինոմիցետները հայտնաբերվում են մանր թելերից բաղկացած կծիկի ձևով՝ շրջապատված ճառագայթաձև հեռացող ու գնդասեղանման հաստացումներ (դրուզներ) ունեցող թելերով։ Մաշկի ախտահարումը հաճախ առաջանում է երկրորդայնորեն՝ ախտաբանական պրոցես խորը տեղադրված հյուսվածքներից ու օրգաններից per continuitatem կամ մետաստազների միջոցով տարածվելու, ավելի պակաս առաջնայնորեն՝ արտաքինից վարակվելու հետևանքով։ Ամենից հաճախ հանդիպում է գումոզհանգուցային ձևը, որը բնորոշվում է ենթամաշկային բջջանքում մեկ կամ մի քանի, առողջ մաշկով ծածկված ամուր հանգույցների առաջացումով։

Աստիճանաբար մեծանալով, հանգույցները միաձուլվում են և գոյացնում տախտակի ամրություն ունեցող անհարթ ինֆիլտրատ, որի վրայի մաշկը ստանում է կապտակարմիր գույն։ Հետագայում ինֆիլտրատը առանձին տեղերում փափկում է և բացվում ոչ մեծ խուղակային անցքերով, որոնցից արտադրվում է հեղուկ թարախ։ Վերջինիս մեջ երբեմն կարելի է հայտնաբերել դեղնավուն հատիկներ՝ դրուզներ: Հազվադեպ է հանդիպում խոցային ձևը, որն առաջանում է խոշոր հանգույցների քայքայման հետևանքով։ Մաշկի ակտինոմիկոզը առավել հաճախ տեղակայվում է պարանոցադիմային շրջանի, նստատեղերի (ակտինոմիկոզային պարապրոկտիտների ժամանակ), կրծքի (թոքերի առաջնային ախտահարման ժամանակ) և որովայնի (աղիների առաջնային ախտահարման ժամանակ) մաշկի վրա։ Ընթացքը խրոնիկական է՝ տարածվելու հակումով։ Ակտինոմիկոզի ախտորոշումը հիմնված է անհարթ ինֆիլտրատի արտակարգ ամրության և խուղակային անցքերի առկայության վրա։ Վերջնական ախտորոշումը հաստատվում է թարախային արտադրուկի մեջ հարուցիչների (սնկի դրուզի) հայտնաբերումով, սնկի կուլտուրայի ստացումով, ինչպես նաև ակտիոնոլիզատով կատարվող մաշկաալերիկ վարձի հիման վրա։

Բուժումը։ Նշանակվում են իմունոպրեպարատներ (ակտինոլիզատ, ակտինոմիցետային բազմավալենտ վակցինա), հակաբիոտիկներ (պենիցիլին, ստրեպտոմիցին, տետրացիկլին, էրիտրոմիցին) կամ սուլֆանիլամիդներ, արյան փոխներարկում։ Օ. Բ Մինսկերը խորհուրդ է տալիս ախտահարման օջախի վիրաբուժական հեռացում առողջ հյուսվածք֊ ների սահմաններում։

Խրոմոմիկոզ (chromomicosis): Եվրոպական խրոմոմիկոզի հարու֊ ցիչը Hormodendron սունկն է։ Հետազոտման ժամանակ սունկը ախտաբանական նյութի մեջ երևում է գնդաձև մարմնիկների տեսքով, որոնք հիշեցնում են խմորասնկերի բջիջներին շագանակագույն, կրկնակի թա֊ ղանթով, և բարակ սնկաթելերի ձևով։ Սննդային միջավայրի վրա կատարած ցանքսի դեպքում աճում են սնկի գաղութներ՝ մոխրաղեղնավուն զանգվածներով ծածկված աղվամազով։ Ախտահարումը գրեթե բացառապես տեղակայվում է ստորին վերջույթների մաշկի վրա (սրունքներ, ազդրեր, հետույք) և արտահայտվում է խիստ սահմանափակ վահանիկների առաջացումով՝ կլոր, ձվաձև կամ բազմանիստ գծագրությամբ։ Նրանց մակերեսի վրա զարգանում են մանր պտկիկային գերաճումներ՝ մոխրա֊սպիտակ կամ կարմիր գույնի, ծածկված փուխր կեղևով։ Վահանիկի միայն ծայրային մասն է ազատ այդպիսի գերաճումներից և ունի հարթ մակերեսով մանուշակակարմիր երիզի տեսք։ Կեղևների հեռացումից հետո պտկիկային գերաճումների շրջանում հայտնաբերվում են ճեղքանման խոցեր՝ շճաթարախային էքսուդատի արտադրությամբ։

Ուշադրություն է գրավում ինֆիլտրատների զգալի ամրությունը։ Առանձին դեպքերում այդ ամրությունը տարածվում է մաշկի վրա երևացող փոփոխությունների սահմաններից դուրս։ Օջախների մեծությունը լինում է մի քանի սմ տրամագծից մինչ չափահաս մարդու ափի չափերը և ավելի։ Վերջին դեպքում խոսքը մի քանի օջախների միաձուլման մասին է, որի վկայությունն է նրանց բազմանիստ գծագրությունը։ Բացի պտկիկային-խոցային ձևից, լինում է խրոմոմիկոզի թմբիկային ձևը, որը բնորոշվում է ամուր, ոսպի մեծության, գորշակարմիր, կլոր թմբիկների ցանավորումով։ Աստիճանաբար մեծանալով, նրանք միաձուլվում են և գոյացնում զանազան մեծության ամուր վահանիկներ, որոնց մակերեսը ծածկված է ոչ մեծ քանակի թեփերով և մանր, արյունային կեղևներով։ Առանձին հիվանդների մոտ կարելի է դիտել խրոմոմիկոզի երկու ձևերը միաժամանակ։ Հիվանդությունը տևում է տարիներ ու տասնյակ տարիներ, առանց ինքնաբուժման հակումի։ Ենթադրվում է լիմֆոգեն ու հեմատոգեն տարածման հնարավորությունը։

Ախտորոշումը։ Մաշկի գորտնուկային տուբերկուլոզից խրոմոմիկոզի պտկիկային-խոցային ձևը տարբերվում է գերեղջերացման բացակայությամբ և ինֆիլտրատի ամրությամբ։ Խրոմոմիկոզի թմբիկային ձևը տարբերվում է գայլախտից ինֆիլտրատի ամրությամբ և կենտրոնում հետզարգացման հակման բացակայությամբ։

Կլինիկական ախտորոշումը՝ հաստատում է մանրադիտակային հետազոտության արդյունքը (հարուցիչի առկայությունը)։ Վերջինս հայտնաբերվում է կեղևներում, թեփերում, ճեղքանման խոցերի ու պտկիկանման գերաճումների մակերեսի քերուկի մեջ, ինչպես նաև հյուսվածաբանական հետազոտման ժամանակ։

Համաճարակաբանություն։ Խրոմոմիկոզը զարգանում է վնասվածքի (ամենից առաջ փտած ծառի ճյուղերով կամ ժանգոտված մետաղով հասցված) ֆոնի վրա։ Դա ստիպում է ենթադրել, որ սունկը արտաքին աշխարհում ապրում է որպես սապրոֆիտ և միայն հայտնի պայմաններում ընկնելով մարդու մաշկի մեջ, ձեռք է բերում ախտածին հատկություններ։ Հիվանդության փոխանցումը մարդուց մարդուն չի հաստատվել:

Բուժումը։ Ոչ մեծ օջախների առկայության դեպքում ցուցված է վիրաբուժական կտրվածք կամ դիաթերմոկոագուլյացիա։ Զգալի մեծությամբ օջախների դեպքում խորհուրդ է տրվում քերում սուր գդալով։ Ցուցված է նաև երկարատև բուժում D2 վիտամինով (150 000—200 000 միավոր, օրվա դոզայով), բուժում հակաբիոտիկ ամֆոտերիցին B-ով՝ ներօջախային ինֆիլտրացիայի մեթոդով։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին