Սովորաբար հայտնաբերում են հասուն տարիքում: Որոշ հիվանդներ ապրում են մինչև խոր ծերություն: Միջնախասրտային միջնապատի արատի ժամանակ արյունը ձախ նախասրտից մտնում է ոչ միայն ձախ փորոք, այլև աջ նախասիրտ, որտեղ ճնշումը ցածր է: Սրտի աջ խոռոչները արյունով գերլցվելու արդյունքում զարգանում է աջ նախասրտի և փորոքի գերաճ: Սրտի աջ խոռոչներում ճնշման բարձրացման հաշվին շունտավորվող արյան քանակն աստիճանաբար նվազում է: Միջնախասրտային միջնապատի արատը կարող է հանգեցնել եռփեղկ փականի անբավարարության և արյան մեծ շրջանառությունում երակային կանգի: Հնարավոր է նաև սրտի ձախ խոռոչների անբավարարության զարգացում՝ արյան փոքր շրջանառությունում կանգով՝ ինչպես ուղեկցող հիվանդությունների, այնպես էլ բուն արատի արդյունքում:

Միջնախասրտային միջնապատի արատով հիվանդների մեծ մասի մոտ առաջին ախտանշաններն առաջանում են կյանքի երրորդ-չորրորդ տասնամյակներում. 60 տարեկանում դրանք ունենում են փաստորեն բոլոր հիվանդները: Առաջանում է հևոց լարումների ժամանակ, հոգնածություն, ապա՝ աջփորոքային անբավարարության նշաններ. հաճախ զարգանում են թոքային զարկերակի էմբոլիաներ կամ նրա ճյուղերի թրոմբոզ: Հնարավոր են բրոնխաթոքային ինֆեկցիայի հաճախակի սրացումներ, կրծոսկրի հետևում ցավեր՝ ստենոկարդիայի նման: Թոքային հիպերտոնիայով հիվանդների մոտ նկատվում է ցիանոզ, մատների փոփոխություն՝ թմբկափայտիկների տեսքով:

II-III միջկողային տարածությունում՝ կրծոսկրից դեպի ձախ լսվում է չափավոր բարձրության սիստոլիկ աղմուկ: Ի տարբերություն թոքային զարկերակի ստենոզի՝ այն բարձր չի լինում և առաջանում է առավել հաճախ թոքային զարկերակի օղակով արյան հոսքի մեծացման հետևանքով: Թոքային զարկերակի վրա II տոնը ճեղքված է: Երբեմն լսվում է դիաստոլիկ աղմուկ, որն առաջանում է եռփեղկ փականի ելանցքով արյան հոսքի ուժեղացման արդյունքում: Թոքային հիպերտոնիայի առկայության դեպքում կարելի է հայտնաբերել IV տոն, որն առաջանում է աջ փորոքում, ինչպես նաև թոքային զարկերակի փականով արյան հետադարձ հոսքի աղմուկներ: ԷՍԳ-ի վրա դիտվում է աջ նախասրտի և փորոքի գերաճի նշաններ, երբեմն P-Q հատվածի երկարում: Հիվանդության կարևոր արտահայտությունը, անկախ թոքային հիպերտոնիայից, կարող է լինել նախասրտերի շողացումը կամ նոպայական//պարոքսիզմալ նախասրտային տախիկարդիան: Ռենտգենագրության ժամանակ հայտնաբերում են թոքերում պերիֆերիկ անոթային հունի գերլցնում (թոքային հիպերտոնիայի հարաճման և ձախից աջ արյան շունտավորման պակասեցման համեմատ այդ ախտանշանի արտահայտվածությունը նվազում է):

Ավելի ուշ բացահայտում են լայնացած խոշոր թոքային զարկերակացողուններ՝ թոքադաշտերի պերիֆերիկ հատվածների բարձրացած թափանցիկությամբ: Ախտորոշման մեջ վճռորոշ նշանակություն ունեն սրտի կաթետերացման արդյունքները, մասնավորապես՝ աջ նախասրտի խոռոչում թթվածնով արյան հագեցվածության բարձրացումը: Միջնախասրտային միջնապատի արատը հնարավոր է բացահայտել էխոսրտագրության ժամանակ: էական տեղեկատվություն է տալիս դոպլերսրտագրությունը, որը հնարավորություն է տալիս հայտնաբերել ձախ նախասրտից աջ նախասիրտ արյան արտահոսքը: Լրացուցիչ բացահայտում են եռփեղկ փականի ելանցքով ռեգուրգիտացիա: Միջնապատի զգալի արատի ժամանակ ցուցված է արատի վիրահատական փակում՝ թոքային հիպերտոնիայի կանխման նպատակով: Վիրահատության անմիջական և հեռավոր արդյունքները լավ են:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին