Սրտի ամենատարածված բնածին շեղումներից է։


Նորմալ սրտում երկու նախասրտերը և փորոքները միմյանցից լրիվ բաժանված են խտրոցով։ Խտրոցների կազմավորման փուլում, զանազան պատճառներով, կարող են այս կամ այն տեղում մնալ արատներ։ Միջնախասրտային խտրոցի արատը պետք է տարբերել բաց մնացած ձվաձև անցքից (foramen ovale)։ Ձվաձև անցքը մեծ դեր ունի ներարգանդային արյան շրջանառության ժամանակ, բայց ծնվելուց անմիջապես hետո, առաջին իսկ շնչառումից՝ դադարում է գործել։ Այդ անցքը ծածկող փականը լրիվ ձևավորվում է երեխայի կյանքի առաջին երկու տարիների ընթացքում, բայց որոշ դեպքերում լրիվ չի փակվում և ձվաձև անցքը մնում է բաց։ Ձվաձև անցքի արատը ոչ միշտ է առաջացնում արյան շրջանառության խանգարում։

 
Մեծ կլինիկական դեր ունի միջնախասրտային խտրոցի դեֆեկտը, որը կարող է տեղակայվել խտրոցի ցանկացած մասում և լինել տարբեր չափերի։

 
Արյան շրջանառության խանգարումը այս արատի ժամանակ արտահայտվում է նրանով, որ տեղի է ունենում երկու նախասրտերի արյան խառնում. արյունը ձախ նախասրտից անցնում է աջ։ Հեմոդինամիկայի խանգարման արտահայտվածությունը կախված է վերոհիշյալ արատի չափերից, տեղադրությունից, սրտամկանի վիճակից և այլ պատճառներից։

 
Ձախ նախասրտից դեպի աջ նախասիրտն ընթացող արյան հոսքի պատճառով արյան փոքր շրջանառության մեջ միշտ չափից ավելի արյուն է լինում, որի հետևանքով աջ փորոքում և թոքային զարկերակում ճնշումը բարձրանում է, իսկ աորտայում՝ իջնում։ Արյան մեծ շրջանառության մեջ արյան քանակի փոփոխությունները անդրադառնում են երեխայի ընդհանուր ֆիզիկական զարգացման վրա։

 
Ծնվելիս երեխան լինում է նորմալ զարգացման։ Ետծննդյան առաջին օրերին արյան ճնշումը աջ նախասրտում կարող է ավելի բարձր լինել, քան ձախում, որի հետևանքով արյունը աջ նախասրտից կարող է անցնել դեպի ձախը, ուստի և երեխաների մի մասի մոտ ծնվելուց անմիջապես հետո և առաջին ժամերին լինում է թույլ արտահայտված և շուտ վերացող կապտուկ։


Նշված արատով տառապող երեխաները հաճախ են հիվանդանում թոքաբորբով, շատ են հազում, վատ են աճում, գունատ են, նիհար, շուտ են հոգնում։ Այդպիսի երեխաները սովորաբար հաճախում են դպրոց և մտավոր թերզարգացման երևույթներ չեն ունենում։ Սուբյեկտիվ գանգատները լինում են ոչ արտահայտված։ Հիվանդների հիմնական գանգատը հևոցն է։

 
Սրտի աջ և ձախ սահմանները մեծացած են։ Ականջելիս՝ II և III միջկողային տարածության մեջ, կրծոսկրի ձախ եզրին լսվում է կոպիտ բնույթի սիստոլային աղմուկ։

 
Որոշ հիվանդների մոտ կարող է լսվել նաև թույլ արտահայտված դիաստոլային աղմուկ` թոքային զարկերակի փականների հարաբերական անբավարարության հետևանքով։ II տոնը թոքային զարկերակի վրա լինում է շեշտված և ճեղքված։

 
ԷՍԳ-ի վրա հաճախ հայտնաբերվում են աջ փորոքի հիպերտրոֆիայի երևույթներ՝ II և III արտածումներում P ատամիկի ապաձևում, PQ ինտերվալի երկարացում։ Նկատվում է նաև Հիսի խրձի աջ ոտիկի բլոկադա։

 
Ռենտգենյան հետազոտությամբ դիտվում է սրտի աջ սահմանի լայնացում, թոքային զարկերակի արտահայտված պուլսացիա։ Թոքարմատները ինտենսիվ են արտահայտված, թոքային դաշտերում նկատվում են կանգային երևույթներ։

 
Միջնախասրտային խտրոցի արատի կասկածի դեպքում վերջնական ախտորոշումը հաստատվում է զոնդով կատարվող հետազոտությամբ, որն անցնում է աջ նախասրտից դեպի ձախը։

 
Այս արատի դեպքում կանխագուշակումը կախված է արատի չափերից։ Փոքր անցքի դեպքում կանխագուշակումը բարենպաստ է։ Մեծ արատների դեպքում երեխաները կարող են վաղ մանկական տարիքում մահանալ թոքաբորբից, իսկ ավելի բարձր տարիքում՝ աջ փորոքային անբավարարությունից։

 
Հիվանդության ելքը պայմանավորված է նաև էնդոկարդիտներով, որոնք ի հայտ են գալիս ավելի մեծ տարիքում։

 
Կլինիկական մանկաբուժություն
Վ.Ա. Աստվածատրյան