Մենինգիտը (ուղեղապատյանաբորբ) գլխուղեղի եւ ողնուղեղի թաղանթների բորբոքումն է: Այս հիվանդությամբ հնարավոր է հիվանդանալ ցանկացած տարիքում: Հիվանդանալու հավանականությունը կախված է ոչ թե մարդու տարիքից, այլ նրա առողջական վիճակից: Օրինակ` այս վտանգն ամենաառաջինը սպառնում է թերհաս երեխաներին: Այս հիվանդության ժամանակ գլխուղեղի բջիջները չեն ախտահարվում: Այս դեպքում բորբոքային պրոցեսները զարգանում են արտաքինից: Բուժվելուց հետո մարդը մնում է այնպիսին, ինչպիսին եղել է մինչեւ հիվանդանալը` ոչ մի օրգան կամ օրգան-համակարգ չեն տուժում:

Պատճառներ
Մենինգիտի հարուցիչներ են հանդիսանում վիրուսները, բակտերիաներն ու սնկերը: Հիվանդանալու ռիսկային խմբի մեջ են մտնում նաեւ մարդիկ, ովքեր կենտրոնական նյարդային համակարգի հետ կապված տարբեր արատներ կամ մեջքի ու գլխի վնասվածքներ ունեն: Իսկ ընդհանրապես կան շատ գործոններ, որոնք կարող են նպաստել հիվանդության զարգացմանը: Հիմնականում վարակվում են հիվանդներից կամ բակտերիակիրներից` խոսելիս, հազալիս, փռշտալիս, ինչպես նաև համբուրվելիս: Առավել հաճախ վարակվում են վերին շնչուղիների լորձենաբորբով (կատառ) հիվանդ անձինք: Մենինգիտը կարող է լինել նաև միջին ականջի, քթի հավելյալ ծոցերի, ինչպես նաև որոշ վարակիչ հիվանդությունների բարդություն:

Պաթոգենեզ
Հիվանդությունն սկսվում է ընդհանուր վիճակի կտրուկ վատացմամբ, դողով, ջերմաստիճանի բարձրացմամբ: Հիվանդը, սնունդ ընդունելուց անկախ, հաճախակի փսխում է: Մեծ տարիքի երեխաները գանգատվում են գլխացավից, ավելի փոքրերը ցավից ճչում են, դառնում անհանգիստ և գիտակցությունը մթագնում է: Հիվանդներին նյարդայնացնում է ուժեղ լույսը, բարձր ձայնը, աղմուկը և այլն: Պարանոցի, մեջքի և որովայնի մկանները խիստ լարված են, և հիվանդը չի կարողանում գլուխը խոնարհել: Մաշկը գունատ է, շրթունքները` կապտած, իսկ շնչառությունը` հաճախացած: Երեխաները հրաժարվում են սննդից, բայց խմում են հաճախ և մեծ քանակությամբ:
Հիվանդությունը ոչ միշտ է սկսվում և ընթանում այդպես բուռն: Երկրորդային մենենգիտի ժամանակ հիվանդի ընդհանուր վիճակն աստիճանաբար է վատանում: Վարակիչ հիվանդություններով բարդանալիս միայն ընդհանուր վիճակն է վատանում, և եթե հիվանդն անհրաժեշտ բուժում չի ստանում, ի հայտ են գալիս նշված ախտանշանները:

Երբեմն հիվանդության ընթացքը ձգձգվում է և առաջանում են բարդություններ` գլխացավ, շլություն, խլություն, ջղաձգային նոպաներ, ինչպեց նաև գլխուղեղի ջրակալում:
Հիվանդությունից հետո 2-3 ամսվա ընթացքում ընդհանուր թուլությունը, արագ հոգնելիությունը և աշխատունակության անկումը կարող են շարունակվել: Այդ ընթացքում երեխաները դժվարանում են դասերը սովորել և չեն կարողանում մասնակցել աղմկոտ խաղերի: Ծանր վարակիչ հիվանդությունների ժամանակ թունավորման հետևանքով թուլացած երեխաներն ունենում են մենինգիտի նման երևույթներ` ուղեղապատյանների գրգռման ախտանշաններ (մենինգիզմ), սակայն դա մենինգիտ չէ և ուղեղողնուղեղային հեղուկի կազմի փոփոխություններ չեն հայտնաբերվում: Հիվանդ նորածինները դժվար են բռնում կուրծքը, հաճախակի փսխում են և նրանց ջերմաստիճանը բարձրանում է: Մեծ մասամբ առաջանում են նաև ցնցումներ:

Բուժում
Մենինգիտը պետք չէ փորձել բուժել տնային պայմաններում:Հիվանդին անհրաժեշտ է անհապաղ հոսպիտալացնել: Հիվանդանոցում անպայման հետազոտում են ուղեղողնուղեղային հեղուկը: Հետազոտման նպատակով կատարում են գոտկային ընդծակում (պունկցիա): Բուժում են հակաբիոտիկներով ու հակավիրուսային պրեպարատներով: Ծանր դեպքերի ժամանակ հնարավոր են վերակենդանացման պրոցեդուրաներ: Ժամանակին բժշկի դիմելու դեպքում հիվանդությունը բուժվում է անհետեւանք:

Կանխարգելում
Մենինգիտի տարածումը կանխելու նպատակով հիվանդներին հարկավոր է անհապաղ հոսպիտալացնել, իսկ բակտերիակիրներին հարկավոր է մեկուսացնել: Քանի դեռ վարակակրությունը չի վերացել, երեխաներին արգելվում է հաճախել մանկապարտեղ կամ դպրոց: Երկրորդային մենենգիտի կանխարգելման համար քրոնիկական ականջաբորբով, քթի հավելյալ ծոցերի բորբոքումով, ինչպես նաև տուբերկուլոզով հիվանդները պետք է բուժվեն մինչև լրիվ առողջանալը: Մեծ նշանակություն ունի նաև օրգանիզմի կոփումը, քանզի մենինգիտի առաջացմանը նպաստում է նաև վերին շնչուղիների լորձենաբորբը:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին