Նորածնային շրջանի արյունահոսական հիվանդության ամենատիպիկ արտահայտություններից է։ Այն բնորոշվում է նորածինների կղանքում, իսկ ավելի ծանր դեպքերում նաև փսխման զանգվածում արյան սև մակարդուկների առկայությամբ։ Կլինիկորեն մելենան արտահայտվում է հետևյալ կերպ: Միանգամայն առողջ նորածինների կյանքի 2-4-րդ օրերին կղանքում և փսխման զանգվածում հայտնվում է արյուն։ Թեթև դեպքերում արյունահոսությունը միանվագ է կամ տևում է 1-3 օր։ Արյան կորուստը չի հասնում մեծ չափերի, սակավարյունության երևույթներն աննշան են, թրոմբոցիտների քանակը և արյան մակարդելիությունը գտնվում են նորմայի սահմաններում։

Ծանր ձևի ժամանակ արյունահոսությունը զգալի է։ Արյունը, գրեթե մշտապես, արտազատվում է հետանցքից, փսխումը համառ է և արյան մեծ քանակներ է պարունակում։ Երեխայի ընդհանուր վիճակը ծայրահեղ ծանր է։ Սակավարյունությունը հասնում է արտահայտված աստիճանի։ Թրոմբոցիտների քանակը նվազած է, բարձրացած է արյան մակարդելիությունը, իջած է 7-րդ գործոնի և արյան պլազմայի պրոթրոմբինի մակարդակը։ Արյունահոսության տևողությունը մեծացած է կամ գտնվում է նորմայի սահմաններում։ Մելենայի ավելի ուշ առաջացումը (երեխայի կյանքի 2-3-րդ շաբաթներում) կարող է պայմանավորվել այլ պատճառներով՝ սեպսիս, ծանր դեղնուկ, հեմոֆիլիա, բնածին սիֆիլիս և այլն։ Անհրաժեշտ է նկատի ունենալ նաև կեղծ մելենայի հնարավորությունը, որի դեպքում կրծքով կերակրող մոր պտուկների ճեղքվածքների արյունը կարող է հայտնվել նորածնի ստամոքս-աղիքային տրակտում։ Տարբերակիչ ախտորոշման ժամանակ պետք է հաշվի առնվեն տարբեր բնույթի արյունահոսական համախտանիշները, որոնց մասին արդեն նշվեց։

Բուժումը։ կերակրում են կրծքի կաթով։ Ներքին ընդունման համար նշանակվում է վիկասոլ, B խմբի վիտամիններ, ասկորբինաթթու, ռուտին, կալցիումի քլորիդի կամ կալցիումի գլյուկոնատի 10%-անոց լուծույթ՝ թեյի գդալով։ Ծանր դեպքերում կատարվում Է ռեզուս-գործոնով համատեղելի միևնույն խմբի թարմ արյան փոխներարկում։

 


 

Սկզբնաղբյուրը՝ Կլինիկական մանկաբուժություն

Վ.Ա. Աստվածատրյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին