Մազագլխի հարուցիչը Trichosephalus trichiurus գեոհելմինթն է, էգի մեծությունը՝ 3,5-5,5, արուինը՝ 3-4 սմ։ Գլխամասը թելանման է, որով մակաբույծը շուլալվում է հաստ աղիքի և կույր աղիքի լորձաթաղանթին ու սնվում է դրանց հյութերով, հատկապես՝ արյունով (հեմատոֆագիա)։ Այս մակաբույծով հիվանդանում են միայն մարդիկ։ Արտաքին միջավայրում որոշակի կլիմայական պայմանների առկայության դեպքում ձվերը վերածվում են թրթուրների։ 30°-ի դեպքում, երբ հողում առկա է բարձր խոնավությունը, մեկ ամսվա ընթացքում ձուն դառնում է շարժուն թրթուր (ինվազիոն ձու)։

Վարակի աղբյուրը

Մազագլխով վարակված մարդիկ են միայն։ Վարակը կատարվում է այն ժամանակ, երբ մարդն օգտագործում է մազագլխի ձվերով (իհարկե ինվազիոն) վարակված սննդամթերքն ու ջուրը։ Ինվազիոն ձուն, ընկնելով ստամոքս, թթվի ազդեցության շնորհիվ կորցնում է թաղանթը և դուրս է գալիս թրթուրը, որն անցնում է բարակ, ապա հաստ աղիքները և հասունանում է։ Ձուն կուլ տալուց մինչև հասուն դառնալը տևում է 30-35 օր։
Մազագլխի ներդրման մեխանիկական ու թունավոր ազդակների հետևանքով աղիքի լորձաթաղանթում առաջանում են արյունազեղումներ, նեկրոբիոտիկ փոփոխություններ, ինֆիլտրացիա, երբեմն էլ գրանուլոմա։ Այս հանգամանքը բարենպաստ հող է ստեղծում ախտածին բակտերիաների համար աղիքներից այլ օրգաններ թափանցելու և զանազան ախտաբանական երևույթներ առաջացնելու առումով։

Մի քանի գիտնականներ այն կարծիքն են հայտնել, որ տրիխոցեֆալիոզի ժամանակ միանգամայն բարենպաստ պայմաններ են ստեղծվում որովայնային տիֆի, խոլերայի, դիզենտերիայի ինֆեկցիաների զարգացման համար։
Տրիխոցեֆալիոզով հիվանդների 20%-ի մոտ ի հայտ են գալիս սակավարյունության երևույթներ (հիպոխրոմ անեմիա)։
Հիվանդների ախտորոշումը կատարվում է կղանքի հելմինթոլոգիական քննության (Ֆյուլեբոռնի, Քալանթարյանի) մեթոդով։
Բուժման համար օգտագործվում են մի շարք դեղամիջոցներ՝ դիֆեզիլ, մեբենդազոլ, վերմոքս, նաֆթամոն, թթվածին և այլն։

Ինչպես ասկարիդոզի, այնպես էլ մազագլխի ժամանակ վարակվածներին հայտնաբերելու համար կատարվում է մանկական կոլեկտիվների զանգվածային հելմինթոլոգիական քննություն ու հայտնաբերված վարակակիրները ենթարկում են դեհելմինթիզացիայի։ Նախալեռնային և լեռնային գոտու ազգաբնակչության մեջ այս հելմինթոզով վարակվածությունը գրեթե չի զիջում ասկարիդոզայինին։

Փոխանցման մեխանիզմը

Այս հելմինթի ձվերը կարող են երկար ժամանակ (մինչև 3 տարի) դիմանալ և պահպանել իրենց կենսունակությունը արտաքին միջավայրում։ Հողում հասունացած ձվիկները փոշու, կեղտոտ ձեռքերի, ճանճերի միջոցով ընկնում են սննդամթերքի վրա, որտեղ, շնորհիվ իրենց բարձր դիմացկունության, կարող են մնալ երկար ժամանակ (եթե, իհարկե, դրանք ջերմային մշակման չեն ենթարկվում) և այնտեղից անցնել մարդկանց։ Մազագլխի ձվերը բավականին դիմացկուն են նաև ախտահանիչ նյութերի նկատմամբ։

Պայքարը և կանխարգելումը

Կատարվում է ճիշտ այնպես, ինչպես ասկարիդոզի ժամանակ (բնակավայրերի բարեկարգում, փոխանցման մեխանիզմի գործոնների անվտանգության միջոցառումներ, անհատական հիգիենա, զանգվածային ճիճվաթափություն և այլն)։