Կաթնագեղձի բորբոքումը սովորաբար առաջանում է պտուկի ճաքերի առկայության ժամանակ, որպես կանոն կերակրող կանանց կաթնագեղձում: Կաթնագեղձի թարախային բորբոքման ժամանակ երեխային կրծքով կերակրելը հակացուցված է` երեխայի օրգանիզմ վարակի ներթափանցումը կանխելու նպատակով: Այդ ժամանակ նույնիսկ առողջ կրծքով կերակրելիս երեխայի վիճակը վատանում է, և հիվանդության ռիսկը` մեծանում: Երեխային կրծքով կերակրելը վերսկսում են (եթե կաթնարտադրությունը պահպանված է) բժշկի խորհրդով:

Պատճառներ
Հայտնի է, որ կաթնագեղձի բորբոքման հարուցիչները թարախածին մանրէներն են: Ոչ միայն պտկի ճաքերը, այլև կաթնագեղձի մաշկի նույնիսկ չնչին վնասվածքները (քերծվածք, ճանկռվածք) կարող են ծառայել որպես վարակի <<մուտքի դռներ>>: Մաշկի վնասվածքների միջով հարուցիչները թափանցում են կաթնագեղձի ավշային անոթներ, այնտեղից` շարակցական հյուսվածք և առաջացնում բորբոքում: Մանրէները կաթնագեղձի հյուսվածքներ կարող են թափանցել նաև արյունատար անոթներով` քրոնիկական բորբոքային օջախներից (ատամների ոսկրափուտ, նշագեղձերի բորբոքում և այլն), ուստի անհրաժեշտջ է հղիության հենց սկզբին բուժել այդ հիվանդությունները:

Պաթոգենեզ
Բնորոշվում է կաթնագեղձում հանկարծակի առաջացող ճնշող ցավերով, ուռածությամբ. այն կոշտանում է, պրկվում, դառնում խիստ ցավոտ, մաշկը կարմրում է, փայլում: Հիվանդը ջերմում է, երբեմն այն ուղեկցվում է ուժեղ դողով: Նման դեպքերում հիվանդը պետք է անհապաղ դիմի բժշկի:

Բուժում
Ժամանակին սկսված բուժման դեպքում սովորաբար մի քանի օրից հիվանդն առողջանում է: Ինքնաբուժումը <<փորձով իմաստնացած>> ծանոթների խորհուրդներին հետևելը վտանգավոր են: Այդ վիճակում օգտագործված միջոցները չեն վերացնում բորբոքային գործընթացի պատճառները. և այն շարունակում է խորանալ: Կոշտացած մասն սկսում է փափկել, որը վկայում է թարախակույտի առաջացման մասին: Նման դեպքում, վտանգավոր բարդություններից խուսափելու համար, անհրաժեշտ է անպայման վիրահատություն:

Կանխարգելում
Կաթնագեղձի բորբոքումը կարելի է կանխել` ժամանակին դիմելով բժշկի: Դրա առաջին ազդանշանը պտկի ճաքերի առկայությունն է և ջերմաստիճանի բարձրացումը: Կանխարգելմանը նպաստում են երեխային կրծքով ճիշտ կերակրելը և այդ ժամանակ անհրաժեշտ հիգիենային կանոնները պահպանելը:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին