Մասնագիտական հիվանդությունների թվին պատկանում են այն հիվանդությունները, որոնք առաջանում են մարդու աշխատանքային գործունեության արդյունքում` աշխատանքի անբարենպաստ պայմանների ասդեցության հետևանքով:

Պատճառներ
Մասնագիտական հիվանդությունների առաջացման պատճառներն ու մեխանիզմներն ուսումնասիրող բժշկագիտության բաժինը կոչվում է մասնագիտական ախտաբանություն: 

Մասնագիտական հիվանդությունները կարող են առաջանալ հետևյալ գործոնների ազդեցության հետևանքով`
- քիմիական արտադրական գործոնների,
- արդյունաբերական փոշու,
- ֆիզիկական գործոնների,
- կենսաբանական գործոնների,
- գերլարվածության:


Պաթոգենեզ
Մթնոլորտային բարձր ճնշման պայմաններում աշխատելիս, եթե անցումը բնական վիճակի կատարվում է ոչ աստիճանաբար, ապա առաջանում է կեսոնային հիվանդություն:
Մշտական արտադրական աղմուկը հաճախ առաջացնում է ծանրալուրություն:
Քվարց պարունակող փոշու երկարատև շնչումը հանգեցնում է թոքերի փոշեգարության կամ թոքերի այլ հիվանդությունների:
Ռադիոակտիվ նյութերի հետ շփվելու և իոնացնող ճառագայթման ազդեցության հետևանքով երբեմն առաջանում է ճառագայթային հիվանդություն:
Որոշ մաշկային հիվանդություններ, ինչպես օրինակ էկզեման, առաջանում են գրգռող նյութերի ազդեցության հետևանքով:
Ֆիզիկական գերլարում պահանջող աշխատանքները հաճախ են առաջացնում ձեռքերի և ուսագոտու, հենաշարժական ապարատի, ինչպես նաև ծայրամասային նյարդերի ու մկանների հիվանդություններ:

Բուժում
Արտադրության տեխնոլոգիաների կատարելագործումը, աշխատանքի և հանգստի ճիշտ կազմակերպումը, վիտամիններով հարուստ սննդի ընդունումը, ինչպես նաև արտադրության առանձնահատկություններին համապատասխան տեղադրում ու այլ նմանատիպ միջոցառումները էապես կնվազեցնեն մասնագիտական հիվանդությունների մակարդակը:

Կանխարգելում
Մասնագիտական հիվանդությունների կանխարգելումը մեծապես կախված է վնասակար պայմաններում աշխատողների անհատական կանխարգելման միջոցանումների պահպանումից, ինչպես նաև աշխատանքի անվտանգության տեխնիկայի կանոնների կատարման հսկողությունից:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին