Մաշկի մելանոման (չարորակ մելանոմա, մելանոբլաստոմա, մելանոկարցինոմա, նևոկարցինոմա, մելանոլինգոմա) հանդիսանում է առավել չարորակ նորագոյացություններից մեկը, որը հիմնականում առաջանում է մելանոցիտներից` պիգմենտային բջիջներից, որոնք արտադրում են մելանին սպեցիֆիկ պոլիպեպտիդը: Միաժամանակ անհրաժեշտ է նշել, որ հազվադեպ, բայց հանդիպում է նաև մելանոմայի ոչ պիգմենտային տարատեսակը: Մելանոման կարող է հանդիպել բոլոր օրգաններում և հյուսվածքներում, բայց այն առավելապես (87% դեպքերում) ախտահարում է մաշկը: Այն իր ուրույն տեղն է զբաղեցնում մաշկային նորագոյացությունների շարքում: Մասնավորապես, կազմելով մաշկի չարորակ նորագոյացությունների ընդամենը 10%-ը այն հանդիսանում է նույն այդ գոյացություններով պայմանավորված մահացության 80%-ի պատճառը:

Մաշկի մելանոմային բնորոշ է նաև հիվանդացության ցուցանիշների բավականին արագ աճ: Մասնավորապես, վերջին 30-40 տարիների ընթացքում նկատված միտումները վկայում են այն մասին, որ մաշկի մելանոմայով հիվանդացությունը միջինում կրկնապատկվում է յուրաքանչյուր 15 տարին մեկ: Հիվանդացության ամենաբարձր ցուցանիշները գրանցվում են Ավստրալիայի և Նոր Զելանդիայի սպիտակամորթ բնակչության շրջանում:
Մեր երկրում հիվանդացությունը վերջին տարիներին տատանվում է տարեկան 40-50 նոր դեպքերի սահմաններում:

Մահացությունն այս պաթոլոգիայից կազմում է 20-35 դեպք յուրաքանչյուր տարի: Ներկայումս հիվանդացության կտրուկ աճի հիմնական պատճառներից է համարվում զանազան պատճառներով առաջ եկած ուլտրամանուշակագույն ճառագայթման ազդեցության ավելացումը մաշկի վրա, որը գենետիկորեն պատրաստ չէ վերջինիս:
Այս ազդեցությունը բերում է ոչ միայն կերատինոցիտների և մելանոցիտների վնասման, այլև նպաստում է սպեցիֆիկ իմունոսուպրեսիայի առաջացմանը, որն էլ իր հերթին կարող է պատճառ հանդիսանալ մի շարք ուռուցքային նորագոյացությունների, այդ թվում նաև, մելանոմայի համար: Այլ պատճառների թվում նշվում է նաև մաշկի I և II ֆոտոտիպը (արևայրուքների հանդեպ հակումը, մաշկի և մազերի բաց գույնը, երկնագույն աչքերը և այլն), մեծ քանակությամբ բարորակ մելանոցիտար նևուսների առկայությունը, կյանքի ընթացքում երեք և ավելի անգամ ծանր արևայրուքների առակյությունը, ինչպես նաև ժառանգական գործոնը: Առանձնահատուկ դեր է հատկացվում նևուսների քիմիական, մեխանիկական կամ թերմիկ տրավմատիզացիային, ինչպես նաև ոչ արմատական կոսմետիկ միջամտություններին: Հատուկ ուշադրության են արժանի այսպես կոչված հսկա պիգմենտային նևուսները, քանի որ մելանոմաների առաջացման գրեթե 60-70% դեպքերին նախորդում է այդ նևուսների քրոնիկ կամ միանվագ տրավմատիզացիան: Միայն 30% դեպքերում է մաշկի մելանոման առաջանում այսպես կոչված չփոփոխված մաշկի վրա (melanoma cutis de novo):

Մաշկի մելանոմայի դասակարգումը կապված է երկու ամերիկացի գիտնականների` Clark և Breslow անունների հետ: 1967 թվականին Կլարկի կողմից առաջարկված դասակարգման հիմքում ընկավ մաշկի այս կամ այն շերտի ախտահարման սկզբունքը, իսկ 1970 թվականին Բրեսլոուի կողմից առաջարկված դասակարգման հիմքում արդեն ուռուցքի հաստությունն էր:
Այսօր այս երկու մեթոդներն էլ հավասարապես կիրառվում են, թեև գիտնականների մեծամասնությունը վերջին տարիներին հակված է կիրառել Բրեսլոուի կողմից առաջարկված սկզբունքները:
Լայնորեն կիրառվում է նաև կլինիկահյուսվածաբանական դասակարգումը, ըստ որի տարբերակում ենք մաշկի մելանոմայի 4 հիմնական տեսակները`
1) մակերեսային տարածվող
2) հանգուցավոր
3) չարորակ լենտիգոյիտիպի
4) ակրալ-լենտիգինոզային տիպի:

Մելանոմայի ախտորոշումը բավականին բարդ է, և չնայած նրան, որ այն պատկանում է այսպես կոչված վիզուալ ուռուցքների թվին, ոչ ճիշտ ախտորոշումները մնում են բավականին բարձր ցուցանիշների վրա: Վաղ հայտնաբերման և ախտորոշման համար լայնորեն կիրառվում են ամերիկայն և շոտլանդական մասնագետների կողմից առաջարկված ախտանշանային համակարգերը.

ABCD – համակարգ (առաջարկված է Այովայի համալսարանի կողմից)
А – (Asymmetry) Ասիմետրիա - գոյացության մի կողմը նման չէ մյուսին
B – (Boundary) Անհարթ եզր (թմբիկ)
C – (Color)   Գույնը –  սև կամ ավելի մուգ քան մյուս գոյացությունները: Հաճախ նաև կարմրավուն կամ կապտավուն ներառուկներով:
D – (Dimension) Տրամագիծ – ավելի քան 6 մմ.
E – Elevation_մաշկի մակերեսից բարձրացած

Այս կանոնի հայերեն տարբերակը կոչվում «ԳԵՏԱՓ»: Այն առաջարկվել է մաշկաբան Միքայել Համբարձումյանի կողմից: «Բացելով» յուրաքանչյուր տառ, կարելի է գնահատել խալի հետ կատարվող նորագոյության բնորոշ փոփոխությունները:

Գ – գույն

Սովորաբար խալն ունենում է հոմոգեն՝ միասեռ գունավորում, եւ եթե այդ գունավորումը սկսում է փոփոխել, այսինքն՝ խալի մեջ առաջանում են մուգ կամ բաց հատվածներ, ապա դա ահազանգերից մեկն է՝ դիմելու բժշկի:

Ե – եզրեր

Նորմալ խալն ունի հստակ եզրեր: Երբ դրանք դառնում են կտրտված, ոչ հստակ, ուրեմն՝ մի բան այն չէ:

Տ – տրամագիծ

Երբ խալը ինտենսիվ մեծանում է, այսինքն՝ գոյացության տրամագիծը 6մմ-ից մեծ է:

Ա – ասիմետրիա կամ անհամաչափություն

Երբ խալը մտովի կիսում ենք երկու մասի, եւ տեսնում, որ աջ եւ ձախ կողմերը նման չեն իրար, ասիմետրիկ են, դա եւս խոսում է ոչ այնքան լավ փոփոխության մասին:

Փ – փոփոխություն

Խալի ցանկացած կտրուկ փոփոխություն պետք է ընդունել որպես ահազանգ, որ դրա հետ ինչ-որ բան է կատարվում:


Գլազգոյի 7 կետանոց դասակարգումը.
1. Change in size Չափերի և ծավալի փոփոխություն
2. Change in shape Եզրագծերի փոփոխություն
3. Change in colour Գույնի փոփոխություն
4. Inflammation Բորբոքում
5. Crusting or bleeding Կեղևի առաջացում կամ արյունահոսություն
6. Sensory change Զգացողության փոփոխություն
7. Diameter Տրամագիծը ավելի քան 7 մմ
Չնայած այսօր գոյություն ունեցող բազմաթիվ ախտորոշիչ մեթոդների առկայությանը, հիմնական մեթոդ է շարութնակում մնալ մորֆոլոգիական քննությունը:

Բուժումը
Մաշկի մելանոմայի բուժման հիմնական մեթոդ է հանդիսանում գոյացության վիրաբուժական հեռացումը: Սակայն, եթե այս խնդրով զբաղվող բոլոր մասնագետները միակարծիք են ուռուցքի հեռացման խորության վերաբերյալ. այն է ընդգրկելով ստորադիր մկանային ֆասցիան, ապա չկա միասնական կարծիք առողջ հյուսվածքների սահմանների վերաբերյալ: Մասնավորապես, բազմաթիվ հետազոտությունների արդյունքներ վկայում են այն մասին, որ ուռուցքի սահմաններից անգամ 4-5 սմ հեռանալը չի նպաստում առավել լավ արդյունքների ստացմանը: Առավել ընդունված տարբերակ է համարվում ուռուցքի սահմաններից 2-3 սմ հեռանալը: Ռեգիոնար ավշային հանգույցների ախտահարման պարագայում ցուցված է միաժամանակյա լիմֆադենէկտոմիան, սակայն ախտահարված ավշային հանգույցների բացակայության պարագայում վիճահարույց է մնում պրոֆիլակտիկ լիմֆադենէկտոմիաների հարցը: Նույնպիսի վիճակում է նաև այսպես կոչված "պահակային ավշային հանգույցների" Sentinel Lymph Node բիոպսիայի խնդիրը:

Միայն վիրաբուժական միջամտությամբ ստացված արդյունքների ոչ բավարար մակարդակը ստիպում է մաշկի մելանոմայի բուժմամբ զբաղվող մասնագետներին նորանոր ուղիներ փնտրել արդյունքները բարելավելու համար: Եվ եթե դեռևս մի քանի տարի առաջ ադյուվանտ բուժման հիմնական մեթոդ էր համարվում քիմիաթերապիան, ապա վերջին տարիներին բավական ոգևորիչ արդյունքներ են գրանցվում ադյուվանտ իմունոթերապիա ստացած հիվանդների մոտ: Քիմիաթերապևտիկ հիմնական դեղամիջոց է շարունակում մնալ դակարբազինը, որն արդեն մի քանի տասնամյակ օգտագործվում է մելանոմայի բուժման նպատակով: Ավելի նոր սերնդի են դասվում նիտրուլինը, արանոզան, ֆոտեմուստինը և այլն: Ալֆա ինտերֆերոնի 18 ամիսների ընթացքում կիրառումը (5-20 մլն դոզավորմամբ) հանդիսանում է այսօր կիրառվող լավագույն տարբերակներից մեկը, որն ուղղված է պրոցեսի տարածման կանխարգելմանը: Տարածուն պրոցեսների ի հայտ գալուց հետո գոյություն ունեցող միջամտությունների բոլոր տեսակները գրեթե միատեսակ անարդյունավետ են:

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին