Հիվանդությունների այս խումբը գործնական մեծ նշանակություն ունի, քանի որ երեխաների մաշկի անատոմիաֆիզիոլոգիական և իմունակենսաբանական առանձնահատկությունների պատճառով ախտաբանական պրոցեսներն այստեղ արագ են զարգանում։ Ոչ ժամանակին և սխալ անցկացվող բուժումը կարող է նորածնի մոտ առաջացնել պրոցեսի տարածում, իսկ հաճախ նույնիսկ ծանր սեպտիկ վիճակ։
Նորածինների և վաղ մանկական տարիքի երեխաների մաշկի հիվանդությունները լինում են`
1. բակտերիալ
2. ոչ բակտերիալ ծագման։

Մաշկի բոլոր վարակային ախտահարումները միավորվում են պիոդերմիաներ (pyodermia) անվան տակ։ Պիոդերմիաների պատճառ կարող են լինել տարբեր մանրէները, ամենից հաճախ՝ ստաֆիլոկոկերը, աղիքային ցուպիկը և այլն։ Նորածնային շրջանում մաշկի վարակային ախտահարման ամենահաճախ պատահող ձևը վեզիկուլոպուստուլոզն է։ Այս հիվանդության ժամանակ տեղի է ունենում մաշկի մակերեսային ախտահարում, որն արտահայտվում է քորոցի գլխիկի մեծության բշտիկների առաջացումով։ Բշտիկների պարունակությունը սկզբում լինում է թափանցիկ (vesicula), ապա դառնում է թարախային (pustula)։ Սովորաբար 2-3 օր hետո բշտիկները պայթում են, ծածկվում կեղևով, իսկ շուրջն առաջանում է նոր ցանավորում։
Բուժումը։ Նշանակում են մարգանցաթթվական կալիումի նոսր լուծույթով ախտահանող լոգանքներ։ Բշտիկները պետք է զգուշությամբ պատռել և քսել մեթիլեն կապույտի կամ բրիլիանտ կանաչի սպիրտային լուծույթ։
 

Պեմֆիգուս (pemphigus neonatorum): Նույնպես մաշկի մակերեսային բորբոքում է, որը բնորոշվում է բշտիկների առաջացումով։ Բշտիկները զարգանում են մաշկի կարմրավուն ֆոնի վրա և արագորեն հասնում բավականին մեծ չափերի՝ շճաթարախային պարունակությամբ։ Բշտիկները շատ նուրբ թաղանթ ունեն, որի պատռվելուց հետո բացվում է կարմիր մակերես։ Բշտիկի պարունակությունը շատ հարուստ է մանրէներով, որոնք վարակում և ախտահարում են մաշկի հարևան առողջ հատվածները։ Բշտիկները երևան են գալիս ալիքաձև։ Ամենից հաճախ դրանք տեղակայվում են անութային փոսերում, փորի վրա, աճուկային ծալքերում, վզին, բայց կարող են տարածվել և ամբողջ մարմնի վրա (չեն ախտահարվում միայն ափերը և ներբանները)։
Հիվանդությունը վարակիչ է։ Վարակի աղբյուր են ինչպես ինքը՝ երեխան, այնպես էլ խնամող անձնակազմը և ընտանիքի անդամները։ Հաճախ հիվանդությունն ունենում է բարորակ ընթացք, բայց չարորակ ձևերի դեպքում՝ կապված մանրէների բարձր վիրուլենտության հետ, երեխայի իմունակենսաբանական հատկությունների խիստ անկման ֆոնի վրա, հիվանդությունը կարող է ընթանալ շատ ծանր և առաջացնել սեպտիկ վիճակ։
Բուժումը։ Պեմֆիգուսով հիվանդ երեխաներին չի կարելի լողացնել, որովհետև դա կարող է նպաստել վարակի տարածմանը։ Անհրաժեշտ է ստերիլ ասեղով կամ ունելիով պատռել յուրաքանչյուր բշտիկը (չսպասել, որ դրանք ինքնուրույն պայթեն) և քսել արծաթի նիտրատի 1-2%-անոց լուծույթ, 10-15%-անոց կոլարգոլի լուծույթ, յոդի 5%-անոց թուրմ, որից հետո ցանել ախտահանող փոշիներ։ Նոր բշտերի առաջացումը կանխարգելելու նպատակով խորհուրդ է տրվում մաշկի առողջ հատվածները մշւսկել 2%-անոց սպիտակ սնդիկի, էրիթրոմիցինի, տետրացիկլինի քսուքներով։ Մաշկային ծալքերը, որոնք առանձնապես ենթակա են ախտահարման, նպատակահարմար է օրը 1-2 անգամ քսել 1%-անոց սալիցիլային կամ 2-3% -անոց բորասպիրտով, ապա ցանել ախտահանող փոշի։ Պիոդերմիայի այս ձևի, ինչպես նաև. մյուս բոլոր ձևերի բուժման ժամանակ մեծ նշանակություն ունի ճիշտ խնամքը, վարակազերծման կանոնների պահպանումը (օգտագործել միայն ախտահանված տակաշորեր), ճիշտ սնուցումը։ Հիվանդության ձգձգվող ընթացքի դեպքում անհրաժեշտ է նշանակել խթանող բուժում և հակաբիոտիկներ։ Նորածնային շրջանում ավելի նպատակահարմար է հակաբիոտիկները շուտ նշանակել, նախքան երեխայի ջերմության բարձրացումը և ընդհանուր թունավորման երևույթների առաջացումը։
 

Էքսֆոլիատիվ մաշկաբորբ (dermatitis exfoliativa neonatorum Ritter von Ritergeim) հանդիպում է երեխայի կյանքի առաջին շաբաթներում։ Ռիտեր ֆոն Ռիտերգեյմը պիոդերմիայի այս ձևն առանձնացրել է որպես յուրահատուկ տարատեսակ, հաշվի առնելով նրա չարորակ ընթացքը։ Էքսֆոլիատիվ մաշկաբորբը հազվագյուտ է հանդիպում։ Սկսվում է դեմքի, կզակի, բերանի մաշկի կարմրությամբ և շերտավոր թեփոտմամբ։ Հետագայում մաշկը հաստանում է, կեղևիկների տակ կուտակվում է էքսուդատ և առաջանում են բշտիկներ։ Հիվանդության հաջորդ շրջանում սկսվում է վերնամաշկի շերտազատումը։ Մի քանի օրվա ընթացքում ամբողջ մարմնի մակերեսը կարող է զրկվել վերնամաշկից, նմանվելով այրված մաշկի։ Որոշ դեպքերում վերնամաշկի անջատումը մաշկից կարող է տեղի ունենալ առանց բշտիկների առաջացման, և վերնամաշկը բուն մաշկից կարող է անջատվել շատ աննշան մեխանիկական վնասվածքի հետևանքով (Նիկոլսկու ախտանիշ)։ Որոշ հիվանդների մոտ մաշկաբորբը կարող է զուգակցվել ստոմատիտով, համառ քթաբորբով (ռինիտ), աչքի եղջերաբորբով (կերատիտ)։ Հիվանդությունը սովորաբար ընթանում է սուր և հակում ունի բարդանալու չիբաններով (ֆուրունկուլ), թարախակույտերով (աբսցեսներով), սեպտիցեմայով։ Պիոդերմիայի այս ձևը պետք է տարբերակել բնածին էպիդերմոլիզից (epidermolysis congenita)։ Այս արատի դեպքում երեխան կարող է ծնվել վերնամաշկի դեֆեկտով։ Այդ դեֆեկտը, որպես կանոն, տեղակայվում է ծայրանդամների վրա և գրեթե երբեք չի լինում գլխին, վզին, իրանին։ Պետք է ուշադրություն դարձնել նաև այն հանգամանքի վրա, որ մաշկի արատի շուրջը բորբոքային երևույթներ չեն լինում։ Տարբերակման ժամանակ պետք է հիշել նաև Լեյների հիվանդության մասին։ Սա տարածված էքսֆոլիատիվ մաշկաբորբ է, որն ավելի բարորակ ընթացք ունի։ Այս հիվանդությունը տարբերվում է նրանով, որ չեն լինում բշտեր, էպիդերմոլիզ և հպավարակային (կոնտագիոզ) չէ:
Բուժումը կոմպլեքսային է։ Նշանակվում են հակաբիոտիկներ (ցանկալի է մանրէի զգայնության որոշումը), լիարժեք սնուցում, վիտամիններ՝ հատկապես B կոմպլեքս և A, կալցիումի քլորիդ։ Երեխային նշանակում են ախտահանող նյութերով լոգանքներ։ Կարելի է ջրին ավելացնել տանին կամ կաղնու կեղև։ Անց է կացվում նաև ընդհանուր խթանող բուժում։ Որոշ դեպքերում կարելի է նշանակել պրեդնիզոլոն։ Էքսֆոլիատիվ մաշկաբորբով հիվանդ երեխային անհրաժեշտ է մեկուսացնել։
 

Կարմիր քամի (Erysipelas)։ Հիվանդության հարուցիչը ստրեպտոկոկի տարատեսակներն են։ Հակաբիոտիկների և սուլֆանիլամիդների կիրառման հետևանքով կարմիր քամին ներկայումս հանդիպում է շատ հազվադեպ։ Վարակի դուռ են վնասված մաշկը կամ լորձաթաղանթը։ Հիվանդությունը սկսվում է վարակված շրջանի կարմրությամբ և այտուցով։ Աչքի է ընկնում կարմրության ուժգնությունը, որը և խիստ սահմանազատվում է առողջ մաշկից։ Թույլ երեխաների մոտ կարմիր քամին կարող է բարդանալ թարախակույտերով, ֆլեգմոնայով։ Նորածինների մոտ կարմիր քամու ընթացքի առանձնահատկությունն այն է, որ սահմանային օղակը, ի տարբերություն մեծահասակների, լավ չի արտահայտված և ախտահարված մաշկը լինում է խիստ այտուցված։ Կարմիր քամիով հիվանդների մոտ նկատվում են նաև ընդհանուր երևույթներ, hաճախ՝ բարձր ջերմություն, դիսպեպտիկ երևույթներ, փսխում։
Բուժումը։ Երեխային պետք է մեկուսացնել։ Շատ արդյունավետ են հակաբիոտիկները և սուլֆանիլամիդները։ Լավ արդյունք է ստացվում կվարց ճառագայթներից՝ էրիթեմային դեղաչափերով, կարելի է կատարել թրջոցներ անագի ջրով կամ ռեզորցինի 3%-անոց լուծույթով։

Մաշկի ոչ վարակային ախտահարումներից է շփաբորբը (intert rigo)։ Սովորաբար առաջանում է երեխայի վատ խնամքի հետևանքով՝ մաշկի վրա մեզի և կղանքի թողած ազդեցությունից։ Շփաբորբը կլինիկորեն արտահայտվում է մաշկի կարմրությամբ և մացերացիայով։ Նկատվում է վզի, անութային, աճուկային, արմնկային շրջանների մաշկի ծալքերում։ Պետք է հիշել, որ շփաբորբը հաճախ հայտնվում է որպես էքսուդատիվ դիաթեզի արտահայտություն:
Բուժումը։ Մաշկի ճիշտ խնամք, պայքար երեխաների գերտաքացման դեմ։ Պետք է նշանակել մարգանցաթթվական կալիումի լուծույթով լոգանքներ։ Մաշկի իրար հպվող մակերեսներին պետք է քսել ստերիլ բուսական յուղ, ձկան յուղ, մանկական քսուք։

Համառ շփաբորբի ժամանակ արդյունավետ են պրեդնիզոլոնի, օքսիկորտի, սինալարի քսուքները։ Մեր փորձը ցույց է տալիս, որ մաշկի արտահայտված թացության դեպքում լավ արդյունք են տալիս օսլայի լոգանքները։ Այդ նպատակով 60 գ օսլան խառնում են ջրին մինչև «կաթնային հեղուկ» ստացվելը, ապա այն ավելացնում են լողարանի 40 լ ջրին; Նորածինների մոտ կյանքի առաջին շաբաթվա ընթացքում կարող է հանդիպել տոքսիկ էրիթեմա (erythema toxicum neonatorum): Հաճախ այս վիճակը զուգորդվում է ֆիզիոլոգիական լուծի ձետ։ Թունավոր էրիթեման արտահայտվում է արագ անհետացող բազմաձև ցանով, որն առանձին կամ խմբերով տեղակայված բաց կարմիր բծերի տեսք է ունենում։ Էրիթեմատոզ բծերի հետ մեկտեղ կարող են շոշափվել կամ նկատվել դեղնասպիտակավուն պապուլաներ։ Թունավոր էրիթեման հաճախ տեղակայվում է դեմքի, գլխի մազոտ մասի վրա, բայց, հազվադեպ, կարող է ախտահարել նաև ամբողջ մաշկը։ Թունավոր էրիթեման տևում է 2-3 օր և անհետանում է առանց բուժման։ Ենթադրում են, որ այս վիճակը անցողիկ է և կապված է նորածնի իմունակենսաբանական առանձնահատկությունների հետ։

Սկլերեդեմա (Scleroedema) կամ, ինչպես նաև կոչում են, սկլերեմա (sclerema)։ Հաճախ հանդիպում է անhաս և թույլ ծնված երեխաների մոտ՝ կյանքի I և II շաբաթում։ Հիվանդությունն արտահայտվում է նախ ենթամաշկային ճարպաշարակցական շերտի խմորանման, ապա՝ աստիճանաբար կոշտացող այտուցի ձևով։ Շոշափելիս մաշկը լինում է չոր, կարծր և սառը։ Ախտահարված մաշկը մատով սեղմելիս փոսիկներ չեն առաջանում։ Սկլերեման հաճախ տեղակայվում է հետույքի, ձկնամկանների, թիակների շրջանում։ Որոշ դեպքերում կարծրացումը կարող է ընդգրկել մարմնի ավելի մեծ տեղամասեր՝ դեմքը, կուրծքը և այլն, դժվարացնելով ծծելու, շնչառության գործողությունները, և մահ առաջացնել։
Բուժումը։ Անհրաժեշտ է երեխային տաքացնել` շրջապատելով ջերմակներով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ցուրտը նպաստում է սկլերեմայի հարաճմանը։ Նշանակվում են արյան փոխներարկում, սրտային դեղամիջոցներ։ Մաշկը շփում են տաք ստերիլ յուղով։ Համառ և զարգացող ձևերի դեպքում Պոպիխրիստովը (Բուլղարիա) առաջարկում է նշանակել թիրոքսին՝ օրը 0,5-2 մգ ներքին ընդունման ձևով։

Սկլերոդերմիա (Sclerodermia) հանդիպում է կյանքի առաջին օրերին, hաճախ՝ լավ սնված երեխաների մոտ և արտահայտվում է մեծ մասամբ հետույքի շրջանի կապտուկային երանգով, կառթ-կառթ եզրերով։ Հիվանդության պատճառը դեռևս պարզ չէ։ Այն կապում են վնասվածքների hետ, քանի որ հյուսվածաբանական քննության ժամանակ հայտնաբերվում են ճարպային հյուսվածքի մեռուկի երևույթներ։ Այս տեսության օգտին է խոսում նաև այն փաստը, որ սկլերոդերմիան hաճախ նկատվում է ծննդաբերական վնասվածքներով և աքցանադրված նորածինների մոտ։ Նկարագրված սկլերոդերմիան ոչ մի ընդհանուր բան չունի hամակարգային կոլագենոզ հանդիսացող սկլերոդերմիայի ձետ, որը հանդիպում է մեծերի մոտ։ Իրավացիորեն գտնում են, որ այս անվանումը անհաջող է և առաջարկվում է այս հիվանդությունը կոչել ենթամաշկային բջջանքի մեռուկ՝ adiponecposis subcutanea.

 
 

Սկզբնաղբյուրը՝ Կլինիկական մանկաբուժություն

Վ.Ա. Աստվածատրյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին