Բոուենի հիվանդությունը, որը երկար ժամանակ համարվել է նախաքաղցկեղային վիճակ, ներկայումս գրեթե բոլորի կողմից րնդունվում է որպես ներէպիդերմալ քաղցկեղ (in situ տիպի)։ Բնութագրվում է մեկ կամ մի քանի (ոչ շատ) սահմանափակ, վարդագույն բծերի կամ կուտակների ձև ունեցող ախտահարման օջախների առաջացումով։ Դրանք կլոր են կամ ձվաձև, մակերեսը ծածկված է առանձին թեփուկներով կամ արյունային կեղևիկներով։ Վերջիններիս հեռացումից հետո մերկանում է խոնավ, հարթ կամ քիչ թավշային մակերես։ Սկզբում լինելով ոչ մեծ, ախտահարման օջախներն աստիճանաբար մեծանում են ծայրամասային դանդաղ աճի միջոցով և կարող են հասնել մի քանի (3-5) սանտիմետր տրամագծով չափերի։ Մի քանի օջախների առկայության դեպքում նրանք կարող են միաձուլվել։ Ամենից հաճախ ախտահարումը տեղակայվում է իրանի մաշկի վրա (մեջք, գոտկատեղ և այլն)։ Սուբյեկտիվ խանգարումները սովորաբար բացակայում են, միայն առանձին հիվանդներ գանգատվում են աննշան քորից։ Հետագայում, սովորաբար շատ տարիներ անց, կարող է զարգանալ ներխուժական քաղցկեղ, հետագա մետաստազներով։ Վաղ ախտորոշելու և բուժելու դեպքում կանխագուշակումը բարենպաստ է։

Ախտորոշումը։ Երկարատև ընթացքը, ախտահարման օջախների աննշան քանակը, չափազանց դանդաղ ծայրամասային աճը, պսորիազի ու էկզեմատիդի բնորոշ նշանների բացակայությունը հնարավորություն են տալիս տարբերելու Բոուենի հիվանղությունը նշած հիվանդություններից։ Ոչ պարզ դեպքերում պետք է դիմել բիոպսիայի։

Բուժումը։ Վիրաբուժական կամ էլեկտրավիրաբուժական հեռացում, ճառագայթային բուժում։ Վաղ շրջանում կարելի է սահմանափակվել սառնաբուժմամբ։

Պեջետի հիվանդություն՝ կաթնագեղձի ներծորանային քաղցկեղ։ Երկար ժամանակ ընթանում է որպես կրծքի պտուկի և շուրջպտկային դաշտի մաշկի էկզեմանման ախտահարում, լինում է գերազանցապես կանանց մոտ, միշտ միակողմանի։ Հիվանդությունն սկսվում է պտուկի և պսակի շրջանում շճաարյունային կեղևների ի հայտ գալով, որոնց հեռացումից հետո հայտնաբերվում է խիստ սահմանափակ էրոզիա։ Դանդաղորեն մեծանալով, ախտահարման օջախն աստիճանաբար դուրս է ելնում նշված սահմաններից և տարածվում է կաթնագեղձի մաշկի վրա։ Արտահայտված դեպքում մաշկի ախտահարումը երևում է խոնավ էրոզիայի ձևով՝ վառ կարմիր գույնի, հարթ կամ քիչ թավշային մակերեսով, քիչ արյունահոսող։ Տեղ-տեղ էրոզիան ծածկված է կեղևներով։ Նրա եզրերը խիստ սահմանագծված են առողջ մաշկից և ունեն անկանոն գծագրություն։ Երբեմն եզրին երևում է նեղ, քիչ ամուր գլանիկ, իսկ շոշափելիս հայտնաբերվում է թիթեղանման ամրություն։ Շատ բնորոշ ախտանիշ է հանդիսանում կրծքային պտուկի ներձգվածությունը։ Հետագայում (միջինը 2-10 տարվա րնթացքում) հիվանդությունն ընդունում է սովորական, ինֆիլտրատիվ քաղցկեղի կլինիկական պատկեր, տարածուն մետաստազներով։

Ախտորոշումը։ Տարբերիչ ախտորոշության տեսակետից պետք է նկատի ունենալ կրծքային պտուկի էկզեման, խրոնիկական ստրեպտոդերմիան ու մակերեսային խմորասնկային ախտահարումը (կանդիդոզ)։ Հօգուտ Պեջետի հիվանդության է վկայում ախտահարման երկարատև, ծայրահեղ դանդաղ զարգացումը, միակողմանիությունը, կտրուկ սահմանները, կրծքային պտուկի ներձգվածությունը, ցանվածքների բացակայությունը ծայրամասում, ախտահարման կայուն բնույթը և տվյալ հիվանդության ժամանակ օգտագործվող տեղային բուժման լրիվ անարդյունավետությունը։

Բուժումը։ Ախտահարված կաթնագեղձի ծայրատում՝ շրջանային ավշային հանգույցների միաժամանակյա հեռացումով։

Հիմաբջջային քաղցկեղը (բազալիոմա, հիմաբջջային էպիթելիոմա, մաշկային կարցինոիդ) մաշկի քաղցկեղի առավել հաճախ դիտվող ձևն է։ Ամենից հաճախ առաջանում է միջին և տարեց հասակում։ Տեղակայվում է գրեթե բացառապես դեմքի վրա և, հազվադեպ բացառությամբ, մետաստազներ չի տալիս։ Սկզբնական շրջանում ունի ոչ մեծ, կիսագնդաձև կամ տափակ հանգոլյցիկի տեսք, շոշափելիս՝ ամուր, բնականոն մաշկի գույնի կամ քիչ վարդագույն։ Շատ դանդաղորեն (ամիսներ կամ տարիներ) մեծանալով, հանգույցիկն աստիճանաբար, մակերեսից սկսած, քայքայվում է՝ արյունային կեղևի գոյացումով, որի հեռացումից հետո հայտնաբերվում է մակերեսային, թեթևակի արյունահոսող փոքրիկ խոց։ Ավելի սակավ բազալիոման սկսում է ոչ մեծ, խիստ սահմանափակ, մուգ կարմիր գույնի քերծվածքի առաջացմամբ, շրջապատված հազիվ նկատելի, նեղ երիզի տեսք ունեցող "սադափե" գլանիկով։ Շատ դանդաղորեն մեծանալով, էրոզիաները վեր են ածվում մակերեսային խոցերի։ Հետագա զարգացումը կարող է լինել տարբեր կերպ։ Մի դեպքում գոյացած խոցը դանդաղորեն մեծանում է, աստիճանաբար տարածվելով դեպի ծայրամաս։ Խոցն ունի հարթ հիմք ու շրջապատված է նեղ, աճառի ամրության գլանիկով՝ ամբողջական կամ առանձին հատիկներից կազմված։ Երբեմն կենտրոնում կամ խոցի եզրերից մեկի վրա նշվում է սպիացում։ Մյուս դեպքերում խոցը տարածվում է ոչ միայն մակերեսայնորեն, այլև խորությամբ, աստիճանաբար ինֆիլտրացնելով ու քայքայելով ստորադաս հյուսվածքները, ընդհուպ մինչև ոսկրերը։

Հյուսվածաբանորեն ուռուցքի բջիջները տեղադրվում են բներով կամ ձգափոկերով, շատ անգամ առաջացնելով արտասովոր ցանցավոր գծագրություն։ Ունեն բազմանկյուն կամ երկարաձգված ձև ու սերտորեն հպվում են միմյանց։ Կորիզները կլոր են, ձվաձև, հարուստ են քրոմատինով ու մուգ ներկված են։ Իրենց տեսքով հիշեցնում են վերնամաշկի հիմային շերտի բջիջներին, որտեղից և անվանումը՝ բազալիոմա։ Միտոզները հանդիպում են աննշան քանակով։ Նրբաթել ստրոման աղքատ է բջջային տարրերով։

Տափակաբջջային քաղցկեղ (սպինոցելուլար էպիթելիոմա)։ Հանդիպում է բազալիոմայից ավելի պակաս, բայց աչքի է ընկնում մեծ չարորակությամբ, որն արտահայտվում է, մասնավորապես, շրջանային ավշային հանգույցների արագ ախտահարումով ու ավելի հեռավոր մետաստազներով։ Կարող է զարգանալ մաշկային ծածկույթի ցանկացած տեղամասում, բայց ամենից հաճախ՝ բնական անցքերի մոտ (ստորին շրթունք, սեռական օրգաններ), ինչպես նաև բերանի խոռոչի լորձաթաղանթի վրա (լեզու): Ոչ հազվադեպ ծագում է այրվածքներից, ճառագայթային մաշկաբորբից, տուբերկուլոզային գայլախտից հետո գոյացած սպիների վրա։ Դիտվում է տարեց, ավելի պակաս՝ միջին տարիքի անձանց մոտ, տղամարդկանց մոտ ավելի հաճախ, քան կանանց։ Զարգացման սկզբում արտահայտվում է մաշկի մեջ վերջինիս մակարդակից վեր բարձրացող, խիստ սահմանագծված պինդ հանգույցիկի կամ թիթեղի առաջացումով, որոնց կենտրոնական մասը ծածկված է ամուր եղջերային զանգվածներով։ Քայքայումն սկսվում է համեմատաբար վաղ, և գոյանում է ամուր, շրջված եզրերով, անհարթ, մոխրագույն փալով ծածկված ու քիչ արյունահոսող հատակով խոց։ Երբեմն խոցի հատակում երևում են սպիտակավուն հատիկներ (եղջերային մարգարիտներ)։ Խոցը հակված է ծայրամասային, խոր կերպով ինֆիլտրացնող աճի: Թողնվելով առանց բուժման, կարող է հասնել զգալի մեծության: Համեմատաբար վաղ ախտահարվում են շրջանային ավշային հանգույցները:

Հյուսվածաբանորեն՝ բուն մաշկի ներաճում էպիթելային զանգվածներով, բաղկացած վերնամաշկի տարբերակված և չտարբերակված բջիջներից։ Չտարբերակված, ատիպիկ բջիջները աչքի են ընկնում տարբեր, մեծությամբ ու ձևով, կամրջիկների բացակայությամբ, ավելի խոշոր ու մուգ ներկվող կորիզով։ Ոչ հազվադեպ նշվում է փշաձև բջիջների եղջերացում՝ "եղջերային մարգարիտների" գոյացումով։ Որքան ավելի շատ են ատիպիկ բջիջները, այնքան ավելի չարորակ է տափակաբջջային քաղցկեղը։ Ստրոմայում, որը շրջապատված է էպիթելային զանգվածներով՝ զգալի բորբոքային ինֆիլտրատ։

Բուժումը։ Մակերեսային հիմաբջջային էպիթելիոմաների բուժման լավագույն մեթոդը ներկայումս համարվում է մոտիկ ֆոկուսային ռենտգենաբուժումը։ Ցուցված է նաև վիրաբուժական կամ էլեկտրավիրաբուժական բացահատումը։ Խորացած ձևերի դեպքում ցուցված է բուժումը ռադիումով։ Տափակաբջջային քաղցկեղի դեպքում ցուցված է էլեկտրաբուժական կամ վիրաբուժական բացահատում (խոցերի մեծ չափերի դեպքում՝ հետագա մաշկապատվաստում) կամ ռադիումային բուժում։ Միաժամանակ կատարվում է ախտահարված ավշային հանգույցների հեռացում։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին