Մարազմը հոգեկան գործունեության քայքայման վիճակ է, որն ուղեկցվում է ֆիզիկական ծայրահեղ հյուծվածությամբ:

Պատճառներ
Մարազմը առաջանում է որպես առանձին, հիմնականում կենտրոնական նյարդային համակարգն ախտահարող (օրինակ` ծերունական թուլամտություն, աթերոսկլերոզ, ուռուցքների որոշ տեսակներ, պսիխոզներ) քրոնիկական հիվանդությունների վերջնական փուլ:

Պաթոգենեզ
Հիվանդները մեծ մասամբ գամված են անկողնուն, անօգնական են, նրանց դեմքն արտահայտում է ցրվածություն, տառապանք, անառիթ ծիծաղում կան լաց են լինում: Հառաչանքի ու ճիչի ձևով պատասխանում են միայն մարմնական գրգռիչներին (անհարմար դիրք, ցավ): Իրանց վերաբերող խոսքը հաճախ գրեթե չեն հասկանում: Այդպիսի հիվանդների արտաքին տեսքին բնորոշ է ծայրաստիճան նիհարությունը, գունատ դեղին, հաճախ մուգ դեղին կամ դարչնագույնգունակային բծերով ծածկված կնճռոտ մաշկը, որի վրա հեշտությամբ առաջանում են պառկելախոցեր և հարուկներ:

Բուժում
Հիվանդները մանրակրկիտ խնամքի կարիք ունեն: Նրանց պետք է կերակրել, պարբերաբար տակը պետքանոթ դնել: Անկողինը պետք է հարմար ու մաքուր լինի, սավանի տակ հարկավոր է մոմլաթ փռել, պառկելախոցերից խուսափելու համար հիվանդին 2 ժամը մեկ շրջել կողքի, մաշկը մաքրել քափուրի սպիրտով, հարուկների առաջացման հատվածներին ցանափոշի քսել: Սնունդը պետք է մանրացրած և վիտամիններով հարուստ լինի: Քաղցրեղենը հարկավոր է սահմանափակել: Առանձին դեպքերում հիվանդի ախորժակը խիստ լավանում է, սակայն չափից ավելի կերակրել չի կարելի: Փորկապության ժամանակ բժշկի նշանակմամբ տալիս են լուծողական, կատարում հոգնա:
Հարկավոր է հիվանդի մարմինն ամեն օր լվանալ ջրով, կալիումի գերմանգանատի, քացախաթթվի, միջնաթթվի սպիրտային կամ օղու թույլ լուծույթներով թրջած սպունգով, լաթով կամ բանբակով, այնուհետև սրբել փափուկ սրբիչով և տաք փաթաթել: Հարկավոր է հիշել, որ հիվանդագին փոփոխություններն անվերադարձ են, և հիվանդն այդ վիճակում կարող է երկար մնալ, ուստի նրանց խնամելը մեծ համբերություն է պահանջում: Սովորաբար այդպիսի հիվանդները մահանում են վարակիչ հիվանդությունների (հատկապես` թոքաբորբի) ստամոքսաղիքային համակարգի խանգարումների (աղիքների անանցանելիություն, կիսալուծանք) հետևանքով:

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին