Մանիակալ-դեպրեսիվ պսիխոզը, որը հայտնի է նաև ցիրկուլյար պսիխոզ կամ ցիկլոֆրենիա անվանումներով, իրենից ներկայացնում է պարբերաբար առաջացող պսիխոզ: Այն արտահայտվում է մանիայի կամ դեպրեսիայի նոպաներով:
Պաթոգենեզ
Մանիակալ փուլը դրսևորվում է տրամադրության բարձրացմամբ, մտածողության ընթացքի արագացմամբ և հոգեշարժական գրգռվածությամբ (մանիակալ երրորդություն): Հիվանդներն ակտիվ են, շարժուն և գործունյա: Քնում են քիչ, սակայն` խորը: Նկատվում են դյուրըմբռնողություն, հոգնածության զգացողության բացակայություն: Մանիայի թեթև աստիճանի դեպքում հիվանդները շատ մարդամոտ են, ուրախ, սրամիտ, նախաձեռնող, դրսևորում են ավելորդ ձեռներեցություն, թեթևամիտ վարքի հակում ունեն: Մանիակալ փուլի զարգացման ընթացքում հիվանդությունը գնահատվում է որպես << լավ տրամադրություն >>: Հակումները (հատկապես սննդի և սեռական) ուժեղանում են: Մանիան խորանալիս նիվանդը դառնում է փութաջան, չի կարողանում ավարտին հասցնել ո՛չ միտքը, ո՛չ գործողությունը, բարձր տրամադրությունն ուղեկցվում է գրգռվածությամբ, նույնիսկ ցասումով (ցասման մանիա):
Դեպրեսիվ փուլը դրսևորվում է տրամադրության անկումով, մտածողության ընթացքը դանդաղանում է: Հիվանդներն առանց պատճառի թախծում են, բայց հաճախ լաց լինել չեն կարող, չափազանց վատատես են, աշխատունակությունը լրիվ ընկած է, ախորժակն ու քունը` խախտված: Այս փուլը շատ վտանգավոր է, հնարավոր է, որ հիվանդն ինքնասպանություն կատարի:
Սովորաբար այդ փուլերն իրար հաջորդում են. դեպրեսիվ փուլերը, տարիքի հետ կապված, հաճախանում են: Որոշ դեպքերում նկատվում է միայն մանիակալ կամ միայն դեպրեսիվ փուլը, երբեմն էլ մի փուլն անմիջապես փոխվում է մյուսով: Հիվանդությունն անձի փոփոխություններ չի առաջացնում:
Բուժում
Նոպայից դուրս հիվանդը բուժօգնության և հսկողության կարիք չունի: Մանիակալ փուլի ախտանշանների դեպքում անհչաժեշտ է դիմել հոգեբույժի: Բուժումն արդյունավետ է: Տնային պայմաններում բուժվելիս հիվանդի հարազատները պետք է հսկեն բժշկի նշանակած դեղանյութերի ժամանակին ընդունումը և ապահովեն սննդի ռեժիմը: Քանի որ որոշ հիվանդներ հակված են նոպայի ժամանակ ալկոհոլ օգտագործել, հարկավոր է նշել, որ սպիրտային խմիչքների օգտագործումը խստիվ արգելված է:
Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am
Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին