Մակերիկամի կեղևի սուր անբավարարության հիմնական պատճառը մակերիկամների կեղևի իշեմիկ մեռուկացումն է (մակերիկամների արյունազեղում, նրանց երակների թրոմբոզ կամ էմբոլիա), արյան վարակման հետևանքով նրանց ախտահարումը, արյունահոսական դիաթեզը, մակերիկամների բնածին թերաճությունը, ադրենոգենիտալ համախտանիշի աղակորստային ձևը, նրանց լրիվ հեռացումը, կորտիկոստերոիդների օգտագործման միանգամից դադարեցումը։ Այս ամենից կորտիկոստերոիդային հորմոնները պակասում են, սպառվում էլեկտրոլիտների բալանսը, օրգանիզմը ջրազրկվում է, արյունը` խտանում, պակասում շրջանաովող արյան զանգվածը, արյան ճնշումն ընկնում է։ Մակերիկամների կեղևի ֆունկցիոնալ ունակությունների արագ և խիստ անկման հետևանքով վրա է հասնում անոթաշարժ կոլապսը։

Մակերիկամների կեղևի սուր անբավարարությունը մի դեպքում զարգանում է որպես առաջնային քրոնիկական հիպոկորտիցիզմի բարդություն (պարբերաբար կրկնվող կրիզների ձևով), մյուս դեպքում` դարձյալ նույն ձևով, միայն հիպոպիտուիտար անբավարարության ֆոնի վրա։ Մակերիկամների կեղևի արյունազեղման հետևանքով զարգացող այդ օրգանի սուր անբավարարությունը կոչվում է Ուոտերհաուս-Ֆրիդերիխսենի համախտանիշ։ Այն մեծ մասամբ զարգանում է նորածինների մոտ բնածին սիֆիլիսի, շնչահեղձության, ծննդաբերական աքցանների օգտագործման և պտղին պատճառած վնասվածքի, ինչպես նաև սեպսիսի ժամանակ մակերիկամների կեղևի վրա մանրէական թույնի ներգործության հետևանքով։

Կլինիկական պատկերը զարգանում էշատ արագ։ Հիվանդների ջերմությունը բարձրանում է մինչև 39°։ Մաշկի վրա ի հայտ են գալիս պետեխիալ արյունազեղումներ, նկատվում էցիանոզ, հևոց և անոթային կոլապսի ախտանիշներ, որոնցից և հիվանդը մահանում է առաջին 1-2 օրերի ընթացքում։ Հիվանդության ավելի վաղ արտահայտվող նշաններից են գրգռվածությունը, սննդից հրաժարվելը, որովայնի ցավերը, փսխումներն ու փորլուծությունը՝ առանց որովայնամզի բորբոքման նշանների, երբեմն կարող է լինել ծոծրակային մկանների կարկամում, իսկ ավելի հաճախ զարկերակային ճնշման այն աստիճանի անկում, որ նրա որոշումն անհնարին է դառնում։ Լինում է արտահայտված լեյկոցիտոզ` ձախ թեքումով, էոզինոֆիլիա, թերնատրիումարյունություն, գերկալիումարյունություն, սակավամիզություն։

Մակերիկամների կեղևի սուր անբավարարության ախտորոշումը դժվարանում է այն առումով, որ հիվանդության արագ զարգացման հետևանքով չեն հասցնում արտահայտվել այն ախտահատուկ նշանները, որոնցով կողմնորոշվում է բժիշկը։ Մյուս կողմից հիվանդի վիճակը այնքան ծանր է լինում, որ պահանջվում է շտապ օգնություն՝ թեկուզ առանց ճիշտ ախտորոշման։ Բոլոր դեպքերում պետք է հիշել, որ սուր հիպոկորտիցիզմին բնորոշ է հանկարծակի սկիզբը, բուռն ընթացքը, որովայնի ցավերն ու ջերմաստիճանի բարձրացումը, մաշկի և լորձաթաղանթների արյունազեղումները և մկանային կծկումները։ Պետք է տարբերակել ստամոքսաաղիքային սուր վարակներից, ուղեղի արյունազեղումներից և կոմային վիճակներից։

Բուժումը։ Պետք է պայքարել օրգանիզմի ջրազրկման, կոլապսի, վարակի և միներալոկորտիկոստերոիդային անբավարարության դեմ։ Այդ նպատակներով ներարկվում է հիդրոկորտիզոն, կորտիզոն կամ ադրեզոն, ԴՕԿԱ, կաթիլային ձևով 0,9%-անոց նատրիումի քլորիդ և 5%-անոց գլյուկոզա։ Հիվանդի վիճակի լավացմանը զուգահեռ կորտիկոստերոիդները կարելի է տալ խմելու ձևով, հետագայում պակասեցնելով նրանց դեղաչափերը։

 

 

Սկզբնաղբյուրը՝ Կլինիկական մանկաբուժություն

Վ.Ա. Աստվածատրյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին