Մակաբուծական հիվանդություններն անվանում են նաև ինվազիոն հիվանդություններ (ինվազիա` կենդանի մակաբույծներով վարակում): Նրանք մակաբուծվում են կենդանի մակաբույծներով, նախակենդանիներով և հոդվածանիներով: Ի տարբերոււյուն մակաբուծական հիվանդությունների` բակտերիաներով, սպիրոխետներով, ռիկետսիաներով, սնկիկներով և վիրուսներով հարուցված հիվանդությունները կոչվում են վարակիչ հիվանդություններ:

Որդերն առաջացնում են ճիճվային հիվանդություններ, որոնցից առավել տարածված են.
- ասկարիդոզը,
- անկիլոստոմիդոզը,
- հիմենոլեպիդոզը,
- դիֆիլոբոթրիոզը,
- տենիիդոզը,
- տրիխինելոզը,
- տրիխոցեֆալոզը,
- էնտերոբիոզը,
- էխինոկոկոզը և այլն:


Գոյություն ունեն նախակենդանիների 50 տեսակ, որոնք մակաբուծում են մարդկանց: Նախակենդանիները հարուցում են պրոտոզոոզներ. առավել տարածված են.
- ամեոբազը,
- լեյշմանիոզները,
- լամբլիոզը,
- մալարիան,
- տոքսոպլազմոզը և այլն:


Մակաբույծ միջատներն ու տզերն առաջացնում են էնտոմոզներ և ակարոզներ: Էնտոմոզների շարքն են դասվում միազները, ինչպես նաև դերմատոզոոնոզները: Միազներն իրենցից ներկայացնում են մարդու և կենդանիների օրգանների ու հյուսվածքների ախտահարումը ճանճերի թրթուրներով, իսկ դերմատոզոոնոզները` ոջիլների, մլակների ու մոծակների խայթոցից առաջացած մաշկային հիվանդություններն են: Ակարոզի տեսակ է քոսը: Մակաբույծների հարուցիչները լինում են ժամանակավոր և մշտական: Ժամանակավոր մակաբույծները մարդկանց վրա հարձակվում են սնվելու համար, որը տևում է վայրկյաններից մինչև մի քանի օր: Մշտական մակաբույծները գտնվում են մարդու մարմնի վրա կամ մարմնի մեջ` իրենց զարգացման այս կամ այն փուլում, կամ էլ` ողջ կյանքի ընթացքում: Ըստ տեղադրության մակաբուծական հիվանդությունների հարուցիչները բաժանվում են հետևյալ խմբերի` արտաքին և ներքին: Արտաքին մակաբույծներն ապրում են մաշկի վրա` ժամանակավոր կամ մշտական: Ներքին մակաբույծները գտնվում են տարբեր օրգաններում, հյուսվածքներում ու մկաններում: Տարբերում են նաև մաշկային մակաբույծներ, որոնք ապրում են մաշկի հաստության մեջ և խոռոչային մակաբույծներ, որոնք ապրում են մարմնի` արտաքին միջավայրի հետ հաղորդակցվող խոռոչներում:

Պատճառներ
Մարդկանց վարակման աղբյուրը մարդն է կամ կենդանին: Որոշ մակաբուծական հիվանդությունների դեպքում հիվանդը կարող է վարակել ինքն իրեն (օրինակ` եղունգները կրծելու միջոցով): Այս երևույթն անվանվում է աուտոինվազիա: Մակաբուծական հարուցիչները մարդու օրգանիզմ են թափանցում մաշկի կամ բնական անցքերի միջոցով (բերան, քթանցքեր, հետանցք, հեշտոց, միզուկի բացվածք): Ըստ հարուցչի փոխանցման եղանակի տարբերում են մակաբուծական հիվանդությունների հետևյալ տեսակները`
- սննդային,
- շփումային,
- փոխանցող,
- օդակաթիլային:

Սննդային մակաբուծական հիվանդությունների դեպքում հարուցիչնեչն օրգանիզմ են ընկնում մակաբույծներով վարակված սննդամթերքի, ինչպես նաև վարակված ջրի օգտագործման ժամանակ: Հարուցիչները կարող են ընկնել օրգանիզմ կեղտոտ ձեռքերի և ամանեղենի միջոցով:
Շփումային մակաբուծական հիվանդությունների ժամանակ մարդը վարակվում է հիվանդ մարդկանց կամ կենդանիների հետ շփվելիս, ինչպես նաև կենցաղային վարակված առարկաների միջոցով:
Փոխանցող մակաբուծական հիվանդությունների հարուցիչները փոխանցում են հոդվածոտանիները, օրինակ` մլակները, մոծակները և այլն: Մակաբուծական հիվանդությունների օդակաթիլային ճանապարհով փոխանցումը քիչ հավանական է, բայց ենթադրվում է, որ սրատուտի կամ ասկարդի ձվերը կարող են փոշու միջոցով տարածվել, ընկնել բերանի խոռոչ և կուլ գնալ:

Պաթոգենեզ
Մակաբուծական հիվանդությունների հարուցիչները կարող են առաջացնել մեխանիկական գրգռում, վնասել հյուսվածքներն ու օրգանները, թունավոր ազդեցություն թողնել, առաջացնել օրգանիզմի գերզգայունություն` հետագա ալերգական հակազդեցություններով, ինչպես նաև, կլանելով արյուն և սննդանյութեր, առաջացնել սակավարյունություն և հյուծում: Նրանք կարող են նաև ծանրացնել մյուս հիվանդությունների ընթացքը:

Բուժում
Մակաբուծական հիվանդությունները բուժում է բժիշկը` օգտագործելով հարուցիչները ոչնչացնող և օչգանիզմը չվնասող քիմիական պատրաստուկներ:

Կանխարգելում
Մակաբուծական հիվանդությունների կանխարգելումը ենթադրում է հիվանդների և մակաբույծների հայտնաբերում և բուժում, ինչպես նաև հարուցիչների ոչնչացում` վարակազերծման և միջատազերծման մեթոդներով: Անհրաժեշտ է հնարավոր վարակման շրջաններում ձեռնարկել մարդկանց վարակումը կանխարգելող միջոցառումներ, օրինակ` հակամալարիային պատրաստուկների ընդունում այն շրջաններում, որտեղ այդ հիվանդությունը տարածված է:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին