Իրենից ներկայացնում է մորֆոլոգիական, ֆիզիոլոգիական, մետաբոլիկ փոփոխությունների համակցություն, որոնք առաջանում են ի պատասխան լյարդը վնասող գործոնների՝ վիրուսային, կենսաբանական, տոքսիկ, ֆիզիկական և այլն: Իր մեջ ներառում է մի շարք սինդրոմներ՝ լյարդի հյուսվածքի բորբոքման, հիպերբիլիռուբինեմիայի, խոլեստազի, պորտալ հիպերտենզիայի, հեպատոլիենալ, հեպատոռենալ և այլն:

Կլինիկան
Հիմնական կլինիկական նշաններն են ցավերն աջ թուլակողում, լյարդի մեծացումը և դեղնուկը: Որոշ դեպքերում լինում է նաև տենդ, լեյկոցիտոզ, ԷՆԱ-ի արագացում, նյութափոխանակությունների խանգարում: Հարկ է նշել, որ հաճախ լյարդի հյուսվածքի բորբոքումն ընթանում է անսիմպտոմ: Կարևոր է տարբերակել շիճուկաբիոքիմիական սինդրոմները՝ ցիտոլիտիկ, մեզենքիմալ-բորբոքային, ռեգեներացիայի և քաղցկեղային աճի: Ցիտոլիտիկ սինդրոմը բնորոշվում է լյարդի բջիջների վնասմամբ: Ախտորոշումը հիմնվում է շիճուկում ԱլԱՏ-ի, ԱսԱՏ-ի, ԳՏՊ-ի (գլյուտամատտրանսպեպտիդոզա), ԼԴԳ-ի քանակի փոփոխության հիման վրա: Հիպերֆերմենտեմիան առաջանում է ոչ միայն լյարդի ախտահարման, այլ նաև սրտամկանի ախտահարման, սուր պանկրեատիտի, նեֆրիտի, ճառագայթային ախտահարման ժամանակ: Մեզենքիմալ-բորբոքային սինդրոմը հիմնված է լյարդի մեզենքիմալ-ստրոմալ էլեմենտների բարձր ակտիվության վրա: Դրա ախտորոշման համար օգտագործում են թիմոլային և սուլեմային փորձերը: Ռեգեներացիայի և քաղցկեղային աճի սինդրոմը պայմանավորված է լյարդում ռեգեներատոր և ուռուցքային պրոցեսներով: Այս սինդրոմի հիմնական ինդիկատորը a1-ֆետոպրոտեինն է:

Բուժումը
Այնտեղ, որտեղ հնարավոր է, պետք է լինի էթիոտրոպ: ևարժման ռեժիմը կախված է լյարդում բորբոքային պրոցեսների ակտիվությունից: Միջին և բարձր ակտիվություն ունեցող ձևերի ժամանակ ռեժիմը կիսաանկողնային և անկողնային է: Բորբոքային ողջ պրոցեսի ընթացքում հիվանդը պետք է ստանա սպիտակուցներով, ածխաջրերով և վիտամիններով հարուստ սնունդ: Կտրականապես արգելվում է ալկոհոլի ընդունումը: Քանի որ շատ դեղամիջոցներ ունեն հեպատոտոքսիկ ազդեցություն, դեղերը նշանակվում են կյանքի ցուցումով: Իմունաբորբոքային պրոցեսների ակտիվության դեպքում քննարկվում է իմունոդեպրեսիվ թերապիայի կիրառումը:

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին