Ըստ կլինիկական ընթացքի լյարդային անբավարարությունը լինում է.
1. սուր
2. քրոնիկական

Սուր լյարդային անբավարարություն կարող է զարգանալ վիրուսային հեպատիտի ծանր ձևերի ժամանակ, հատկապես վաղ տարիքի երեխաների մոտ, սնկային թունավորումներից, դեղորայքի անընդունելիությունից, այլ խմբի արյան ներարկումից և այլն։ Քրոնիկական լյարդային անբավարարություն զարգանում է լյարդի քրոնիկական հիվանդություններից (հեպատիտ, ցիռոզ), ներլյարդային հեմոդինամիկայի խանգարումներից և այնպիսի հիվանդություններից, որոնք ուղեկցվում են լեղահոսքի խանգարումներով (լեղաքարային հիվանդություն, լյարդային կամ ընդհանուր լեղածորանի նեղացում, քրոնիկական պանկրեատիտ, ընդհանուր լեղածորանի խցանում), շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններից, ներզատական հիվանդություններից, թունավորումների դեպքում և այլն։

Տարբերում են լյարդային անբավարարության զարգացման երեք շրջան.

1. Առաջին շրջանը բնորոշվում է հուզական անկայունությամբ, նկատվում է տրամադրության արագ փոփոխություն, անքնություն, գլխացավ, գլխապտույտ։

2. Երկրորդ շրջանում հայտնաբերվում են նյարդահոգեկան ավելի արտահայտված երևույթներ՝ ատաքսիա, ձեռքերի, շրթունքների, կոպերի տրեմոր, hիպերռեֆլեքսիա։ Այդ շրջանում hաճախ նկատվում է խիստ գրգռվածություն, ակամա արտաթորություն և միզարտադրություն, հայտնվում են լյարդային անբավարարության այնպիսի բնորոշ նշաններ, որոնք արտահայտվում են սնուցման խանգարումով, հյուսվածքների լարվածության (տուրգոր) իջեցումով, մաշկի չորությամբ, մաշկի և սկլերաների դեղնությամբ, մաշկում «անոթային աստղիկների» և արյունազեղումների առկայությամբ, լյարդի չափերի մեծացումով կամ փոքրացումով, երբեմն որովայնի ջրգողությամբ (ասցիտ) և այտուցներով։ Փոփոխված են լյարդի շատ փորձանմուշների ցուցանիշները։ Արյան մեջ իջած է ալբումինի, պրոթրոմբինի, ֆիբրինոգենի, խոլեսթերինի պարունակությունը, հաճախ հայտնաբերվում է լեյկոցիտոզ, արագացած ԷՆԱ, անեմիա, ամինոտրանսֆերազների պարունակության ավելացում։ Լյարդի ֆունկցիայի արտահայտված խանգարումներ հայտնաբերվում են նաև ռադիոիզոտոպային հեմատոգրաֆիայի մեթոդով։

3. Երրորդ շրջանին (կոմայի շրջան) բնորոշ են մթագնած գիտակցությունը, ստուպորը, կոման։ Նախակոմային փուլում սովորաբար նկատվում է ախորժակի արտահայտված բացակայություն (անոռեքսիա), սրտխառնոց, լյարդի չափերի փոքրացում, դեղնության հարաճում, արյան մեջ՝ հիպերբիլիռուբինեմիա, ամինաթթուների և կաթնաթթվի քանակության ավելացում։ Կոմայի փուլում լինում է գիտակցության կորուստ։ Զարգանում են ախտաբանական ռեֆլեքսներ, մենինգիալ ախտանիշներ։ Հիվանդը խիստ նիհարած է, վերջույթները սառը, բերանից գալիս է բնորոշ լյարդային հոտ։ Արյան շիճուկում բարձրանում է մնացորդային ազոտի և ամոնիակի պարունակությունը, դիտվում է հիպոկալեմիա և ոչ հազվադեպ՝ հիպոնատրիեմիա, մետաբոլիկ ացիդոզ։ Հաճախ լյարդային կոման հիվանդների մահվան պատճառ է դառնում։

Սուր լյարդային անբավարարությունը բնորոշվում է սուր կամ աստիճանաբար սկսվող ախտանիշներով և տևում է մի քանի օրից մինչև մի քանի շաբաթ։ Ախտաբանական պրոցեսը կարող է սահմանափակվել զարգացման առաջին կամ երկրորդ շրջանով և ավարտվել առողջացմամբ։ Նկատվում է նաև լյարդային անբավարարության կայծակնային ընթացք, որի դեպքում մահացու ելքը զարգանում է մի քանի ժամվա ընթացքում։

Բուժումը։ Սուր լյարդային անբավարարության ժամանակ հիվանդը հոսպիտալացվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։ Կատարվում է հիմնական հիվանդության բուժում։

Քրոնիկական լյարդային անբավարարության ժամանակ բուժում են հիմնական հիվանդությունը։ Կոնսերվատիվ բուժումն առաջին հերթին պետք է նպատակամղել հեպատոցիտների ֆունկցիոնալ վիճակի բարելավմանը, որին նպաստում են անկողնային ռեժիմն ու բարձր կալորիականությամբ դիետան՝ ածխաջրերի հարուստ պարունակությամբ և սպիտակուցների խիստ սահմանափակումով, ընդհուպ մինչև բացառումը։ Աղիքներից սպիտակուցային քայքայման նյութերի հեռացման նպատակով կիրառում են լուծողական միջոցներ և հոգնաներ։ Նեխման պրոցեսների ընկճման նպատակով ներքին ընդունման ձևով տրվում են հակաբիոտիկներ։

 

 

 

Սկզբնաղբյուրը՝ Կլինիկական մանկաբուժություն

Վ.Ա. Աստվածատրյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին