Նկարագրություն

Լուծանքը կամային շարժումների լրիվ կորուստն է` մկանների նյարդավորման խանգարման հետևանքով: Կիսալուծանքի ժամանակ, ի տարբերություն լուծանքի, նկատվում է մկանային ուժի մասնակի կորուստ, կամային շարժումները սահմանափակվում են, սակայն լրիվ չեն վերանում: Լուծանքները և կիսալուծանքները առաջանում են գլխուղեղի, ողնուղեղի, ինչպես նաև ծայրամասային նյարդերի հիվանդությունների ժամանակ, որոնք պետք է տարբերել հոդերի, մկանների և կապանների հիվանդությունների ու վնասվածքների հետևանքով առաջացած շարժողության սահմանափակումներից:

Գլխուղեղի և ողնուղեղի արյունամատակարարման խանգարման, բորբոքումների և վնասվածքների հետ կապված լուծանքները և կիսալուծանքներն անվանում են կենտրոնական: Դրանք զուգակցվում են ախտահարված վերջույթը որոշակի դիրքում սևեռող մկանների լարվածությամբ (սովորաբար` ձեռքերի ծալում, ոտքերի տարածում):

Ծայրամասային նյարդերի (բորբոքում, վնասվածք, թունավորում, օրինակ` կապարով, արսենով) կամ ողնուղեղի հատվածների (որտեղից սկսվում են այդ նյարդերը) հիվանդությունների հետևանքով առաջացած լուծանքը անվանում են ծայրամասային: Նման դեպքերում մկանները թորշոմում են, նիհարում, ծայրանդամը կախ է ընկնում: Եթե այդպիսի լուծանքներն առաջանում են վաղ մանկական տարիքում (օրինակ` պոլիոմիելիտի ժամանակ), ապա հիվանդ ձեռքի կամ ոտքի աճը դադարում է: Լուծանքները չբուժելիս հոդերում շարժումները դժվարանում են, վերջույթի ճիշտ դիրքը խախտվում է, որից շարժումներն ավելի են սահմանափակվում:

Գանգուղեղային նյարդերի ախտահարումների (բորբոքում, վնասվածք, ներգանգային արյունազեղում) ժամանակ կարող են առաջանալ դեմքի, լեզվի, կոկորդի մկանների լուծանքներ: Օրինակ` ակնագնդի մկանների լուծանքների հետևանքով առաջանում է շլություն և երկտեսություն, դիմային նյարդի բորբոքման ժամանակ անհետանում են դեմքի համապատասխան կեսի դիմախաղի մկանների շարժումները, ենթալեզվային նյարդի լուծանքների ժամանակ հիվանդը դժվարանում է խոսել և այլն:


Բուժում

Լուծանքները և կիսալուծանքները բուժում են բժշկի հսկողությամբ` սովորաբար սկսելով արյան շրջանառության, կենտրոնական կամ ծայրամասային նյարդային համակարգերի հիվանդությունների (որոնց բարդությունն են դրանք) բուժմամբ: Վերջույթների խանգարված ֆունկցիայի վերականգնումն սկըսում են ծայրանդամին ճիշտ դիրք տալով: Ձեռքի համար այդպիսի դիրքը թեթևակի ծալումն է արմնկային հոդում և տարածումը ճաճանչադաստակային հոդում, ինչպես նաև մատների թեթևակի ծալումը, ոտքերի համար` չափավոր տարածումը ծնկային հոդում, ոտնաթաթի թիկնային ծալումը: Ոտքը չպետք է դուրս շրջված լինի: Վերջույթի ճիշտ դիրքը պահպանելու համար օգտագործում են փափուկ բարձիկներ (պինդ փաթաթած բամբակից կամ գործվածքից) կամ պլաստիկ նյութերից պատրաստված բեկակալներ: Սակայն հիվանդ ծայրանդամը չպետք է անշարժ մնա:1-ին իսկ օրից սկսում են պասսիվ մարմնամարզություն` հիվանդ ոտքի կամ ձեռքի հոդերում հաջորդաբար ծալում և տարածում կատարելով: Այդ մարմնամարզությունը (բուժաշխատողի հանձնարարականով) կարող է կատարել նաև հիվանդը (հատկապես ձեռքի լուծանքների ժամանակ): Շարժումների վերականգնմանը նպաստում են նաև այնպիսի վարժություններ, որոնք կատարելիս հիվանդը պետք է ջանա միաժամանակ շարժել առողջ և հիվանդ վերջույթները: Շարժումները վերականգնելիս հարկավոր է մեծացնել դրանց ծավալը`օրեցոր ավելացնելով այն 1-2 սմ-ով: Մկանների ուժի ավելացմանը զուգընթաց կարելի է ներառել նաև չափավոր բեռնվածությամբ վարժություններ (ռետինե ժապավենով, էսպանդերով, ռետինե գնդակով): Բեռնվածության միայն այդպիսի փուլային ավելացումը կարող է արդյունավետ լինել: Հապճեպ անցումն ուժից վեր վարժությունների կարող է վտանգավոր լինել և վերականգնումը դանդաղեցնել: Վարժությունների ծրագիրը կազմում է բուժական ֆիզկուլտուրայի մեթոդիստը: Թույլ վերջույթներում շարժումները թեթեվացնելու համարօգտագործում են օրթոպեդական սարքեր: Բուժական ֆիզկուլտուրան անցկացվում է մերսման, դեղորայքային բուժման և ֆիզիոթերապիայի հետ միաժամանակ:


Կանխարգելում

Լուծանքների կանխարգելումը հիմնականում լուծանքների ընթացքը բարդացնող հիվանդությունների ու վնասվածքների բուժումն է: Հատկապես մեծ նշանակություն ունի երեխաների հակապոլիոմիելիտային վակցինացումը: Արտադրությունում կապարի, սնդիկի և արսենի հետ աշխատելիս անհրաժեշտ է պահպանել անվտանգության տեխնիկայի կանոնները և պարբերաբար ենթարկվել բժշկական զննումների: