Լուսնոտությունը (քնաշրջություն, գիշերաշրջություն, սոմնամբուլիզմ)`  քնի խանգարման հազվադեպ ձև է, որը հնարավոր է հոգնածության, ասթենիկ նևրոզների, հիսթերիայի, էպիլեպսիայի որոշ ձևերի դեպքերում և ծանր հիվանդությունից ապաքինվելուց հետո: Լուսնոտություն առաջանում է, եթե կենտրոնական նյարդային համակարգի արգելակումը քնած ժամանակ չի տարածվում շարժողական ֆունկցիաներն ապահովող գլխուղեղի հատվածների վրա: Ոչ լրիվ և ոչ խորը արգելակման դեպքում մարդը քնած ժամանակ խոսում է, նստում անկողնում:

Լուսնոտությունն ավելի արտահայտված խանգարում է, երբ քնած մարդը վեր է կենում անկողնուց, քայլում աննպատակ կամ երազի ազդեցությամբ, իսկ առավոտյան այդ մասին հիշում է աղոտ կամ բոլորովին չի հիշում: Լուսնոտությամբ տառապող հիսթերիկ խառնվածքով անձինք իրենց հետ կատարվածը պատմում են վառ գույներով: Պատահական չէ, որ նախկինում լուսնոտությունը համարվել է առեղծվածային հիվանդություն`ուստի և մարդիկ երկյուղել են լուսնոտներից, տեսնելով, որ նրանք կարող են քայլել տանիքի եզրերով (հրաշքով պահպանելով հավասարակշռությունը) կամ գուշակել ապագան:

Լուսնոտության նոպաների ժամանակ լուսնոտները կարող են ընկնել, վնասվել, որից էլ արթնանում են: Դժբախտ պատահարներից խուսափելու համար լուսնոտի սենյակի պատուհաններն ու դռները պետք է փակ պահել, էլեկտրասարքավորումներն անջատել: Քնաշրջությունը, ինչպես և քունը կարելի է ընդհատել` հանգիստ, ցածր ձայնով: Լուսնոտությամբ տառապող անձը պետք է հետազոտվի և բուժվի:

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին