Ընկալման խանգարումներից իսկական ցնորքների` ըստ անալիզատորների, տարատեսակ են: Լսողական ցնորքները ստորաբաժանվում են ակոազմների և ֆոնեմների։ Ակոազմներ են կոչվում իմաստ չկրող պարզ բնույթի ձայնային երևույթները, չունեն խոսքային բնույթ, օրինակ՝ զանգ, աղմուկ, սուլոց, կրակոց, ծլվլոց, ամբոխի աղմուկ և այլն։ Ֆոնեմներին են դասվում իմաստ կրող ձայները։ Սրանցից են խոսքերը և ձայները։ Ըստ ինտենսիվության, ձայները կարող են լինել ցածր, բարձր, խլացնող, բնական։ Կարող են լսվել վերևից կամ ներքևից, հեռվից կամ մոտիկից։ Ձայների բովանդակությունը հիվանդի համար կարող է լինել անտարբեր, սպառնացող, զգուշացնող, չարագուշակ, ծաղրական, կանխագուշակող։ Մշտապես կարող է լինել մեկ ձայն, այն կարող է միայն «տալ» հիվանդի անունը (այսպես կոչված` «կանչեր»)։ Ձայները կարող են «արտասանել» առանձին բառեր կամ լսվել զրույցների` մենախոսությունների կամ երկխոսությունների ձևով։ Նրանք կարող են քննարկել հիվանդի անցյալը, ներկան կամ ապագան, քննարկել հիվանդի բարոյական հատկանիշները։

Առանձնացնում են մեկնաբանող ցնորքներ, որոնք կարծիք են հայտնում հիվանդի յուրաքանչյուր քայլի վերաբերյալ, իմպերատիվ ցնորքները պարտադրում են հիվանդին կատարել այս կամ այն գործողությունը (երբեմն վտանգավոր հիվանդի և նրա շրջապատի համար), մարգարեական ցնորքները «կանխագուշակում են» հիվանդի, նրա շրջապատի և համայն մարդկանց ապագան։ Այս շարքում առանձնացնում են նաև սպառնացող, դատապարտող, չեզոք ցնորքները։

 

 

Սկզբնաղբյուրը՝ Հոգեբուժություն

Ս.Հ. Սուքիասյան, Ս.Պ. Մարգարյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին