Հիվանդության հարուցիչը Lysteria monocytogenes-ն է, որը կորինոբակտերիաների ընտանիքին պատկանող գրամ-դրական ցուպիկ է։ Մարդը վարակվում է տնային կենդանիներից կամ լիստերիաներով վարակված սննդամթերք օգտագործելուց։ Հարուցիչը կարող է ներթափանցել օրգանիզմ նաև մաշկով և շնչական ուղիներով։ Մարդկանց միմյանց վարակելու հարցը դեռես լրիվ պարզաբանված չէ, սակայն այդ հնարավորությունը չի բացառվում։ Հղիների մոտ լիստերիոզը կարող է ընթանալ ինչպես առանց ախտանիշների (անսիմպտոմ), այնպես էլ ջերմության բարձրացումով, գոտկային շրջանի ցավերով, պիելիտի երևույթներով։ Կարող է գրիպանման պատկեր ունենալ։ Պտղի վարակումը տեղի է ունենում ընկերքի միջոցով, ինչպես նաև ասպիրացիայի կամ շուրջպտղային հեղուկների կլման դեպքում։

Ներարգանդային վարակումը կարող է պատճառ դառնալ պտղի մահվան, բայց ավելի հաճախ` լիստերիոզի դեպքում ծնվում են անհաս և հիվանդ երեխաներ։ Նորածինների օրգաններում և հյուսվածքներում լիստերիոզը բավական բնորոշ փոփոխություններ է առաջացնում, որոնք արտահայտվում են ուրույն գրանուլացիոն հյուսվածքով շրջապատված լոբու մեծության գորշասպիտակավուն կամ դեղնավուն մեռուկային (նեկրոզված) օջախների զարգացմամբ։ Լիստերիոզային հանգույցներ են հայտնաբերվում ավշագեղձերում, երիկամներում, թոքերում, աղիքների պատերում և այլուր։

Լիստերիոզի կլինիկան շատ խայտաբղետ է։ Հաճախ` ծնվելուց անմիջապես հետո, նորածինների մոտ երևան են գալիս շնչառության խանգարման և սրտանոթային անբավարարության երևույթներ։ Շնչառությունը դառնում է հաճախ, մակերեսային, նկատվում են շնչահեղձուկի նոպաներ։ Սրտի տոները խլանում են, հաճախանում։ Երեխայի ջերմությունը բարձրանում է;, բայց չի հասնում շատ բարձր թվերի։ Անհասների մոտ ջերմությունը կարող է լինել նույնիսկ նորմայից ցածր։ Որոշ հեղինակներ գտնում են, որ լիստերիոզի համար բնորոշ է ծնվելուց առաջ կամ կյանքի առաջին իսկ ժամերին առաջացող ցանավորումը; Ցանը կրում է շտավոր վարդացանի բնույթ և տեղակայված է լինում մեջքին, գոտկային շրջանում ու ծայրանդամներին։ Շիտը լինում է կարծրացած, կարմիր օղակով շրջապատված, կորեկի հատիկի մեծության։ Դրանք յուրօրինակ լիստերիոզային գրանուլոմաներ են, որոնք տեղակայվում են ոչ միայն մաշկի վրա, այլև բկանցքի և ըմպանի լորձաթաղանթում։

Բնածին լիստերիոզի դեպքում հաճախ են հանդիպում նաև կենտրոնական նյարդային համակարգի ախտահարումներ, որոնք արտահայտվում են մենինգոէնցեֆալիտի նշաններով՝ կլոնիկ ցնցումներ, փսխում, կլման ակտի խանգարում։ Ողնուղեղային հեղուկում արտահայտված բջջաշատացում է լինում։ Արյան հետազոտության ժամանակ նկատվում է լեյկոցիտոզ՝ ձախ թեքումով։ Նորածինների լիստերիոզը հաճախ ընթանում է ծանր և կյանքի առաջին օրերին կարող է մահվան պատճառ դառնալ։ Նկարագրված են նաև հիվանդության թեթև դեպքեր, որոնք վերջանում են առողջացմամբ։ Լիստերիոզի ախտորոշումը մեծ դժվարությունների հետ է կապված։ Լիստերիոզի ամենահամոզիչ փաստարկը հարուցչի հայտնաբերումն է քթի և բկանցքի լորձում, մեկոնիումի առաջին բաժիններում, ինչպես նաև՝ ողնուղեղային հեղուկում։ Ախտորոշիչ նշանակություն ունի նաև ագլյուտինացիայի ռեակցիան՝ լիստերիոզային հակածնով (տիտր 1:100, որը հետագայում աճում է) և կոմպլեմենտի կապման ռեակցիան։

Բուժումը քիչ է արդյունավետ։ Համեմատաբար բարորակ ընթացք է նկատվում վաղ սկսված բուժման դեպքում։ Նշանակվում են հակաբիոտիկներ։ Հակաբիոտիկները զուգակցվում են սուլֆանիլամիդների հետ։ Անհրաժեշտ է անցկացնել նաև ախտանշական (սիմպտոմային) բուժում, տալ սրտային դեղամիջոցներ, գամագլոբուլին, թթվածին, վիտամիններ և այլն: Լիստերիոզի կանխման համար անհրաժեշտ է հղիներին պահպանել վարակվելուց, իսկ հիվանդանալու դեպքում՝ անցկացնել համապատասխան բուժում։
 


 

Սկզբնաղբյուրը՝ Կլինիկական մանկաբուժություն

Վ.Ա. Աստվածատրյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին