Լեյկոպլակիան /Leucoplacia/ բերանի խոռոչի և շրթունքի կարմիր երիզի խրոնիկական հիվանդություն է, որը ուղղորդվում է էպիթելի գերեղջերացումով և բուն լորձաթաղանթի բորբոքումով: Հանդիպում է մեծամասամբ միջին և մեծ տարիքի տղամարդկանց մոտ: Հանդիսանում է ֆակուլտատիվ նախաքաղցկեղ:

Պատճառագիտություն – հիմնական դերը հատկացվում է տեղային գրգռիչներին/մեխանիկական, ջերմային, քիմիական/, ամենահաճախ պատճառ է հանդիսանում ծխախոտի օգտագործումը, որի ընթացքում բերանի խոռոչի լորձաթաղանթի վրա ցուցաբերվում է համակցված գրգռիչ ազդեցություն /ջերմային և քիմիական/: Նաև պատճառ կարող են լինել երկարատև ազդող թույլ ազդակները /ալկոհոլը, կծուն և այլն/, ատամների սուր եզրերը, մեծ քանակի ատամնաքարերը, սխալ պատրաստված պրոթեզները, ինչպես նաև գալվանիզմը: Լեյկոպլակիայի զարգացման մեջ մեծ դեր են խաղում նաև որոշ էնդոգեն գործոններ` ստամոքս-աղիքային տրակնտի ախտահարումներ, հիպովիտամինոզ A, հորմոնալ խանգարումները:

Կլինիկան – սկզբնական շրջանում կլինիկական նշանները աննկատ են, սովորաբար սկսվում են էպիթելում սպիտակամոխրագույն օջախի առաջացումով, եղջերացած տարրերի առկայությամբ: Օջախը առաջանում է չփոփոխված լորձաթաղանթի վրա: Լեյկոպլակիայի օջախների յուրահատուկ տեղակայման գոտի է հանդիսանում այտերի լորձաթաղանթը՝ ատամների հպման գծով առջևի հատվածում, բերանի անկյունները, շրթունքի կարմիր երիզը առանց մաշկի: Հազվադեպ լեզվի մեջքին և կողմնային հատվածները:
Ծխողների մոտ բնորոշ տեղակայումն է քիմքը/Տապեյների լեյկոպլակիա/:
Տարբերակում են լեյկոպլակիայի հեևյալ տեսակները՝
1. տափակ կամ հասարակ
2. վերուկոզ կամ գորտնուկավոր
3. էրոզիվ
Այս տեսակները կարող են վերափոխվել մեկը մյուսով, կարող են արտահայտվել միանգամից բոլոր ձևերը նույն հիվանդի մոտ: Սովորաբար սկսվում է տափակ ձևից: Տափակ կամ հասարակ լեյկոպլակիան /leucoplakia plana/: Սովորաբար սուբյեկտիվ զգացումներ չի առաջացնում և հայտնաբերվում է հանկարծակի: Երբեմն հիվանդները նշում են այրոցի և ձգվածության զգացում և լորձաթաղանթի անսովոր տեսք: Լեզվային տեղակայման ժամանակ կարող է փոփոխվել համազգայնությունը: Հիմնական ձևաբանական տարրն է գերեղջերացող բիծը, որը իրենից ներկայացնում է էպիթելի հատվածի մգացում էպիթելի սահմաններով, որը չի բարձրանում լորձաթաղանթի մակերեսից:  Մակերեսը անհարթ է և չոր: Բերանի անկյուններում տեղակայված բիծը ունենում է եռանկյան տեսք, այտերի կամ շուրթերի վրա - օվալ:

Վերուկոզ լեյկոպլակիա /leucoplakia verrucoza/- տափակին հաջորդող փուլն է: Դրան նպաստում է տեղային գրգռիչները, սուր եզրերը, ծխելը, նախկին օջախների քրոնիկ տրավման /կծելը/, կծու սնունդը, գալվանիզմը: Հիմնական նշանը – արտահայտված եղջերացումն է, օջախը զգալի բարձրացած է լորձաթաղանթի նկատմամբ, գույնը փոփոխված է: Շոշափման ժամանակ՝ մակերեսային պնդացում, ցավը արտահայտված չէ: Հիվանդների հիմնական գանգատներն են անհարթությունը և ձգվածության զգացողությունը, սնունդը ընդունելիս այրոց և ցավ: Տարբերակում են վահանաձև և գորտնուկավոր ձևերը: Վահանաձևը ունի սահմանափակ կաթնա-սպիտակավուն վահանիկի տեսք, բարձր է լորձաթաղանթից և ունի հստակ սահմաններ:

Գորտնուկավորը բնութագրվում է ամուր թմբիկային գոյացությունների արկայությամբ, որոնք բարձր են լորձաթաղանթի մակերեսից: Այս ձևը կարող է չարորականալ: Շոշափումը անցավ է, զգացվում է կարծր ինֆիլտրատ: Էրոզիվ լեյկոպլակիան նախորդ երկու ձևերի բարդացումն է՝ վնասվածքի հետևանքով: Հիվանդի մոտ առաջանում է ցավի զգացողություն, որը ուժգնանում է տարբեր գրգռիչներից: Սովորաբար տափակ կամ վեռուկոզ լեյկոպլակիայի ֆոնի վրա առաջանում են էռոզիաներ, ճաքեր և խոցեր: Էրոզիաները դժվարությամբ են էպիթելանում և հաճախ կրկնվում: Ծխողների Տապեյների լեյկոպլակիա: Հիմնականում ախտահարվում է կարծր քիմքի և նրան հարող փափուկ քիմքի լորձաթաղանթը: Ախտահարված  շրջանում լորձաթաղանթը սպիտակա-մոխրագույն է, հաճախ ծալքավոր: Կարծր քիմքի հետին մասում արտահայտված են կարմիր կետեր – կիստայանման լայնացած մանր թքագեղձերի ելանցքները: Լեյկոպլակիայի այս տեսակը դարձելի է` ծխելու գործոնը հեռացնելու դեպքում հիվանդությունը վերանում է:

Հյուսվածաբանորեն՝ էպիթելի հաստացում եղջրացող և հատիկավոր շերտերի հաշվին: Հիպերկերատոզի օջախները հաջորդում են պարակերատոզի օջախներ: Շարակցահյուսվածքային հենքում արտահայտված բորբոքային ներսփռանք:
Չարորակացման հնարավորություն ունեն.
- տափակը – 3-5%
- վեռուկոզը և էրոզիվը – 20-30%
Չարորակացման նշաններն են.
- եղջրացման պրոցեսի արագացում
- օջախի չափերի արագ մեծացում
- վահանիկի և էրոզիայի հիմքում պնդացման առաջացում
- էրոզիվ մակերսին պտկիկավոր գերաճի առաջացում
- արյունահոսություն վնասվածքից
- չբուժվող ճաքերի առաջացում

Տարբերակիչ ախտորոշում.
- կարմիր տափակ որքին - /ձևաբանական տարրերով/
- կարմիր գայլախտ - /ձևաբանական տարրերով/
- երկրորդային սիֆիլիս – փառը հեռացվում է, տրեպոնեմաների հայտնաբերում
- քրոնիկ հիպերպլաստիկ կանդիդոզ - փառը հեռացվում է, սնկերի հայտնաբերում
- Բոուէնի հիվանդություն – տեղակայվում է փափուկ քիմքի և տոնզիլաների վրա
- փափուկ լեյկոպլակիա – փառը հեռացվում է, քանի որ առաջանում է պարակեռատոզի հետևանքով
- եղջրացող տափակբջջային քաղցկեղ – ատիպիկ բջիջների հայտնաբերում

Բուժումը՝ վնասվածքային գործոնի հեռացում և վիտամինոթերապիա:

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին