Կոկորդի լորձաթաղանթի բորբոքումը կոչվում է կոկորդաբորբ: Տարբերում են սուր և քրոնիկական կոկորդաբորբ: Երբեմն 6-8 տարեկան երեխաների մոտ առաջանում է սուր կոկորդաբորբի հատուկ ձև` կեղծ կրուպ, որն իր դրսևորումներով նման է կոկորդի դիֆթերիային կրուպին: Այս հիվանդության բարդությունն այն է, որ բորբոքային այտուցից կոկորդի լուսանցքը նեղանում է, շնչառությունը կտրուկ դժվարանում, որը հաճախ ուղեկցվում է ձայնաճեղքի կծկանքով:

Պատճառներ
Սուր կոկորդաբորբը առավել հաճախ առաջանում է վերին շնչուղիների սուր լորձենաբորբի, գրիպի, կարմրուկի, քութեշի, կապույտ հազի և այլ հիվանդությունների դեպքերում: Առաջացմանը նպաստում են ընդհանուր կամ տեղային մրսածությունը, հատկապես բերանով սառը օդ շնչելը, ձայնի գերլարումը (հատկապես` ցրտին երկարատև և բարձր գոռալը և այլն), փոշոտ օդ շնչելը, սխալ սննկակարգը (շատ սառը և տաք ըմպելիքները), ծխելը, սպիրտային խմիչքների չարաշահումը: Կեղծ կրուպով հաճախ հիվանդանում են բորբոքահեղձուկալորձենաբորբային նախատրամադրվածությամբ և ալերգիական այլ հիվանդություններով տառապող երեխաները: Այն առաջանում է գրիպի, սուր շնչառական հիվանդությունների, կարմրուկի, քութեշի ժամանակ և ընթանում է նոպայանման: Քրոնիկական կոկորդաբորբը կրկնվող սուր կոկորդաբորբի կամ քթի և քթի հավելյալ ծոցերի, ըմպանի երկարատև բորբոքային գործնթացների հետևանք է: Հիվանդությանը նպաստում են ծխելը, ալկոհոլի չարաշահումը, ձայնի գերլարումը:

Պաթոգենեզ
Սուր կոկորդաբորբի դեպքում հիվանդները գանգատվում են կոկորդի չորությունից, քերծման զգացումից, սկզբում` չոր, այնուհետև խորխարտադրությամբ ուղեկցվող հազից: Ձայնը խռպոտում, կոշտանում կամ լրիվ խզվում է: Երբեմն լինում են գլխացավ, ջերմաստիճանի թեթևակի բարձրացում, կուլ տալիս` ցավի զգացողություն: Կեղծ կրուպի նոպան սովորաբար առաջանում է անսպասելի, գիշերը քնած ժամանակ երեխան հանկարծակի արթնանում է քրտինքի մեջ, անհանգիստ, շնչառությունը` դժվարացած և աղմկոտ, շրթունքները կապտում են, հազը հաչոցանման է: 20-30 րոպե անց երեխան հանգստանում է և քնում: Ջերմաստիճանը կարող է աննշան բարձրանալ: Նոպաները երբեմն կրկնվում են նույն կամ հաջորդ գիշերը: Երեխայի կյանքին վտանգ է սպառնում, երբ կեղծ կրուպն ուղեկցվում է ձայնաճեղքի կծկանքով: Քրոնիկական կոկորդաբորբի ժամանակ հիվանդները գանգատվում են ձայնի խռպոտությունից, կոկորդի քերծման զգացողությունից, մշտական հազից: Բորբոքային գործնթացների սրացման դեպքում այդ երևույթները սաստկանում են: Քրոնիկական կոկորդաբորբը, որպես մասնագիտական հիվանդություն բնորոշ է մանկավարժներին, երգիչներին:

Բուժում
Սուր կոկորդաբորբի բուժումը պետք է սկսել հիվանդության պատճառի վերացումից: Կոկորդի լրիվ հանգստի համար հիվանդին խորհուրդ չի տրվում 5-7 օր խոսել: Սննդում պետք է բացառել կծու համեմունքները: Արգելվում է ծխել, սպիրտային խմիչքներ օգտագործել: Օգտակար են տաք ըմպելիքները, կոկորդի ողողումը, տաք ինհալացիաները, պարանոցին տաքացնող կոմպրեսը և այլն: Անհրաժեշտության դեպքում բժիշկը նշանակում է նաև դեղանյութեր: Քրոնիկական կոկորդաբորբով հիվանդներն անպայման պետք է գտնվեն բժշկի հսկողության տակ: Կախված բորբոքային գործընթացի բնույթից` նշանակում են տարբեր բուժարարողություններ: Կեղծ կրուպի ախտանշաններն ի հայտ գալիս անհրաժեշտ է շտապ բժշկական օգնություն կանչել կամ երեխային հասցնել մոտակա հիվանդանոց: Մինչև բժշկի գալը հիվանդության նոպան կարելի է մեղմել` կոկորդի և կրծքավանդակի շրջանում մանանեխի ծեփուկներ դնելով, օգտակար են նաև ոտքերի (5-7 րոպե, 39 C ջերմաստիճանի ջրով) լոգանքը, մաքուր օդը և տաք ըմպելիքը (կաթ, հանքային ջուր):

Կանխարգելում
Մեծ նշանակություն ունի սպորտով զբաղվելը, օրգանիզմի կանոնավոր կոփումը: Քրոնիկական կոկորդաբորբի կանխարգելման և հաջող բուժման համար կարևոր է ժամանակին բուժել սուր կոկորդաբորբի քթի և քթի հավելյալ ծոցերի, ըմպանի հիվանդությունները: Հարկավոր է հրաժարվել ծխելուց և սպիրտային խմիչքներ օգտագործելուց, սխալ սննդակարգից, պահպանել հարմար ձայնային ռեժիմ: Երգիչներին, մանկավարժներին խորհուրդ է տրվում մշտապես գտնվել քիթկոկորդականջաբանի հսկողության տակ:

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին