Կոկորդի լորձաթաղանթի բորբոքումը և լուսանցքի նեղացումը անվանում են կրուպ: Այն ուղեկցվում է ձայնի պարբերաբար խռպոտությամբ, <<հաչոցանման>> հազով և շնչարգելությամբ: Առավել հաճախ հիվանդանում են 1-5 տարեկան երեխաները: Տարբերում են իսկական և կեղծ կրուպ:

Պատճառներ
Իսկական կրուպ առաջանում է միայն դիֆթերիայի դեպքում, իսկ կեղծը` սուր շնչառական հիվանդությունների, գրիպի և այլ դեպքերում: Կեղծ կրուպն ավելի հաճախ առաջանում է ցուրտ եղանակներին: Անկախ առաջացման պատճառներից, կրուպի հիմքում ընկած է կոկորդի մկանների կծկումը:

Պաթոգենեզ
Կրուպի ժամանակ կոկորդի լորձաթաղանթը բորբոքվում է և այտուցվում: Շնչելիս օդը գրգռում է կոկորդի բորբոքված լորձաթաղանթը և առաջացնում մկանների կծկում, որի հետևանքով կոկորդի լուսանցքը նեղանում է, շնչառությունը` դժվարանում: Բորբոքվում են նաև ձայնալարերը, ձայնը դառնում է խռպոտ, հազը` <<հաչոցանման>>: Իսկական կրուպի դեպքում դիֆթերիայով հիվանդի ձայնը դառնում է կոպիտ, խռպոտ, շնչառությունը` դժվարացած: Նշված երևույթները խորանալիս առաջանում է ձայնի լրիվ կորուստ, իսկ 2-րդ շաբաթվա սկզբին` շնչառության խանգարում: Նկատվում են շնչարգելություն (երեխան կապտում է, թուլանում, շուռումուռ գալիս անկողնում), սրտի գործունեության անկում: Ժամանակին չբուժելիս կարող է մահացու ելք ունենալ:

Գրիպի, սուր շնչառական հիվանդությունների, կարմրուկի, քութեշի, ջրծաղկի, բերանաբորբի հետևանքով առաջանում է շնչառության դժվարացում, <<հաչոցանման>> հազ, ձայնի խռպոտություն: Ի տարբերություն իսկական կրուպի` շնչառության խանգարումն սկսվում է հանկարծակի: Առավել հաճախ երեխան պառկում է քնելու առողջ կամ աննշան հարբուխով և գիշերն արթնանում է հանկարծակի, կոշտ , <<հաչոցանման>> հազով, երբեմն կարող է շնչարգելություն լինել: Երեխաները հաճախ վախեցած են, անհանգիստ, որից ավելի է ուժեղանում հևոցը: Կեղծ կրուպի ժամանակ ձայնի լրիվ կորուստ գրեթե չի լինում: Շնչարգելության երևույթները կարող են շատ արագ անցնել կամ տևել մի քանի ժամ: Նոպաները երբեմն կրկնվում են հաջորդ օրը:

Բուժում
Կրուպի առաջին ախտանշանների դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի: Մինչև նրա գալը երեխային շնչել տալ տաք, խոնավ օդ, խմեցնել տաք հեղուկներ, կատարել ոտքերի տաք լոգանք, կոկորդի և կրծքավանդակի վրա մանանեխի ծեփուկներ դնել: Ավելի մեծ տարիքի երեխաներին` ինհալացիա` սոդայի լուծույթի գոլորշիներով (1 լ ջրին` 1 թեյի գդալ կերակրի սոդա): Եթե նշված մեթոդներով շնչարգելությունը չի վերանում, ապա անհրաժեշտ է շնչափողահատում: Կրուպի ժամանակ անհրաժեշտ է հիվանդին հոսպիտալացնել:
 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին