Նկարագրություն

Կրնկախիթը կրունկոսկրի վրա ոսկրային խիթանման գերաճ է (առավել հաճախ` ոսկրի ներբանային մակերևույթին) ոտնաթումբը պահող մկանների և փակեղների կպման հատվածում, հազվադեպ` ոսկրի հետին մակերևույթին և աքիլեսյան ջլի կպման տեղում:

Պատճառներ

Հաճախ հիվանդության պատճառը ոտնաթաթի կապանային ապարատի մշտական և երկարատև վնասումն է (օրինակ` պարողների, մարզիկ-վազորդների մոտ), ինչպես նաև տափակաթաթությունը: Կրնկախիթի առաջացմանը երբեմն նպաստում է մարմնի քաշի արագ ավելացումը: Հազվադեպ այն ի հայտ է գալիս վարակիչ հիվանդություններից, պոդագրայից հետո

Պաթոգենեզ

Սովորաբար կրնկախիթը առաջանում է 2 կրունկի վրա, երբեմն այն ընթանում է անախտանշան և զգացնել չի տալիս, բայց երբեմն քայլելիս առաջանում են կրունկի ներբանային մակերևույթի ուժեղ ցավեր (հաճախ` 1 ոտքի): Ցավերի ուժգնությունը ոչ միշտ է կախված խիթի մեծությունից: Հաճախ ոչ մեծ, նույնիսկ ռենտգենյան պատկերի վրա անտեսանելի ոսկրային գերաճն առաջացնում է ուժեղ ցավեր, որոնք կարող են մեղմանալ` խիթի աճմանը զուգընթաց: Կրնկախիթի արտաքին դրսևորումները բացակայում են: Երբեմն ոսկրի ներբանային մակերևույթը սեղմելիս նկատվում է ցավոտություն

Բուժում

Այս հիվանդության բուժումը նշանակում է բժիշկը, ով կրնկախիթը հայտնաբերում է հիվանդի գանգատների և ռենտգենյան նկարի հիման վրա: Բժշկությունն այժմ ունի այդ հիվանդության բուժման բավականաչափ արդյունավետ միջոցներ:

Սուր շրջանում (ուժեղ ցավերի ժամանակ) խորհուրդ է տրվում հանգստանալ և քիչ քայլել: Սուր երևույթները մեղմանալիս կիրառում են շրջապատող հյուսվածքների վրա կրկնախիթի սեղմումը պակասեցնող միջոցներ: Այդ նպատակով պրոթեզարաններում պատրաստում են կոշիկի հատուկ միջատակեր, որոնք խիթի տեղադրությանը համապատասխանող հատվածում անցքեր ունեն:

Օգնում է նաև ինքնաշեն( թանզիֆից և բամբակից պատրաստված) \\\"օղաբլիթը\\\", որը դնում են կրունկի տակ: Ցավը բավականին մեղմացնում է նաև վերհակիչի (հատուկ միջատակ) օգտագործումը, որը նշանակում է բժիշկը: Կրնկախիթով տառապող գեր մարդկանց խորհուրդ են տրվում մարմնի քաշը նվազեցնող միջոցներ:

Կանխարգելում

Կրնկախիթի կանխարգելման համար կարևոր նշանակություն ունի կոշիկի ճիշտ ընտրությունը. այն չպետք է նեղ կամ չափից ավելի լայն լինի, կրունկի բարձրությունը 3-4 սմ-ից չպետք է անցնի: