Կրիզները հիվանդի վիճակի հանկարծակի կտրուկ վատացումն է, որը բնորոշվում է հիվանդության նոր ախտանշանների առաջացմամբ կամ արդեն եղածների ուժեղացմամբ:
Պատճառներ
Պատճառ կարող են լինել գերհոգնածությունը, հուզումները, ոչ բարենպաստ պայմաններում (աղմկոտ կամ տոթ միջավայր, աշխատանքային և հանգստի ոչ ճիշտ ռեժիմ) աշխատելը, եղանակի տատանումները, հակացուցված սնունդը (օրինակ` յուղալի, տապակած կամ թթու դրած), ալկոհոլի չափից ավելի օգտագործումը, ծխելը:
Պաթոգենեզ
Գերճնշումային (հիպերտոնիկ) կրիզները առաջանում են, երբ հիվանդի զարկերակային ճնշումն արագ բարձրանում է սովորական մակարդակից: Այդ դեպքում նկատվում են գլխացավ, գլխապտույտ, աղմուկ և ծանրության զգացում գլխում, սրտխառնոց, փսխում: Հիվանդները հաճախ գանգատվում են սրտի ցավերից, երբեմն զգում են ընդհանուր թուլություն,գլխապտույտ, քայլվածքը դառնում է երերուն: Թերճնշումային (հիպերտոնիկ) կրիզները զարկերակային ճնշման հանկարծակի նվազումն է: Առաջանում է սուր սրտային կամ անոթային անբավարարության հետևանքով: Հիվանդների աչքերի առջև մթագնում է, ականջները` խցանվում, նկատվում է սրտխառնոց, երբեմն` ուշագնացություն:
Գլխուղեղային անոթային կրիզները գլխուղեղային արյան շրջանառության անցողիկ նոպաներ են: Նկատվում են գլխապտույտ, գլխացավ, տեսողության մթագնում, փսխում, ձեռքի կամ ոտքի կարճատև թուլություն, երբեմն` թմրածություն, խոսքի դժվարացում: Նոպայիվ հետո նշված բոլոր խանգարումներն արագ և լրիվ վերականգնվում են: Վեգետատիվ անոթային կրիզներին բնորոշ են զարկերակային արյան ճնշման տատանումները, սրտխփոցը, սրտի շրջանի ցավերը, երբեմն` դժվարացած շնչառությունը, ջերմաստիճանի փոփոխությունը, մաշկի գունատությունը կամ կարմրությունը, դողը, քրտնոտությունը: Երբեմն նկատվում են որովայնի ուժեղ ցավեր, զկռտոց, սրտխառնոց և փսխում: Թիրեոտոքսիկ կրիզները ուղեկցվում են ջերմաստիճանի բարձրացումով, դեմքի գունատությամբ կամ կարմրությամբ, հաճախացած, ոչ ռիթմիկ սրտխփոցով, երբեմն` գիտակցության մթագնումով: Կարող են ավարտվել կոմայով: Ադիսոնյան հիվանդության ժամանակ կարող է առաջանալ մակերիկամների անբավարարության նոպա` մակերիկամային կրիզ, որն արտահայտվում է ընդհանուր թուլությամբ, գլխացավով, որովայնի ցավերով, փսխումով, գիտակցության մթագնումով, ջղաձգություններով, երբեմն` կոմայով:
Բուժում
Կրիզների դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի: Ինքնաբուժումն անթույլատրելի է, քանի որ տարբեր կրիզների առաջին ախտանշանները նման են իրար, բայց բուժումը տարբեր է: Օրինակ գլխապտույտ ու փսխում լինում են և՛ գերճնշումային, և ՛ թերճնշումային կրիզների ժամանակ: Եթե բժիշկը պարզել է միանման կրիզների առաջացման պատճառները, ապա նա կարող է խորհուրդ տալ որոշակի դեղանյութ: Կրիզների ենթակա հիվանդներին անհրաժեշտ են աշխատանքի և հանգստի կանոնավոր հանգստափոխում, սնուցման ճիշտ ռեժիմ, հանգիստ քուն: Պետք է վերացնել կրիզներ առաջացնող բոլոր գործոնները:
Կանխարգելում
Կանխարգելման համար անհրաժեշտ է հիմնական հիվանդության կանոնավոր բուժում:
Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am
Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին