(Գաղտնամորձություն): Մեկ կամ երկու ամորձու ամորձապարկ չիջնելու հետևանք է։ Տարիքին զուգահեռ հիվանդության հաճախությունը նվազում է։ Չիջած ամորձիները կարող են լինել որովայնի խոռոչում կամ աճուկային խողովակում։ Տարբերում են նաև կրիպտորխիզմի կեղծ ձևերը, որոնց դեպքում ամորձապարկի մկանի ռեֆլեքսայհն կծկման հետևանքով ամորձին բարձրանում է վերև։

Էթիոլոգիան վերագրում են հորմոնային, ժառանգական կամ քրոմոսոմային և անատոմիական-մեխանիկական գործոններին։ Առաջին դեպքում լինում է պտղի գոնադոտրոպ հորմոնների կամ խորիոնային գոնադոտրոպինի թերարտադրություն։ Ամորձիների սերմնածին էպիթելի ախտահարման հարցում կարևոր է կրիպտորխիզմի վաղեմիությունը, ըստ որում 10 տարեկանից հետո զարգանում են կոպիտ փոփոխություններ և հիվանդները կարող են հետագայում մնալ բեղմնավորմանն անունակ. 10 տարեկանից հետո երեխաների մոտ ցածր է նաև թեստոստերոնի մակարդակը: Հատկապես ախտահարվում են 10 տարեկանն անց երեխանեոի որովայնի խոռոչում գտնվող երկկողմանի ամորձիները, երբ որոշակի է նաև ֆոլիկուլոխթանիչ հորմոնի թերսինթեզումը, այսինքն՝ ամորձիների անդրոգենային ֆունկցիայի անկումը։ Ամորձիների երկարատև դիստոպիան նպաստում է նրանց չարորակ կազմափոխմանը։ Վտանգավոր և վիրաբուժական միջամտություն պահանջող վիճակ է նաև ամորձու ոլորումն ու նրա ճմլումը աճուկային խողովակում։

Ախտորոշումը բավական հեշտ է: Ամորձապարկը շոշափելիս բացակայում է մեկ կամ երկու ամորձին կամ ուռուցիկ ձևով երևում են աճուկային խողովակում։ Որովայնային կրիպտորխիզմը հայտնաբերվում է պնևմոպելվիոգրաֆիայով, լապարոսկոպիայով կամ սցինտիգրաֆիայով։ Առնանդամը լինում է թերզարգացած, ամորձապարկը՝ թերպիգմենտավորված, գրեթե բացակայում են սեռական երկրորդային զարգացման նշանները։ Ամորձիների ուշ իջեցումը հաճախ համակցվում է ճարպակալման հետ և սեռական հասունացման շրջանում պահպանվում են մարմնի մանկական համաչափությունը։ Առաջինը վերագրում են դիենցեֆալային ախտահարմանը և անդրոգենների թերարտադրությանը։

Բուժումը և՛ կոնսերվատիվ է, և՛ վիրաբուժական (օրխիդոպեքսիա)։
Վիրահատում են անհապաղ միջամտություն պահանջող դեպքերում (ամորձիների ոլորում, ճմլում կամ մալիգնիզացիա)։ Մնացած բոլոր դեպքերում նախքան վիրահատումը պետք է բուժել խորիոնային գոնադոտրոպինով։ Կոնսերվատիվ բուժումը կարելի է սկսել 2-3 տարեկանից, ըստ որում, այն ավելի արդյունավետ է երկկողմանի կրիպտորխիզմի դեպքում։ 2-6 տարեկան երեխաներին նշանակվում է խորիոնային գոնադոտրոպին: Բուժման կուրսը կրկնում են, եթե ամորձին իջնում է աճուկային խողովակ կամ ամորձապարկ և նորից անհետանում, ինչպես նաև արտահայտված հիպոգենիտալիզմի դեպքում։ Եթե ամորձիները չեն իջնում ամորձապարկ, պետք է դիմել վիրահատական միջամտության։

 

 
 

Սկզբնաղբյուրը՝ Կլինիկական մանկաբուժություն

Վ.Ա. Աստվածատրյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին