Կոտրվածքը ոսկրի վնասվածքն է` նրա ամբողջականության խախտմամբ: Տարբերում են բնածին և ձեռքբերովի կոտրվածքներ: Վերջիններիս ամենամեծ խումբն են կազմում վնասվածքային կոտրվածքները, որոնք ուղեկցվում են ոսկրը շրջապատող փափուկ հյուսվածքների վնասմամբ: Մաշկի ամբողջականության խանգարման ժամանակ վնասող առարկայի կամ կոտրված ոսկրի սուր բեկորի ազդեցությամբ առաջանում են բաց կոտրվածքներ: Եթե մաշկի ամբողջականությունը չի խախտվում, կոտրվածքներն անվանում են փակ: Կախված կոտրվածքների գծի ուղղությունից` տարբերում են լայնական, թեք և երկայնական կոտրվածքներ: Բարդ կոտրվածքները, երբ կոտրված ոսկրի ծայրերից անջատվում են մի քանի բեկորներ, անվանում են բեկորային կամ բազմաբեկորային, իսկ բազմաթիվ մանր բեկորների առկայության դեպքում` մանրատված (փշրված):

Լրիվ կոտրվածքները, եթե վնասված է երկար խողովակավոր ոսկրը, գրեթե միշտ ուղեկցվում են ոսկրաբեկորների տեղաշարժով, որոնք իրար նկատմամբ անկյունային դիրք են գրավում կամ տեղաշարժվում են կողքի և կամ պտտվում իրենց առանցքի շուրջը, իսկ երբեմն` երկարությամբ բաժանվում իրարից: Լրիվ կոտրվածքները, առանց բեկորների տեղաշարժի, հազվադեպ են և լինում են միայն երեխաների մոտ: Ոչ լրիվ կոտրվածքները (ճաքերը) նույնպես հաճախ են լինում մանկական տարիքում: Վնասվածքային կոտրվածքների ենթակա են տարեցների և ծերերի ոսկրերը, որոնք տարիների ընթացքում դառնում են ավելի փուխր, կորցնում են ճկունությունը: Հատուկ տեղ են գրավում սեղմումային (կոմպրեսիոն) կոտրվածքները, որոնք հաճախ բնորոշ են կարճ ոսկրերին, առավել հաճախ` ողներին: Այդ կոտրվածքների ժամանակ ոսկրը կարող է մասերի չբաժանվել. այն միայն ձևափոխվում է (տափակում), և դրանում պարունակվող սպունգանման ոսկրային հյուսվածքը շատ տեղերում խախտվում է: Առավել հաճախակի են վերջույթների երկար ոսկրերի (բազկոսկր, նախաբազկի, կոնքի, սրունքի ոսկրեր) կոտրվածքներ:

Պատճառներ
Բնածին կոտրվածքները հազվադեպ են, առավել հաճախ առաջանում են պտղի կմաղքի ոսկրերի հիվանդությունների հետևանքով: Վնասվածքային կոտրվածքները առաջանում են չափից ավելի մեխանիկական ուժի միաժամանակյա ազդեցության հետևանքով` փոխադրամիջոցների, արտադրական, մարտական և այլ վնասվածքների ժամանակ: Հազվադեպ լինում են նաև ախտաբանական կոտրվածքներ, որոնք առաջանում են հիվանդագին գործնթացներով (օրինակ` ոսկրածուծաբորբ, էխինոկոկային բուշտ) ոսկրի քայքայման հետևանքով:

Պաթոգենեզ
Լրիվ կոտրվածքների ժամանակ ոսկրը բաժանվում է 2 (հասարակ կոտրվածքներ) կամ մի քանի մասերի (բարդ կոտրվածքներ): Ոչ լչիվ կոտրվածքի ժամանակ ոսկրում միայն ճաք է գոյանում: Կոտրվածքների ախտանշանները. սուր ցավ, վերջույթների շարժողության անհնարինություն, ձևի և երկարության փոփոխություն` համեմատած առողջ վերջույթի հետ: Երբեմն կոտրվածքների տեղում նկատվում է ախտաբանական շարժողություն: Ի տարբերություն սալջարդի` կոտրվածքների դեպքում վերջույթի ֆունկցիան խանգարվում է դանդաղ` վնասվածքի պահից սկսած, բացի ոչ լրիվ կոտրվածքների դեպքերից: Դրանք սալջարդից և գերձգվածությունից տարբերել հաջողվում է ռենտգենաբանական հետազոտությամբ: Ախտաբանական կոտրվածքների ախտանշանը կոտրվածքների ժամանակ մեխանիկական (թեկուզ չնչին) ազդեցության բացակայությունն է. դրանք կարող են առաջանալ նույնիսկ քնած ժամանակ:

Լրիվ կոտրվածքները երբեմն ուղեկցվում են խոշոր անոթների, նյարդերի վնասվածքներով, որոնք հանգեցնում են առատ արյունազեղման, գունատության, ձեռքերի կամ ոտքերի սառնության, զգացողության կորստի, սպառնում է վերջույթի մեռուկացման վտանգ: Կողերի կոտրվածքների ժամանակ կարող են տուժել թոքերը (առաջանում է արյունախխում): Ողնի կոտրվածքների առաջին, աչքի ընկնող ախտանշանը ողնուղեղի վնասվածքից առաջացած լուծանքն է: Բաց կոտրվածքների անվիճելի ախտանշան է վերքի մեջ ոսկրաբեկորների առկայությունը. այն լինում է ոչ միշտ, դրա համար էլ յուրաքանչյուր կոտրվածք, որի ժամանակ վերք կա, թեկուզ ոչ խորը, պետք է համարել բաց:

Կոտրվածքների սերտաճումը բարդ կենսաբանական գործընթաց է և սկսվում է ոսկրաբեկորների կպումով (երիտասարդ շարակցական հյուսվածքով), որն առաջացնում է փափուկ կոշտուկ: Վերջինս հետագայում վերափոխվում է ոսկրային կոշտուկի, որն ամուր միացնում է բեկորները: Արագ սերտաճմանը նպաստում են ոսկրաբեկորների կիպ մոտեցումը և հանգիստը: Այդ պայմաններում սերտաճման տևողությունը կախված է կոտրված ոսկրի բնույթից: Ամենից արագ (2-2,5 շաբաթում) սերտաճում են մատոսկրերը, ավելի ուշ` (6 ամսում)` ազդոսկրի վզիկի կոտրվածքները: Իրարից բավականին հեռացած բեկորների միջև փափուկ հյուսվածքներ խցկվելիս, հանգիստը չապահովելիս սերտաճումը դանդաղում է, կարող է ընդհանրապես տեղի չունենալ և կեղծ հոդի առաջացման պատճառ դառնալ: Ոսկրերը կարող են սերտաճել նաև բեկորների բավականաչափ տեղաշարժման ժամանակ, սակայն դա լինում է անկանոն և հանգեցնում վերջույթի կարճացման կամ ձևափոխման: Սերտաճման գործընթացը հատկապես խանգարվում է բակտերիային վարակման ենթարկված բաց կոտրվածքների ժամանակ:

Բուժում
Բուժումը ենթադրում է տեղաշարժված ոսկրաբեկորների ուղղում և անշարժացում ճիշտ դիրքում` սերտաճման համար անհրաժեշտ ժամկետով: Բուժում է համապատասխան մասնագետը, որին տուժածը պետք է դիմի որքան հնարավոր է շուտ: Առաջին օգնության խնդիրը տրանսպորտային անշարժացումն է` բեկակալներով կամ ձեռքի տակ եղած առարկաներով: Տրանսպորտային լավ անշարժացումը խոչընդոտում է ոսկրաբեկորների տեղաշարժման ավելացմանը և տուժածին տեղափոխելիս նվազեցնում ցավը, հետևաբար` վնասվածքային շոկի (հատկապես ազդոսկրի կոտրվածքների ժամանակ) առաջացման հնարավորությունը: Բեկակալը դնում են ընդհանուր կանոններին համապատասխան: Բեկակալի բացակայության դեպքում ձեռքը կախ են տալիս գլխաշորով, ոտքը` կապում առողջ ոտքին: Բաց կոտրվածքների ժամանակ ամենից առաջ վերքը շրջապատող մաշկին քսում են յոդի սպիրտային լուծույթ և դնում վարակազերծված վիրակապ: Առատ արյունահոսությամբ ուղեկցվող բաց կոտրվածքների ժամանակ հարկավոր է դնել արյունահոսությունը դադարեցնող լարան: Առաջին օգնությունը ցույց տալիս ձևախախտված ծայրանդամն ուղղել չի կարելի: Նման փորձերը տանջալից են տուժածի համար և անիրազեկ անձանց կողմից կատարվելիս կարող են վնասել նյարդերն ու անոթները: Դրա համար հարկավոր է միայն վերջույթն զգույշ ձգել ձեռնաթաթի կամ ոտնաթաթի երկարությամբ:

Բաց կոտրվածքների ժամանակ անթույլատրելի է վերքի խորքում դուրս ցցված ոսկրաբեկորներն ուղղելը, քանի որ դրանց հետ կարող են խորը հյուսվածքներ թափանցել վարակիչ մանրէներ: Բազմաթիվ փակ և բաց կոտրվածքների մեծ մասի բուժումն իրականացնում են հիվանդանոցում, որտեղ անհրաժեշտության դեպքում բեկորների ուղղումը կատարվում է հատուկ հարմարանքների օգնությամբ, իսկ բուժական անշարժացումն իրականացվում է տարբեր եղանակներով` գիպսակապերով, կայուն ձգումով` հատուկ ճնշող-ձգող սարքերով, որոնք ոսկրաբեկորները ոչ միայն պահում են ուղիղ դիրքում, այլև դրանք կիպ մոտեցնում են իրար: Երբեմն դիմում են վիրահատության` ոսկրաբեկորներն ամրացնելով մետաղե թիթեղներով, լարերով, պտուտամեխով և այլն: Մի շարք (օրինակ` մատների, ձեռնաթաթի, ոտնաթաթի առանձին ոսկրերի) փակ կոտրվածքների ժամանակ նշանակվում է ամբուլատոր բուժում` պոլիկլինիկայում, վնասվածքաբանական կետում: Այդպիսի դեպքերում տուժածը պետք է գիտենա, որ բժշկի դրած գիպսակապը կարող է մի քանի ժամ անց սեղմել հյուսվածքները` կոտրվածքների հատվածի ուռածությունն ավելանալու հետևանքով:

Սեղմման ախտանշաններ (մատների ցավ, գունատություն կամ կապտություն) ի հայտ գալիս հարկավոր է անհապաղ դիմել բժշկի, չի կարելի ինքնուրույն թուլացնել կամ կտրել գիպսակապը: Հարկավոր է նաև իմանալ, որ բուժական անշարժացման ժամանակ վերջույթի լրիվ հանգիստն ապահովելը ոչ միայն պարտադիր չէ, այլև վնասակար է, քանի որ այն հանգեցնում է մկանների թուլացման, հոդերի ծանրաշարժության, դանդաղեցնում է կոտրվածքների սերտաճումը: Ուստի անհրաժեշտ է տանը զբաղվել բուժական մարմնամարզությամբ, բժշկի ցուցումներով կատարել այնպիսի շարժումներ, որոնց դեպքում ոսկրաբեկորների անշարժացումը չի խանգարվում (օրինակ` բազկոսկրի, նախաբազկի ոսկրերի կոտրվածքների ժամանակ շարժել մատները, ձեռնաթաթի կոտրվածքների ժամանակ` արմունկը): Հիվանդանոցային բուժումը նույնպես ներառում է բուժական ֆիզկուլտուրա: Այստեղ կիրառում են մերսում, ֆիզեոթերապևտիկական բուժարարողություններ և այլն: Կարևոր է նաև բուժման շարունակությունը` ոսկրաբեկորների սերտաճումից և անշարժացումն ըևնդհատելուց հետո, որը կատարվում է բժշկի հսկողությամբ: Հաճախ, ոտքերի ոսկրերի կոտրվածքների բուժման ընթացքում, հիվանդներն օգտվում են հենակներից` միայն բժշկի թույլտվությամբ: Հենակները պատրաստում են հիվանդի հասակին համապատասխան, այնպես որ մարմնի ծանրության ուժի մեծ մասն ընկնի ձեռքերի, այլ ոչ թե անութային փոսերի վրա: Կոտրվածքները բուժելիս էական նշանակություն ունի ռացիոնալ սնունդը: Այն պետք է լինի դյուրամարս, բաղադրությամբ և կալորիականությամբ` լիարժեք: Արժեքավոր են վիտամիններով և հանքային աղերով հարուստ թարմ մրգերն ու բանջարեղենը: Ախտաբանական կոտրվածքների առաջին օգնությունը նույնն է, ինչ վնասվածքայինի ժամանակ: Բուժում են ոսկրը քայքայող հիվանդության բնույթին համապատասխան և միայն հիվանդանոցում:

Կանխարգելում
Անհրաժեշտ է խստորեն կատարել անվտանգության տեխնիկայի կանոնները` արտադրության, գյուղատնտեսության մեջ, փոխադրամիջոցների վրա, սպորտով զբաղվելիս և այլն: Աշխատանքի վերջում հոգնածությունը նպաստում է վնասվածքների թվի ավելացմանը, ուստի անհրաժեշտ է կանոնավոր զբաղվել արտադրական մարմնամարզությամբ, աշխատանքի ընթացքում կարճատև հանգստի ընդմիջումներ անել: Տանը լիարժեք հանգստանալը նույնպես նպաստում է վնասվածքների նվազմանը:

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին