Վերին կոպի կախվածությունը կոչվում է պտոզ: Նորմայում վերին կոպը ծածկում է վերին լիմբը 2 մմ: Կոպը բարձրանում է վերին կոպը բարձրացնող մկանի միջոցով, որը ներվավորվում է երրորդ (օկուլոմոտորիուս) գանգուղեղային ներվի միջոցով: Այս մկանի միջին հատվածը, որը ամրանում է աճառին, կոչվում է Մյուլլերի մկան, և ունի սիմպաթիկ ներվավորում:

Կոպի պտոզի դասակարգումը հետևյալն է.

1, Միոգեն
2, Նեյրոգեն
3, Տրավմատիկ
4, Կեղծ պտոզ


Բնածին պտոզը պատկանում է միոգեն պտոզների խմբին: Բնորոշվում է լևատոր մկանի ի ծնե դիստրոֆիայի հետ պայմանավորված կոպի կախվածությամբ: Կարող է լինել երկկողմանի:

Ձեռքբերովի ապոնևրոտիկ պտոզին բնորոշ է կոպը բարձրացնող մկանի լավ ֆունկցիան: Կոպի կախվածությունը այս դեպքում պայմանավորված է կոպը բարձրացնող մկանը մասնակի շերտազատումով աճառից: Կրող է զարգանալ կատարակտայի և գլաուկոմայի կապակցությամբ կատարված վիրահատությունների հետևանքով:

Միոգեն պտոզի այլ տեսակներից են Միաստենիա Գրավիսի ակնային տիպը, խրոնիկ պրոգրեսիվող էքստերնալ օֆթալմոպլեգիան: Վերջիններս բնորոշվում են նաև ակնագնդի շարժունակության խիստ սահմանափակումով բոլոր ուղղություւներով: Այս հիվանդությունների դեպքում վերին կոպը բարձրացնող մկանի ֆունկցիան խիստ թույլ է:

Նեյրոգեն պղոզը զարգանում է երրերդ գանգուղեղային ներվի պարիեզի հետրանքով, նաև Հորների սինդրոմի ժամանակ: Օկուլոմոտորիուսի պարիեզը բնորոշվում է տոտալ պտոզով: Իսկ Հորների սինդրոմի ժամանակ պարալիզվում է միայն Մյուլլերի մկանը, այդ պատճառով առաջանում է մոտ 2 մմ պրոզ:

Տրավմատիկ պտոզը առաջանում է վերին կոպի տրավմայի հետևանքով:

Կեղծ պտոզի դեպքում կոպի կախվածության պատճառը կոպի մաշկային ծալքն է, որը կոչվում է դերմատոխալազիս: Մաշկի ավելցուկ ծալքի հեռացման հետևանքով կոպի պտոզը վերանում է:

Կոպի պտոզը ուղղվում է վիրաբուժական ճանապարհով: Վիրահատական մեթոդները տարբեր են և կախված են կոպը բարձրացնող մկանի ֆունկցիայից: 5 մմ-ից բարձր ֆունկցիայի դեպքում կատարվում է կոպը բարձրացնող մկանի ռեզեկցիա: 4մմ և ավելի ցածր ֆունկցիայի դեպքում կատարվում է կոպի բարձրացում սիլիկոնային լարերի օգնությամբ (սլինգ):

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին