Կոնտուզիան (սալջարդ) փափուկ հյուսվածքների և օրգանների փակ մեխանիկական վնասվածքն է` առանց մաշկի ամբողջականության խախտման:

Պատճառներ
Կոնտուզիան առաջանում է բութ առարկայի հարվածից, կարծր մակերևույթի վրա ընկնելուց:

Պաթոգենեզ
Առավել հաճախ առաջանում է ծածկույթների (մաշկի և ենթամաշկային բջջանքի), մկանների, շրջոսկրի (ծնկի առջևի մակերևույթի, գանգաթաղի) կոնտուզիա: Դրանց հիմնական ախտանշանները վնասված հատվածի ցավն ու ուռածությունն են: Վնասվածքի պահին առաջացած սուր ցավը մի քանի րոպե անց զգալիորեն թուլանում է: Ուռածությունը հայտնվում է ոչ անմիջապես, երբեմն նույնիսկ վնասվածք ստանալուց 2-3 օր անց, և պայմանավորված է վնասված հյուսվածքի այտուցով, իսկ առավել ծանր դեպքում` նաև պատռված արյունատար մանր անոթներից արյունազեղումով: Վերջին դեպքում կոնտուզիայի տեղում հայտնվում է ենթազեղում, կարող է առաջանալ արյունային ուռուցք: Ուռածության մեծանալուն զուգընթաց ցավը կարող է նորից ուժեղանալ: Կոնտուզիան կարող է հանգեցնել կենսաբանական ֆունկցիաների ժամանակավոր խանգարման: Օրինակ` կրծքավանդակի ուժեղ կոնտուզիայի դեպքում հնարավոր են շնչառության խանգարումներ, գլխի կոնտուզիան երբեմն առաջ է բերում ուղեղի ցնցում կամ արյունային ուռուցքով ուղեղի ճնշում, որովայնի կոնտուզիան կարող է ուղեկցվել լյարդի, աղիքների պատռվածքով:

Բուժում
Ցավերը մեղմելու և հյուսվածքներում արյունազեղումը նվազեցնելու համար, վնասվածք ստանալուց անմիջապես հետո նպատակահարմար է կոնտուզիայի տեղում դնել սառույց կամ սառցապարկիկ, սառը թրջոց, ապահովել տուժած օրգանի բացարձակ հանգիստը և բարձր դիրք տալով` ճնշող վիրակապ դնել: Ցավերով, ընդհանուր վիճակի վատացումով, սրտխառնոցով, փսխումով և տագնապալի այլ ախտանշաններով ուղեկցվող` հատկապես գլխի, կրծքավանդակի, որովայնի կոնտուզիայի դեպքում անհրաժեշտ է շտապ դիմել բժշկի: Ոչ մեծ սալջարդից հետո առաջացող կայուն ցավերի կամ տուժած օրգանի ֆունկցիայի խանգարման ժամանակ նույնպես պետք է դիմել բժշկի:

Կանխարգելում
Կոնտուզիայի կանխարգելման հուսալի միջոց է արտադրության ու գյուղատնտեսության մեջ, սպորտով զբաղվելիս, մանկական կոլեկտիվներում անվտանգության կանոնների ճշտորեն պահպանումը:

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին