կոլպիտ kolpitԱմենից հաճախ հանդիպող գինեկոլոգիական հիվանդություններից է, որը որոշ տարիքային խմբերում (մանկական, նախաարբունքային, ինչպես նաև դաշտանադադարի  ծերունական տարիքում) հանդիսանում է գինեկոլոգիական հիմնական հիվանդություն: Մանկական գինեկոլոգիական հիվանդացության կառուցվածքում վուլվովագինիտի հաճախականությունը կազմում  է  60-65%:

Պատճառագիտությունը

Կոլպիտի առաջացման գործոնները խմբավորվում  են  հարուցող և հիվանդության առաջացմանը նպաստող պատճառների ձևով.


1) հիվանդություն հարուցող պատճառներ.
- վարակիչ գործոններ (ստաֆիլակոկ, ստրեպտոկոկ, էնտերոկոկ,  հեշտոցային հեմոֆիլիային ցուպիկ, հեշտոցային գարդներելա, պեպտոկոկեր, տրիխոմոն  սնկեր,  միկոպլազմա,  խլամիդիա և այլն),
- ոչ վարակիչ գործոններ (էքսուդատիվ դիաթեզ, ալերգիա, քիմիական, ջերմա-մեխանիկական գործոններ), որոնց ազդեցության հետևանքով առաջացած անբակտերիալ կոլպիտին շատ կարճ ժամանակում միանում են վարակիչ գործոնները և այն դառնում է բակտերիալ,


2) նպաստող գործոններ,
- ձվարանների հիպոֆունկցիա,
- ընդհանուր էնդոկրին-փոխանակային հիվանդություններ (ճարպակալում, շաքարային դիաբետ),
- անատոմիա-գործառնական առանձնահատկությունների առկայությունը որոշ տարիքային խմբերում (հեշտոցի արտահայտված ծալքավորումը, էստրոգենային անբավարարությունը, գլիկոգենի և լակտոբակտերիաների (Դոդերլեյնի) ցուպիկների սակավությունը, հեշտոցի թույլ հիմնային ռեակցիան մինչև սեռական հասունացումը),
- անձնական և սեռական հիգիենայի կանոնների խախտում։
Բակտերիալ կոլպիտը հաճախ ընթանում է ցերվիցիտի, արգանդի վզիկի պսևդոէ- րոզիայի, վուլվիտի հետ զուգակցված։ Կոլպիտը հաճախ ուղեկցվում է վուլվիտի, էնդոցերվիցիտի, ուրետրիտի հետ։
 
Վուլգար կոլպիտի կլինիկական պատկերը

Սուր շրջանում հիվանդները գանգատվում են արտադրությունից, քորից, ցավից, այրոցի զգացումից, որը հատկապես սաստկանում է միզարձակման ժամանակ։ Հազվադեպ, հիվանդության ծանր ընթացքի ժամանակ նկատվում է ընդհանուր վիճակի վատացում, ջերմության բարձրացում և այլն, ինչպես նաև դիսպարեունիա (ցավ սեռական հարաբերության ժամանակ)։ Խրոնիկական փուլում հիմնական գանգատը արտադրությունն է, հազվադեպ՝ թարախային բնույթի։

Ախտորոշումը առանձին դժվարություն չի ներկայացնում։ Հեշտոցային հայելիներով հեշտոցի պատերի զննման ժամանակ հայտնաբերվում է լորձաթաղանթի գերարյունություն, այտուցվածություն, շճային կամ թարախային փառի առկայություն։ Ծանր դեպքերում նկատվում են լորձաթաղանթի մակերեսային շերտերի վառ կարմիր, անկանոն ձևի դեֆեկտ կամ կետային ներսփռանքի հատվածներ։ Կոլպոսկոպիան թույլ է տալիս ավելի հստակ որոշելու ախտահարման բնույթն ու աստիճանը։ Մանրադիտակային և մանրէաբանական հետազոտությամբ հաջողվում է հաստատել հարուցիչի տեսակը, որոշել դրա վիրուլենտությունը և զգայունությունը հակաբակտերիալ միջոցների նկատմամբ։

Բուժումը համալիր պատճառաախտածնական է՝  ուղղված վարակի և ուղեկցող հիվանդությունների վերացմանը, ինչպես նաև զուգընկերների հայտնաբերմանն ու բուժմանը։ Պատճառագիտական բուժումը կայանում է  հարուցչի վրա ազդող անտիբակտերիալ պատրաստուկների օգտագործման մեջ։ Այս նպատակով կատարում են ինչպես տեղային, այնպես էլ ընդհանուր բուժում։ Նշանակվում են հեշտոցի ներլվացումներ դիոքսիդինի, քլորհեքսիդինի, ջրածնի պերօքսիդի, միրամիստինի, քլորոֆիլիպտի, բետադինի լուծույթներով, օրական 2-3 անգամ։ Ավելի երկարատև (3-4 օրից ավելի) ներլվացումներ կատարել խորհուրդ չի տրվում, քանի որ դա խանգարում է հեշտոցի բնական բիոցենոզի և նորմալ թթվայնության վերականգնմանը։ Ծերունական (սենիլ) կոլպիտների ժամանակ նպատակահարմար է տեղային օգտագործել էստրոգեններ, որոնք նպաստում են էպիթելի կենսաբանական պաշտպանության ակտիվացմանը (օվեստինի մոմիկներ, էստրոգեն պարունակող այլ քսուկներ)։

Անտիբիոտիկները և անտիբակտերիալ միջոցները կիրառում են մոմիկների, հեշտոցային հաբերի, քսուկների ձևով։ Կոլպիտների բուժման համար լայն տարածում են ստացել հակամանրէային, հակապրոտոզային, հակասնկային ազդեցություն ունեցող միջոցներ՝ տերժինան, պոլիժինակս, նեոպենոտրան, գինոմետ, մակմիրոր, գինալգին, անաէրոբ և խառը ինֆեկցիաների դեպքում արդյունավետ են բետադինը, մետրոնիդազոլը  (ֆլագիլ, կլիոն), կլինդամիցինը (դալացին), ինչպես նաև ներսընդունման ձևով տիբեցինը  (օրնիդազոլ)։ Տեղային բուժումը հաճախ համակցում են ընդհանուր անտիբիոտիկաբուժության հետ, հաշվի առնելով հարուցչի զգայունությունը։ Անտիբակտերիալ բուժումից հետո անհրաժեշտ է նշանակել  էուբիոտիկներ (բիֆիդումբակտերին, Նարինե, լակտոբակտերին, բիովեստին, լինեկս, և այլն), որոնք վերականգնում են հեշտոցի բնական միկրոֆլորան և թթվայնությունը։ Խրոնիկական հաճախակի սրացումներով ընթացող կոլպիտի ժամանակ ցուցված է նաև հարուցիչի նկատմամբ զգայուն անտիբիոտիկներ կամ անտիբակտերիալ միջոցներ պարունակող մոմիկների և քսուկների կիրառումը։

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին