Հաստ աղիքի լորձաթաղանթի քրոնիկական տարածուն բորբոքախոցային ախտահարումն է, որն ուղեկցվում է ոչ միայն տեղային, այլև ընդhանուր ծանր բարդություններով։

Էթիոլոգիան։ Վերջնականապես բացահայտված չէ։ Ենթադրում են, որ հիվանդության հիմքում ընկած են աուտոիմուն պրոցեսները։ Խոցային կոլիտը զարգանում է հաստ աղիքի ախտահարված օջախից օրգանիզմ մեծ քանակությամբ աուտոհակածինների ներթափանցման հետևանքով։ Տեղի ունեցող փոփոխությունների էությունն այն է, որ մի կողմից, հաստ աղիքի լորձաթաղանթի ախտաբանական հակածինների նկատմամբ հակամարմիններ են առաջանում, իսկ, մյուս կողմից՝ աուտոհակածինների (հաստ աղիքի պատը) և հակամարմինների միջև գոյացող ռեակցիան հաստ աղիքի տարբեր բաժիններում նոր ախտաբանական փոփոխություններ է առաջացնում (Ս.Մ. Ռիս)։ Հետագայում պակաս կարևոր դեր չի խաղում նաև ակտիվացած աղիքային ֆլորան, որն ավելի է խորացնում և ընդարձակում ախտահարման օջախները, և դեստրուկցիայի օջախները վերափոխվում են խոցի։

Պաթոգենեզը։ Ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտի աուտոիմուն ծագումը հաստատվում է լորձաթաղանթի ձևաբանական փոփոխությունների բնույթով և իմունոդեպրեսանտ դեղամիջոցների կիրառումից դրական բուժական արդյունքի ստացումով։ Լորձաթաղանթի բազմաթիվ խոցերի հետևանքով առաջանում է արտահայտված ընդհանուր թունավորում, նյութափոխանակության պրոցեսների խանգարում։ Հաստ աղիքի ախտաբանական պրոցեսն արգելակող ազդեցություն է թողնում մակերիկամի կեղևի ֆունկցիայի վրա, առաջացնում է լյարդի ճարպային դիստրոֆիա, լորձաթաղանթում ավելանում է լաբրոցիտ բջիջների քանակը, որոնք կենսաբանական ակտիվ նյութեր են անջատում (սերոտոնին, հիստամին և այլն)։ Հիվանդների մի մասի մոտ զարգանում է նաև մաշկի սեպտիկոպիեմիկ երևույթներ, աչքի, հոդերի, տոքսիկոալերգիկ ախտահարումներ և այլն։

Կլինիկան։ Տարբերում են հիվանդության կլինիկական երեք հիմնական ձև.
1. սուր,
2. առաջնաքրոնիկական,
3. կրկնվող (ռեցիդիվող)։
Սուր ձևը երեխաների մոտ հազվադեպ է հանդիպում։

Հիվանդության վաղ ախտանիշներից է աղիքային արյունահոսությունը, այնուհետև կղանքը դառնում է հաճախակի և ջրիկ։ Հայտնվում են որովայնային ցավեր, ջերմություն։ Երեխաների մոտ շատ հաճախ հանդիպում են հիվանդության թեթև ձևերը։ Թունավորման երևույթները թույլ են արտահայտված, նկատվում է մարմնի զանգվածի պակասում։ Սակավարյունությունը հազվադեպ է զարգանում, ԷՆԱ-ն գտնվում է 20-30 մմ/ժամ սահմաններում։ Միջին ծանրության ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտի դեպքում երեխաները կորցնում են զգալի քանակությամբ արյուն, զարգանում է արտահայտված սակավարյունություն։ Մշտական ախտանիշներից է որովայնային ցավը, որը, որպես կանոն, լինում է սպաստիկ բնույթի։ Հատկապես ծանր և վտանգավոր է ընթանում հիվանդության կայծակնային ձևը, որի արտահայտությունները արտակարգ ինտենսիվ են։ Ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտի բնորոշ առանձնահատկությունն է ռեմիսիայի և սրացումների պարբերական հաջորդումը։ Ռեմիսիայի շրջանում երեխայի վիճակը զգալի բարելավվում է։ Կատարված բուժումից հետո հետագա սրացումը կարող է լինել թույլ արտահայտված, և հիվանդությունը հաճախ քրոնիկական ընթացք է ստանում։ Ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտի ինչպես սուր, այնպես էլ քրոնիկական ձևերի համար բնորոշ են տարբեր բարդությունները։

Տեղային բարդություններ հանդիպում են հազվադեպ և սովորաբար զարգանում են հիվանդության ծանր ձևերի դեպքում։ Որոշ հիվանդների մոտ կարող է աղիքային առատ արյունահոսություն առաջանալ։ Երեխաների մոտ հաստ աղիքի թափածակում հազվադեպ է հանդիպում։ Թունավորման հարաճումը՝ ջերմության բարձրացումով, հաճախացած պուլսը, ծանր կոլիտի երևույթները հիվանդ երեխաների մոտ նախաթափածակման վիճակ են համարվում։ Տեղային բարդություններից են նաև հաստ աղիքի տոքսիկ լայնացումը և նեղացումը (ստրիկտուրա)։ Ընդհանուր բարդություններից են աղիքային դիսբակտերիոզը, կանդիդամիկոզը, արթրիտները, աչքի ախտահարումը, միզատար ուղիներում քարերի առաջացումը, ծայրամասային և կենտրոնական նյարդային համակարգի խանգարումները։ Հիվանդության վերջնական ախտորոշման համար անհրաժեշտ է կատարել հաստ աղիքի էնդոսկոպիական և ռենտգենաբանական հետազոտություններ։

Բուժումը։ Նշանակվում է դիետաթերապիա և դեղորայքային բուժում։ Հիվանդները ստանում են բարձր կալորիականության, չգրգռող, սպիտակուցների և վիտամինների բարձր պարունակությամբ դյուրամարս սննդանյութեր (կաթնասեր, կարագ, անյուղ միս, ձուկ, բանջարեղենային խյուս, շիլաներ և այլն)։ Խմորման հակման և փքանքի (մեթեորիզմ) առաջացման դեպքում նպատակահարմար է սահմանափակել ածխաջրերը։ Անհրաժեշտ է խուսափել այնպիսի մրգերից, որոնք կարող են առաջացնել ալերգիզացիա (նարինջ, մանդարին, ելակ և այլն): Տեղային բուժումը ցուցված է գլխավորապես ախտաբանական պրոցեսի սահմանափակ տարածման դեպքում՝ միկրոհոգնաներ չիչխանի (облепиха), ձկան, մասրենու յուղով (3-4 շաբաթ)։ Այդ նույն միջոցները կարելի է նշանակել նաև հաստ աղիքի համատարած ախտահարման ժամանակ։ Նշված միջոցները տրվում են նաև ներքին ընդունման ձևով՝ 5-10 մլ, 3-4 շաբաթ։ Անհետաձգելի վիրաբուժական միջամտությունը ցուցված է աղիքների խոցերի թափածակման, պերիտոնիտի զարգացման, առատ աղիքային արյունահոսության, հաստ աղիքի տոքսիկ լայնացման դեպքերում։ Վիրաբուժական միջամտությունը ցուցված է նաև ծանր ձևով ընթացող ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտով տառապող երեխաների մոտ, երբ կոնսերվատիվ բուժումն արդյունավետ չէ։

 

 
 

Սկզբնաղբյուրը՝ Կլինիկական մանկաբուժություն

Վ.Ա. Աստվածատրյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին