Դա հաստ աղու բավականին տարածուն հիվանդությունների խումբ է, որը բնութագրվում է հաստ աղու լորձաթաղանթի բորբոքային, դիստրոֆիկ, ատրոֆիկ, ինչպես նաև խոցա-էրոզիվ և նեկրոտիկ փոփոխություններով և հաստ աղու ֆունկցիայի խանգարումով: Խրոնիկ կոլիտի ամենահաճախ պատճառը հանդիսանում են աղիքային ինֆեկցիաների հարուցիչները (շիգելլա, սալմոնելլա, կամպիլոբակտեր, յերսինիա, կլոստրիդիա և այլն), հելմինթները (ամեոբա, լյամբլիա), ինչպես նաև պայմանական պաթոգեն և սապրոֆիտ ֆլորան: Խրոնիկական կոլիտի առաջացման դեպքում շատ հաճախ հարուցիչը կարող է չհայտնաբերվել, սակայն տարած ինֆեկցիայի հետևանքով մնում են «դիսբակտերիոզի» երևույթները, ուժեղանում են աղիների շարժողական, ֆերմենտ արտադրող ֆունկցիաների խանգարումները, որի բերում է պրոցեսի խորացման:

Հաճախ են հանդիպում ալիմենտար կոլիտները, որոնք առաջանում են սնման ռեժիմի խանգարման, միատեսակ սննդի կիրառման, սննդում ածխաջրերի և սպիտակուցների գերակշռման, դժվարամարս, կծու ուտելիքների, ալկոհոլի չարաշահման դեպքում: Խրոնիկ կոլիտ կարող է առաջանալ էկզոգեն(ֆոսֆորի, մկնդեղի, կապարի միացություններ) և էնդոգեն (ուրեմիա, լյարդային անբավարարություն, հիպերթիրեոզ, ադիսոնի հիվանդություն) ինտոքսիկացիայի դեպքում: Դեղորայքային կոլիտներ, որոնք առաջանում են որոշ դեղերի երկարատև և անվերահսկելի կիրառումից, օրինակ, թուլացնող միջոցներ, անտիբիոտիկներ, սալիցիլատներ և այլն: Հաճախ հանդիպում են նաև ալլերգիկ էթիոլոգիայի կոլիտներ, սննդային և դեղորայքային ալլերգիաների ժամանակ: Հետինֆեկցիոն կոլիտները ևս ունեն ալլերգիկ կոմպոնենտ, որոնք բնութագրվում են բաձր զգայունությամբ աղիքային միկրոֆլորայի որոշ ներկայացուցիչների, նրանց կենսագործունեության և ճեղքման արգասիքների նկատմամբ:

Կոլիտների առաջացմանը կարող է բերել ֆերմենտների բնածին անբավարարությունը, հատկապես դիսախարիդազային անբավարարությունը: Ոչ լրիվ ճեղքված սննդանյութերով` հաստ աղու լորձաթաղանթի մշտական գրգռման հաշվին: Նույն մեխանիզմը վիսցերո-վիսցերալ ռեֆլեքսների հետ ընկած է «երկրորդային» կոլիտների հիմքում, օրինակ ատրոֆիկ գաստրիտի, պանկրեատիտի, խրոնիկ էնտերիտի դեպքում: Առաջացած «դիսբակտերիոզը» կարող է լինել խրոնիկ կոլիտի զարգացման պատճառ կամ հետևանք: Խրոնիկ կոլիտ դիտվում է նաև ճառագայթման դեպքում: Խրոնիկ կոլիտի առաջացման և նրա ընթացքի բարդացմանը կարող են նպաստել որովայնի խոռոչում կպումները, դոլիխոսիգման, դիվերտիկուլյար հիվանդությունը, կոլոպտոզը: Համառ փորկապությունների դեպքում կոպրոստազը, մաքրող հոգնաների, ռեկտալ մոմիկների չարաշահումը հանդիսանում է կոլիտի առաջացման մեխանիկական պատճառ: Հատուկ խումբ են կազմում իշեմիկ կոլիտները, հատկապես տարեց, աթերոսկլերոզով անձանց մոտ: Որովայնամզի անոթներում արյունամատակարարման խանգարման հետևանքով դանդաղ առաջանում է թրոմբոզ, որն էլ բերում է իշեմիկ կոլիտի առաջացման:

Հիվանդության առաջացման պաթոգենեզում հիմնական դեր ունի լորձաթաղանթի վնասումը մեխանիկական, տոքսիկ, ալլերգիկ գործոններով: Պաթոլոգիկ պրոցեսում ընդգրկվում են հաստ աղու նյարդային վերջույթները, որը բերում է շարժողական և սեկրետոր ֆունկցիաների խանգարման, որը խորացնում է աղու պատի տրոֆիկ խանգարումները: Մեծ նշանակություն ունի աղիքային միկրոբների (բիֆիդոբակտերիա, աղիքային ցուպիկ, լակտոբակտերիա)հավասարակշռության խանգարումը, պայմանական պաթոգեն միկրոբների զգալի բազմացումը և պաթոգեն ֆլորայի ի հայտ գալը: Առաջանում է երկրորդային ֆերմենտոպաթիա: Այս բոլորը բերում է աղիքային դիսպեպսիայի, իմուն փոփոխությունների: Ի հայտ են գալիս հակամարմիններ հաստ աղու լորձաթաղանթի անտիգենների հանդեպ:

Կլինիկա
Խրոնիկ կոլիտների հիմնական դրսևորումը դա անկայուն կղանքն է (լուծ կամ փորկապություն, լուծի և փորկապության իրար հաջորդում), վքնածություն, գրգռոցի զգացում որովայնում, որովայնի ցավ` սպաստիկ բույթի, երբեմն բութ, նվացող, հատկապես որովայնի ստորին հատվածում, երբեմն ձախ թուլակողում, հնարավոր են տենեզմներ, դեֆեկացիայի հաճախակի ցանկություն: Երբեմն կարող է լինել սրտխառնոց, գղտոցներ, տհաճ համ բերանում: Բնորոշ է ասթենոնևրոտիկ սինդրոմ, ընդհանուր թուլություն, դյուրհոգնելիություն, գլխացավ, աշխատունակության անկում, քնի խանգարում: քաշի նվազումը հիմնականում կապված է չափից դուրս քչակերության հետ: Հիվանդները գիտակցված նախընտրում են չուտել, քանի որ դա կարող է բերել աղիքային սիմպտոմների դրսևորման: Հիպովիտամինոզները և անեմիան, այս դեպքում ալիմենտար բնույթի են: սակայն երբեմն դա կարող է կապված լինել հակաբակտերիալ պրեպարատների անվերահսկելի ընդունման հետ (բակտերիաները մասնակցում են վիտամինների սինթեզին):

Ախտորոշում
Հիվանդությունն ախտորոշվում է անամնեստիկ և կլինիկական տվյալների, կղանքի կոպրոլոգիական և բակտերիոլոգիական հետազոտությունների, էնդոսկոպիկ, հյուսվածաբանական, ռենտգենոլոգիական հետազոտությունների տվյալների հիման վրա:

Բուժում
Բուժումն ուղղված է էթիոլոգիական գործոնի հեռացման, աղիների ֆունկցիոնալ վիճակի կարգավորման, օրգանիզմի ռեակտիվականության վերականգնման, ջրա-էլեկտրոլիտային, բալանսի կարգավորման, միկրոֆլորայի նորմալացման, աղիներում բորբոքային պրոցեսի նվազեցմանը:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին