Շարակցական հյուսվածքի տարածուն հիվանդություններ: Այս հիվանդությունները բնորոշվում են շարակցական հյուսվածքի (այդ թվում` կոլագենային թելերի) և արյան անոթների բորբոքային ախտահարմամբ: Կոլագենային հիվանդությունների թվին են պատկանում համակարգային կարմիր գայլախտը, համակարգային կարծրամաշկությունը, մաշկամկանաբորբը (դերմատոմիոզիտ), հանգուցավոր շուրջզարկերակաբորբը (պերիարտերիտ) և Շեգրենի հիվանդությունը:

Պատճառներ
Կոլագենային հիվանդություններից յուրաքանչյուրն ինքնուրույն հիվանդություն է, որնի առաջացման տարբեր մեխանիզմներ և կլինիկական պատկեր, ոչ միատեսակ ախտորոշման ու բուժման մեթոդներ: Դրանց միավորումը 1 անվան տակ արտացոլում է մեծ մասամբ միայնուսումնասիրության պատմական շրջանը: Կոլագենային հիվանդությունների առաջացման ու խորացման պատճառները վերջնականապես հաստատված չեն: Մասնագետների մեծ մասը գտնում է, որ դրանց ծագումը կապված է սեփական օրգանիզմի հյուսվածքների հանդեպ հակամարմինների առաջացման հետ:

Պաթոգենեզ
Բոլոր կոլագենային հիվանդությունները բնորոշվում են մի քանի, հաճախ շատ օրգանների և համակարգերի ախտահարմամբ: Առավել ընդհանուր ախտանշաններն են տենդը, հոդերի, մաշկի, շճաթաղանթների (հոդապարկ, կրծքամիզ, սրտապարկ, որովայնամիզ), ներքին օրգանների և կենտրոնական նյարդային համակարգի ախտահարումները: Կոլագենային հիվանդությունների սրացմանը կարող են նպաստել ֆիզիկական և հուզական գերբեռնվածությունը, մրսածությունը, արևահարությունը, ուղեկցող վարակիչ հիվանդությունները: Կոլագենային հիվանդությունների ելքը հիմնականում որոշվում է ներքին օրգանների (սիրտ, թոքեր, երիկամներ) և կենտրոնական նյարդային համակարգի ախտահարման ծանրությամբ:

Բուժում
Ներկայումս արդյունավետ դեղանյութերի օգտագործման շնորհիվ կոլագենային հիվանդությունների ընթացքը մեծ մասամբ դարձել է ավելի բարեհաջող, հատկապես ժամանակին սկսած բուժման դեպքում: Սրացումների շրջանում հիվանդները, որպես կանոն, ենթակա են բուժման` հիվանդանոցի ներքին հիվանդությունների բաժանմունքներում, սրացումներից դուրս նրանք պետք է հաշվառվեն պոլիկլինիկաների ռևմատոլոգիական առանձնասենյակներում:

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին