Կլիմաքսը բնորոշվում է սեռական ֆունկցիայի բնական աստիճանական իջեցմամբ: Հատուկ է և կանանց, և տղամարդկանց: Կանանց կլիմաքսը (դաշտանադադարի շրջան) ընթանում է սուր և բավականին արագ (3-5 տարվա ընթացքում), տղամարդկանցը` թեթև և երկարատև:

Պատճառներ
Տղամարդկանց ամորձիներում նվազում է սեռական հորմոններ արտադրող բջիջների թիվը, որի հետևանքով արյան մեջ պակասում է հորմոնների քանակը, խախտվում ներզատիչ գեղձերի փոխհամաձայնեցված գործունեությունը: Դա հանգեցնում է օրգանիզմի այս կամ այն ֆունկցիայի խանգարման: Առավել հաճախ խանգարվում է սիրտանոթային համակարգի գործունեությունը. կարող են նկատվել սրտխփոց, սրտի շրջանի ցավեր, գլխում` անոթազարկի զգացում, գլխապտույտ, արյան ճնշման բարձրացում: Երբեմն հիշողությունը թուլանում է, աշխատունակությունը` նվազում: Կանանց կլիմաքսի սկսվելը պայմանավորված է ենթատեսաթումբ-մակուղեղ-ձվարան համակարգի տարիքային ֆունկցիոնալ փոփոխություններով, որոնք ուղեկցվում են դաշտանների միջև ընկած ընդմիջումների տևողության երկարացմամբ և աստիճանական ընդհատմամբ: Դա բացատրվում է նրանով, որ 45-50 տարեկանում ենթատեսաթմբի հյուսվածքներում առաջանում են տարիքային փոփոխություններ, որոնք բնորոշվում են նյարդահորմոնների արտադրության փուլայնության խանգարումներով:

Մակուղեղը և սեռական գեղձերը նույնպես դադարում են փուլայնորեն արտադրել գոնադոտրոպին և սեռական ստերոիդներ: Ձվարաններում ձվաբջիջներ չեն հասունանում, արգանդի լորձաթաղանթը բարակում է, և այնտեղից դեպի ձվարաններ ու ենթատեսաթումբ գնացող ազդակները թուլանում են: Օրգանիզմի վերակառուցումը հաճախ ուղեկցվում է անոթային և նյարդային խանգարումներով (շոգի <<առլեցումներ>>, գլխացավ, գրգռվածություն անքնություն, աշխատունակության նվազում, արյան ճնշման բարձրացում և այլն), ինչպես նաև ենթատեսաթմբի, հատկապես սրտի, արյան անոթների, թոքերի և ներքին այլ օրգանների աշխատանքը կառավարող կենտրոնների տարիքային փոփոխություններով: Դրանք նկատվում են 1-2 տարվա ընթացքում, այնուհետև աստիճանաբար անհետանում են: Օրգանիզմի վերակառուցումն ավարտվում է դաշտանադադարով, հաստատվում է հավասարակշռություն, և կինը վերստին իրեն լավ է զգում: Դաշտանադադարային երևույթներ կարող են լինել նաև երիտասարդ տարիքում (այսպես կոչված` վաղ դաշտանադադար)` որոշ հիվանդությունների (անգինա, գրիպ, նշագեղձերի քրոնիկական բորբոքում, հայմորիտ և այլն) հետևանքով: Արդյունքում խանգարվում է մակուղեղի և սեռական համակարգի ֆունկցիան կարգավորող նյարդահորմոնների արտադրությունը: Հորմոնային հավասարակշռության վերականգնումը հնարավոր է ժամանակին սկսած բուժմամբ:

Կլիմաքսի ժամանակ առաջացած այս կամ այն խանգարման աստիճանը կախված է օրգանիզմի վիճակից: Անկայուն նյարդային համակարգ ունեցող, որևէ հիվանդությամբ տառապող և նստակյաց կյանք վարող մարդկանց օրգանիզմում այդ շրջանում կարող են առաջանալ բարդություններ, որպես կանոն` սրվում են եղած հիվանդությունները, և առաջանում նորերը: Կլիմաքսի շրջանում հաճախ խանգարվում է վահանաձև գեղձի ֆունկցիան (սրտխփոց, ձեռքերի դող), նյութափոխանակությունը (ճարպակալում կամ նիհարում), առաջանում են հիպերտոնիկ հիվանդություն, շաքարախտ: Հաճախ զարգանում են նաև նյարդահոգեկան խանգարումներ, մեծ մասամբ դրսևորվում են չափից ավելի դյուրագրգռությամբ և ռեակտիվությամբ (դառնում են դյուրագրգիռ, լացկան, վատ են քնում, լինում են հանկարծակի արթնացումներ և արթնանալիս զգում են հոգնածություն): Երբեմն նկատվում են հուզական խանգարումներ, վատ տրամադրության ֆոնի վրա (թախիծ, անբավարարություն, գրգռվածություն) առաջանում է անառիթ ուրախություն, որին կարող է վերստին հաջորդել տագնապի, վախի զգացումը, ի հայտ է գալիս մելամաղձություն, որն ուղեկցվում է իր առողջության հանդեպ չափից ավելի կասկածամտությամբ, վախ անբուժելի հիվանդության հանդեպ: Սրվում են նևրոզները, պսիխոպաթիաները, նկատվում են, այսպես կոչված, ծերունական (ինվոլյուցիոն) պսիխոզներ:

Բուժում
Այս երևույթներին հարկավոր է պատրաստ լինել: Անհրաժեշտ է մշակել գիտակցական, քննադատական վերաբերմունք սեփական վիճակի նկատմամբ: Անզսպությունը, տագնապալի դես ու դեն ընկնելը, քաոսային ինքնաբուժումը կարող են ժամանակավոր խանգարումները դարձնել կայուն հիվանդություններ: Կլիմաքսային խանգարումների դեպքում հարկավոր է դիմել բժշկի: Ժամանակակից բժշկությունը դեղանյութերի ընտրության լայն հնարավորություն ունի, որի շնորհիվ կարելի է վերականգնել հուզական հավասարակշռությունը: Կանայք այդ շրջանում պետք է 6 ամիսը 1 անգամ այցելեն գինեկոլոգի` կանխարգելիչ զննման համար, քանի որ կլիմաքսային շրջանում հաճախ առաջանում են գինեկոլոգիական տարբեր հիվանդություններ: Օրգանիզմի վերակառուցման շրջանում առողջության պահպանման համար կարևոր է հիգիենային կանոնների, աշխատանքի և հանգստի ռեժիմի պահպանումը, հնարավորության դեպքում մաքուր օդում երկար մնալը: Օգտակար են քնից առաջ զբոսանքները, սառը ջրով շփումները, սառը ցնցուղումը: Խորհուրդ է տրվում վիտամիններով հարուստ (բանջարեղեն, մրգեր) սնունդ:


Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին