Նկարագրություն

Խուղակները ախտաբանական գործնթացների հետևանքով օրգաններում, հյուսվածքներում, առաջացող և երկարատև պահպանվող անցքեր են: Լինում են` ախտահարված հյուսվածքների կամ ներքին օրգանների խորքից դեպի մաշկի վրա (արտաքին), հյուսվածքներից դեպի խոռոչավոր օրգանների (աղիքներ, հեշտոց) մեջ բացվող (ներքին), մեկ օրգանից դեպի մյուսը (օրինակ` կերակրափողից դեպի բրոնխներ, միզապարկից դեպի աղիքներ) անցնող (միջօրգանային) խուղակներ:

Պատճառներ

Կարող են պատահել միայնակ կամ բազմակի, բնածին (օրինակ` պորտային խուղակներ), սակայն ավելի հաճախ ձեռքբերովի են, առաջանում են վնասվածքի կամ հիվանդագին գործնթացի հետևանքով հյուսվածքներն ու օրգանները քայքայվելիս, երբ թարախը բորբոքային օջախից անցնում է արտաքին մակերևույթ կամ որևէ օրգանի խոռոչ: Նման դեպքերում հաճախ խուղակներ կարող են գոյանալ հյուսվածքների թարախակալումից առաջացած թարախը դուրս չհոսելիս, օտար մարմինների կամ քրոնիկական բորբոքային գործնթացի (օրինակ` ավշահանգույցների տուբերկուլոզային բորբոքում, շողասնկախտ) առկայությամբ և այլն, որոնց ապաքինմանը խոչընդոտում է տևական բորբոքային գործնթացը: Միզային, աղիքային, լեղային, բրոնխային և այլ խուղակները հաճախ առաջանում են համապատասխան օրգանի վնասվածքից, և պահպանվում են այդ օրգանների արտադրությունը (մեզ, աղիքային կամ ստամոքսային պարունակություն, լեղի) խուղակով մշտապես դուրս գալու հետևանքով:

Պաթոգենեզ

Թարախային խուղակներից երկարատև թարախահոսությունն աստիճանաբար խախտում է հիվանդի ընդհանուր վիճակը. հնարավոր են թարախային գործնթացների սրացումներ և շրջապատի հյուսվածքների վրա վարակի տարածում: Երբեմն թարախահոսությունը դադարում է, խուղակը փակվում է և կարճ ժամանակ անց նորից բացվում: Մարսողական օրգանների արտաքին խուղակները հանգեցնում են մեծ քանակությամբ սննդանյութերի, մարսողական հյութերի կորստի և հյուծում են հիվանդին: Միզային խուղակները վտանգավոր են, քանի որ դրանցով մանրէները կարող են թափանցել միզապարկ, ապա երիկամներ: Խուղակներից մեզի, կղանքի և հատկապես բարակ աղիքների վերին հատվածի պարունակության դուրս գալը ոչ միայն ծանր է անդրադառնում հիվանդի վրա, այլև գրգռում է խուղակների շրջապատի մաշկը և ախտահարում այն. հնարավոր է ցանի (կարմիր քամի) առաջացում: Բրոնխային խուղակները խանգարում են շնչառությանը, հանգեցնում թոքերում ծանր բորբոքային բարդությունների: Հատկապես վտանգավոր է բրոնխակերակրափողային խուղակը, որով սննդի մասնիկներն ընկնում են բրոնխներ. խախտվում է նաև կերակրափողի անցանելիությունը:

Բուժում

Բուժումը, որպես կանոն, վիրահատական է: Պետք է վերացնել թարախային օջախը կամ վերականգնել օրգանի ամբողջականությունը: Հիվանդները, որոնք տվյալ ժամանակում չեն կարող վիրահատվել և ստիպված են խուղակներով երկարատև մնալ տնային պայմաններում, պետք է սովորեն խնամել մաշկը, վիրակապ դնել, կատարել բժշկի նշանակումները:

Առանձին դեպքերում, բուժիչ նպատակով ստեղծում են արհեստական խուղակներ: Օրինակ` կերակրափողի խիստ սեղման դեպքում ստամոքսի արտաքին խուղակ են բացում (սնունդ ընդունող), որով սնում են հիվանդին: Ուղիղ աղիքի վնասման կամ անանցանելիության ժամանակ բացում են հաստ աղիքի ստորին հատվածի լայն խուղակ, այսպես կոչված, հակաբնական հետանցք: Որպես կանոն` նման արհեստական խուղակները վերացնում են վիրահատությամբ: