Խպիպը վահանագեղձի ուռուցքանման մեծացումն է, որն ուղեկցվում է այդ գեղձի ֆունկցիայի և օրգանիզմի ընդհանուր վիճակի խանգարումներով: Տարբերում են խպիպի մի քանի ձևեր: Տեղաճարակային (էնդեմիկ) խպիպը հանդիպում է աշխարհագրական որոշակի մարզերում` առավելապես լեռնային և նախալեռնային շրջաններում:

Պատճառներ
Հիվանդության հիմնական պատճառը ջրում, հողում, օդում, հետևաբար և սննդում յոդի անբավարարությունն է: Մարդու օրգանիզմն օրական պետք է ստանա 100-200 մգ յոդ, որի անբավարարության դեպքում փոքրանում է վահանագեղձի յոդ պարունակող հորմոնների` թիրօքսինի, եռայոդթիրոնինի արտադրությունը: Տեղաճարակային խպիպի առաջացման պատճառների բացահայտումը հնարավորություն է տվել մշակել պայքարի միջոցներ` կտրուկ նվազեցնելով հիվանդության հաճախությունն ու ծանրությունը: Սպորադիկ խպիպի առաջացումը կապված չէ բնակավայրի հետ, այլ պայմանավորված է օրգանիզմի նյարդահումորալ խանգարումներով և յոդի ներծին անբավարարությամբ: Խպիպի որոշ ձևեր պայմանավորված են վահանագեղձի քրոնիկական բորբոքմամբ կամ նորագոյացությամբ:

Պաթոգենեզ
Գեղձի գործունեության նվազումը հանգեցնում է ընդհանուր խանգարումների: Երեխաների վահանագեղձի ֆունկցիան նվազելիս կարող են առաջանալ հոգեկան և ֆիզիկական զարգացման ծանր խանգարումներ, այսպես կոչված, կրետինիզմ: Գեղձը երբեմն այնքան է մեծանում, որ ճնշում է շնչափողը, ինչպես նաև պարանոցի անոթներն ու նյարդերը: Թունավոր խպիպի դեպքում մեծացած գեղձի ֆունկցիան խիստ ակտիվանում է (թիրեոտոքսիկոզ):

Բուժում
Խպիպի բոլոր ձևերը բուժում է բժիշկը` դեղանյութերով և հորմոնային պատրաստուկներով: Անհրաժեշտության դեպքում կատարվում է վիրահատություն:

Կանխարգելում
Կանխարգելումն արդյունավետ է տեղաճարակային խպիպի դեպքում: Անհրաժեշտ է պահպանել խմելու ջրի որակը, լիարժեք սնվել, ընդունել յոդացված ջուր և կերակրի աղ:

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին