Հանդիպում է որոշակի աշխարհագրական շրջաններում և արտահայտվում վահանագեղձի մեծացումով։ Ախտածագման գլխավոր գործոնը բնության մեջ և սննդամթերքում, հետևաբար և օրգանիզմում յոդի պակասն է, որի պատճառով խանգարվում է վահանագեղձային հորմոնների սինթեզը, որը և բերում է գեղձի մեծացման և գերաճի։ Խպիպի զարգացման սկզբնական շրջանում վահանագեղձի հիպերպլազիան լինում է կոմպենսատոր, առանց ֆունկցիայի խանգարման։ Սակայն յոդի երկարատև անբավարարության պայմաններում զարգանում է գեղձի հիպոթիրեոիդային վիճակ։ Վահանագեղձի գերաճը կարող էլինել տարածուն, հանգուցավոր և խառը։

Կլինիկան։ Տարբերում են վահանագեղձի մեծացման հինգ աստիճան։ Խպիպ են անվանում, երբ հաստացած պարանոցի վրա պարզ երևում է մեծացած վահանագեղձը։

Նախնական շրջանում հիվանդները սովորաբար գանգատներ չունեն։ Սակայն գեղձի մեծացումից հետո հիվանդները գանգատվում են պարանոցի շրջանում ճնշման զգացումից և կլման դժվարացումից։ Եթե խպիպը ճնշում է շնչափողը, որկորը կամ նյարդաանոթային խուրձը, երևան են գալիս սրտխփոց, հազ, շնչարգելության նոպաներ, կլման խանգարում և ձայնի խռպոտում։ Հատկապես խպիպի ետկրծոսկրային տեղակայման դեպքում կարող է զարգանալ «խպիպային սիրտ» և աջ սրտի մեծացման պատկեր։ Սովորաբար էնդեմիկ խպիպի դեպքում վահանագեղձի ֆունկցիան նորմալ է։ Ոչ հազվադեպ նկատվում է նրա ֆունկցիայի անկում, որը կլինիկորեն նման է հիպոթիրեոզին։ Եթե խպիպը զարգանում է ներարգանդային կյանքում կամ կյանքի առաջին տարիներին, ապա երեխաների մոտ զարգանում է կրետինիզմ, որը բնորոշվում է իմբեցիլությամբ և հոգեկան ոլորտի թերզարգացմամբ։ Էնդեմիկ խպիպի ախտորոշումն առանձին դժվարություն չի ներկայացնում։ Անհրաժեշտ է տարբերակել հիպոթիրեոզից, տարածուն թունավոր խպիպից, թիրեոիդիտներից, պատանեկան խպիպից և վահանագեղձի քաղցկեղից։ Տեղաճարակային խպիպի ախտորոշմանն օգնում են հիվանդի գանգատները և արյան մեջ թիրեոիդային հորմոնների նորմալ մակարդակը։

Կանխարգելումը։ Էնդեմիկ խպիպի շրջաններում կատարում են կերակրի աղի յոդացում (1 տ կերակրի աղին խառնելով 25 գրամ կալիումի յոդիդ)։ Երեխաներին, հղիներին և կերակրող մայրերին լրացուցիչ նշանակում են անտիստրումին (շաբաթը մեկ անգամ), մինչև 3 տարեկանը տալիս են 1/4 հաբ, իսկ 3-7 և ավելի բարձր տարիքի երեխաներին՝ 1 դեղահաբ։

Բուժումը։ Բուժման ընթացքում հարկավոր է ուշադրություն դարձնել հիվանդի սնուցման վրա, որպեսզի այն պարունակի բավարար քանակությամբ սպիտակուցներ և վիտամիններ։ Ապարդյուն դեղորայքային բուժման դեպքում դիմում են վիրաբուժական միջամտության։

 

 
 

Սկզբնաղբյուրը՝ Կլինիկական մանկաբուժություն

Վ.Ա. Աստվածատրյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին