Խոզուկը (Էպիդեմիկ պարօտիտը - Parotitis epidemica) վարակիչ հիվանդություն է, որը բնորոշվում է հարականջային, հազվադեպ` ենթածնոտային ու ենթալեզվային թքագեղձերի ախտահարումով: Առավել հաճախ հիվանդանում են 3-15 տարեկան երեխաները, հազվադեպ` մինչև 1 տարեկանները և մեծահասակները:

Համաճարակաբանություն 
Վարակի աղբյուր է հանդիսանում մանիֆեստային և սուբկլինիկական ձևերով հիվանդ մարդը, նաև պարօտիտի ջնջված և անախտանիշ ձևերով հիվանդը: Վարակման ուղին օդա – կաթիլային է, վարակվելու համար անհրաժեշտ է սերտ շփում: Հիվանդը վարակիչ է գաղտնի շրջանի վերջին օրերից, պրոդրոմալ և ծաղկման շրջանի առաջին 5 օրվա ընթացքում: Առավել վարակելիության շրջան է համարվում հիվանդության առաջին հինգ օրը: Ռեկոնվալեսցենտները վարակի աղբյուր չեն հանդիսանում: 
Վիրուսն արտազատվում է թքի կաթիլներով խոսելիս, հազալիս և փռշտալիս: Չնայած վիրուսի անկայուն լինելուն, հնարավոր է վարակի տարածումը կենցաղային առարկաների և խաղալիքների միջոցով: Առավել վտանգավոր է հարականջային թքագեղձերի պրոցեսի մեջ ընդգրկվելուց  անմիջապես առաջ և հետո ընկած ժամանակահատվածը: Նկարագրված է նաև ներարգանդային վարակումը` փոխանցման վերտիկալ ուղի:
Պարօտիտն անթրոպոնոզ ինֆեկցիա է, որի նկատմամբ ընկալունակությունը համընդհանուր է, հիմնականում հիվանդանում են մանկական հաստատություն հաճախող երեխաները, արական սեռի ներկայացուցիչները հիվանդանում են 1,5 անգամ ավելի հաճախ, քան իգական: Հիվանդացությունն առավել հաճախ գրանցվում է փակ կոլեկտիվներում էպիդեմիկ բռնկումների տեսքով (զինվորական, դպրոցական): 
Պարօտիտային վարակն ամենաշատ տարածված վիրուսային հիվանդություններից է, որը հանդիպում է աշխարհի բոլոր երկրներում: Հիվանդությունը գրանցվում է սպորադիկ դեպքերի և համաճարակային բռնկումների ձևով: Բնորոշ է հիվանդացության արտահայտված սեզոնայնություն` աճ ձմռանը և գարնանը` առավելագույն հիվանդացությունն ընկնում է հունվար - մայիս ամիսներին: Վիրուսակրություն չի դիտվում: Կոնտագիոզության ինդեքսը` 80%:
Մինչև մեկ տարեկան երեխաները հազվադեպ են հիվանդանում պարօտիտով` շնորհիվ պասիվ իմունիտետի (տրանսպլացենտար ստացած մայրական հակամարմինների): 20 տարեկանից մեծ անձանց 90% ունի իմունիտետ պարօտիտի նկատմամբ, չնայած նրանց մոտ 30% անամնեզում հիվանդություն չի նշում:
Չհիվանդացած անձանց ընկալունակությունը պահպանվում է ամբողջ կյանքում, ինչի հետևանքով հիվանդությունը կարող է զարգանալ տարբեր տարիքային խմբերում: Նույնիսկ սուբկլինիկական ձևով հիվանդացածների իմունիտետը կայուն է և երկարատև: Հիվանդությունից հետո ձևավորվում է կայուն հետինֆեկցիոն իմունիտետ (կրկնակի վարակման դեպքերը կազմում են 3%):

Պատճառներ
Վարակվում են հիվանդի հետ անմիջականորեն շփվելիս: Հիվանդությունից հետո առաջանում է կայուն իմունիտետ: Խոզուկի հարուցիչը վիրուսն է, որը պարունակվում է հիվանդի լորձի, խորխի, թքի մանր կաթիլներում և հազալիս, փռշտալիս կամ խոսելիս ընկնում է օդի մեջ, ապա թափանցում առողջ մարդու շնչառական ուղիները (վարակի փոխանցման օդակաթիլային ուղի): Ավելի հազվադեպ վարակվում են հիվանդի օգտագործած տարբեր առարկաների (ամանեղեն, խաղալիքներ և այլն) միջոցով: Քթի, բերանի խոռոչի, ըմպանի լորձաթաղանթների միջոցով վիրուսը թափանցում է արյան մեջ, տարածվում ամբողջ օրգանիզմով, ապա անցնում թքագեղձերի, սեռական գեղձերի և ենթաստամոքսային գեղձի մեջ, որտեղ բազմանում է, կուտակվում և մեծ քանակությամբ կրկին հայտնվում արյան մեջ:

Պաթոգենեզ
11-23 (միջինը 18-20) օր վիրուսը կարող է գտնվել երեխայի օրգանիզմում, բայց չառաջացնել արտաահայտված դրսևորումներ (գաղտնի շրջան): Հիվանդությունն սկսվում է ջերմաստիճանի բարձրացմամբ, նկատվում են ախորժակի անկում, ընդհանուր թուլություն, դող, գլխացավ, երբեմն` քթային արյունահոսություն, ծանր դեպքերում` փսխում, ջղաձգություններ: 1-2 օր անց ականջի շրջանում ծամելիս առաջանում են ցավեր, նկատվում է հարականջային թքագեղձի բորբոքային մեծացում, առավել հաճախ` 1 կողմում, 1-2 օր անց ախտահարվում է նաև մյուս թքագեղձը: Հիվանդի դեմքը ստանում է բնորոշ տեսք, որտեղից էլ` խոզուկ անվանումը: Նրանք դժվարությամբ են բերանը բացում, իսկ ծամելը կամ կուլ տալը բավականին ցավոտ են: Կարող են ախտահարվել նաև ենթածնոտային ու ենթալեզվային թքագեղձերը, որոնք 3-5 օր լինում են մեծացած, ապա փոքրանում են, իսկ հիվանդության 6-9-րդ օրը դառնում են բնականոն չափի: 6-8-րդ օրը նկատվում է ամորձիների (հաճախ պատանիների ու երիտասարդ տղամարդկանց) և երիտասարդ կանանց, աղջիկների (սեռական հասունացման շրջանում) ձվարանների ու կաթնագեղձերի բորբոքում: Ամենավտանգավոր բարդություններից են ուղեղապատյանաբորբը և գլխուղեղի բորբոքումը: Կարող են առաջանալ նաև երիկամների, լսողության և տեսողության օրգանների ախտահարումներ:

Բուժում
Էթիոտրոպ բուժում չկա: Հիվանդության բարդությունները կանխարգելման նպատակով խորհուրդ է տրվում պահպանել անկողնային ռեժիմ 7 - 10 օրվա ընթացքում, խնայող դիետա, բերանի խառաչի հիգիենայի խիստ հետևում: Լայն կիրառում են սիմպտոմատիկ միջոցներ` հակաբորբոքային, դեսենսիբիլիզացնող, ջերմիջեցնող, ցավազրկող: Ցուցված է տաքացնող չոր փաթաթան ախտահարված գեղձի շրջանում, ուլտրամանուշակագույն ճառագայթում: Արտահայտված ինտոքսիկացիայի ժամանակ անցկացնում են դեզինտոքսիկացիոն ինֆուզիոն թերապիա, մենինգիտների և օրխիտների ժամանակ նշանակում են գլյուկոկորտիկոստերոիդ պրեպարատներ: Օրխիտը պահանջում է անկողնային ռեժիմ և սուսպենզորիումի կիրառում: Պանկրեատիտների ժամանակ կիրառվում է ընդունված բուժման տակտիկան, վիրաբուժական միջամտության կարիք չի լինում: Մենինգիտների դեպքում ցուցված է դեզինտոքսիկացիոն և դեհիդրատացիոն բուժում, որը կրկին ներառում է գլյուկոկորտիկոիդներ: 

Կանխարգելում
Խոզուկի կանխարգելումը իրենից ենթադրում է հիվանդի վաղ մեկուսացում (մինչև հիվանդության 9-10-րդ օրը): 10-րդ օրից հիվանդները վարակիչ չեն: Հիվանդի հետ շփված երեխաներին 11-12 օր արգելվում է մանկական հիմնարկներ (մանկամսուր, մանկապարտեզ, դպրոց) հաճախելը: Ուղեղապատյանաբորբի դեպքում 2-3 ա¬միս պետք է գտնվեն բժշկի հսկողության տակ: Կատարվում են կանխարգելիչ պատվաստումներ` 15-18 ամսականում (կարմրուկի դեմ պատվաստման հետ):


Աղբյուրը՝ Երևանի Մ. Հերացու անվ. պետական բժշկական համալսարան