Խոցը մաշկի կամ լորձաթաղանթների և դրանց տակ գտնվող հյուսվածքների ամբողջականության խախտումն է, որը երկար ժամանակ պահպանվում է ապաքինման գործնթացների խանգարման հետևանքով: Տարբերում են մաշկի մակերեսին գտնվող, աչքով տեսանելի արտաքին խոցեր և ներքին օրգաններում (ստամոքս, աղիքներ և այլն) տեղադրված ներքին խոցեր:

Պատճառներ
Խոցի առաջացման պատճառները տարբեր են: դրանցից առավել կարևոր են արյան և ավշի շրջանառության խանգարումները (արյան կանգ, երակների հանգուցավոր լայնացում, փղախտ և այլն), բորբոքային գործնթացները (տուբերկուլոզ, թարախային վարակ և այլն), հյութափոխանակության խանգարումները (շաքարախտ, թերվիտամինություն և այլն): Խոցը առավել հաճախ բնորոշ է տարեցներին և մեծահասակներին: Տարբերում են նաև, այսպես կոչված, գերհույզային խոց, որի առաջացման պատճառ են դառնում ուժեղ, հիմնականում բացասական հույզերը` հարազատների և մերձավորների մահը, հրդեհը, վթարը, նյարդային լարվածությունը և այլն: Երբեմն խոցի պատճառ են դառնում խոշոր նյարդերի վնասվածքները:

Պաթոգենեզ
Խոցը կարող է առաջանալ մարմնի տարբեր մասերում, առավել հաճախ ոտքերին, սրունքաթաթային հոդերի շրջանում և ոտնաթաթերին: Երակների հանգուցավոր լայնացումների դեպքում խոցերը, որպես կանոն, լինում են սրունքի ստորին 1/3-րդ մասի ներքին մակերևույթին: Բերանի խոռոչի (հատկապես խոցային բերանաբորբի), ներքին օրգանների (ստամոքս, աղիքներ), ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոցային հիվանդությունների, հաստ աղիքի խոցային բորբոքման դեպքերում խոցի առաջացման մեխանիզմը բարդ է: Խոցերը կարող են լինել մեկական և բազմաթիվ, տարբեր մեծության, խորության և ձևի: Մի մասը տարբերվում է կանոնավոր ձևով և հավասար եզրերով: Խոցերը երբեմն լինում են խորը, երբ հատակը հասնում է ճարպային, մկանային, ոսկրային հյուսվածքներին, այն ծածկվում է մահացած և սպիացած հյուսվածքով, երբեմն` երիտասարդ աճող շարակցական հյուսվածքով, որը կոչվում է հատիկավոր (գրանուլացիոն): Նման դեպքում պահանջվում է շտապ բժշկական միջոցառում, հաճախ` նաև վիրահատություն:

Բուժում
Բուժումը պայմանավորված է խոցի բնույթով և տեղադրությամբ. օրինակ` ստամոքսի կամ 12-մատնյա աղիքի խոցի բուժման համար անհրաժեշտ է բուժական սնունդ, խախտված արյան շրջանառության և նյութափոխանակության վերականգնում, վիտամինաբուժություն, երբեմն` վիրաբուժական միջամտություն:

Կանխարգելում
Կանխարգելումը բազմազան է. օրինակ` երակների հանգուցավոր լայնացման դեպքում խոցի կանխարգելման նպատակով անհրաժեշտ է հագնել առաձգական գուլպաներ, կարգավորել աշխատանքի և հանգստի ռեժիմը, հետևել բժշկի խորհուրդներին: Որոշ հիվանդությունների, օրինակ` շաքարախտի, խցանող էնդարտերիտի դեպքերում ոտքերին առաջացող խոցից խուսափելու համար պետք է ոտքերը պահպանել փոքր վնասվածքներից, կոտրվածքներից, բժշկի հսկողությամբ բուժել հիմնական հիվանդությունը:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին