Լեղապարկի և լեղածորանների համակցված ախտահարում է։ Սուր խոլեցիստոխոլանգիտի կլինիկական պատկերն ընդգրկում է սուր խոլանգիտի ախտանիշները։ Կապված լինելով առավելապես լեղապարկի կամ լեղածորանների ախտահարման հետ, կարող է գերակշռել լեղատար համակարգի սուր բորբոքման այս կամ այն ձևին բնորոշ կլինիկական պատկերը։ Խոլեցիստոխոլանգիտի դեպքում հաճախ դիսպեպտիկ երևույթները հայտնվում են առաջին պլանում։ Լեղածորաններում բորբոքային պրոցեսների տարածմանը զուգընթաց հարաճում են նաև ընդհանուր ինտոքսիկացիայի ախտանիշները, ցավերի ուժգնությունը, լյարդի մեծացումը։

Բուժումը։ Լեղուղիների սուր բորբոքման ժամանակ ցուցված է խիստ անկողնային ռեժիմ։ Ցավային նոպան վերացնելու նպատակով կիրառում են հակակծկանքային և ցավազրկող դեղամիջոցներ: Լեղախիթային նոպան կարելի է կասեցնել նաև գլյուկոզայի կամ նատրիումի քլորիդի իզոտոնիկ լուծույթով 3-5 մլ նովոկաինի 0,5%-անոց լուծույթի ներերակային ներարկումով։ Օգտագործում են լեղամուղ միջոցներ, ազդեցության լայն սպեկտրի հակաբիոտիկներ, նիտրոֆուրանային պատրաստուկներ։ Լեղատար համակարգի սուր բորբոքումների թարախային, գանգրենոզ և նեղվածքային ձևերը բուժվում են միայն վիրահատելով։ Լեղատար համակարգի քրոնիկական բորբոքումներ։ Քրոնիկական ձևերի գերակշռումով ախտահարումը մանկական տարիքի առանձնահատկություններից է։ Մեծ մասամբ հանդիպում է բորբոքման կատառային ձևը։

Քրոնիկական խոլեցիստոխոլանգիտ։ Լեղատար համակարգի տարածված քրոնիկական բորբոքում է։ Սկսվում է աստիճանաբար, hաճախ արտահայտվելով ընդհանուր թունավորման նշաններով՝ գլխացավերով, ենթատենդային ջերմությամբ, ախորժակի նվազումով։ Որովայնի, աջ թուլակողի շրջանի ցավերը բավական ուժեղ են և հաճախ ուղեկցվում են դիսպեպտիկ խանգարումներով։ Բնորոշ ախտանիշ է լյարդի մեծացումը։ Շոշափման ժամանակ լյարդի եզրը ցավոտ է, կոնսիստենցիան փափուկ, էլաստիկ։ Սրացման շրջանում արյան քննությամբ հայտնաբերվում է նեյտրոֆիլային լեյկոցիտոզ՝ աննշան ձախ թեքումով, ԷՆԱ-ի արագացում։ Դուոդենալ զոնդավորման ժամանակ «B» և «C» նմուշներում հայտնաբերվում են լորձ, լեյկոցիտներ, խոլեսթերինի բյուրեղներ։ Խոլեցիստոխոլանգիտի սրացման շրջանում «B» և «C» նմուշներում շատ հաճախ փոխվում է լիպոպրոտեիդային կոմպլեքսի, բիլիռուբինի, խոլաթթվի մակարդակը, որը վկայում է դիսկինետիկ խանգարումների, բորբոքային փոփոխությունների մասին։ Կիրառում են նաև ֆրակցիոն զոնդավորումը՝ կրկնակի զոնդի օգտագործումով, գունավոր զոնդավորումը՝ մեթիլենային կապույտի ներմուծումով, որը լեղապարկային լեղին ներկում է կապույտ գույնով։ Անհրաժեշտ է կատարել խոլեցիստոգրաֆիա։

Բուժումը։ Լեղուղիների քրոնիկական բորբոքային հիվանդությունների բուժումը երկարատև է և կոմպլեքսային։ Սրացման շրջանում և հիվանդության առաջնային հայտնաբերման ժամանակ բուժումն ավելի լավ է կատարել հիվանդանոցային պայմաններում։ Կարևոր դեր ունի դիետաթերապիան։ Նշանակում են № 5 սեղան։ Բացառվում են ապխտած սննդամթերքը, պահածոները, ճարպոտ և աղի կերակուրները։ Արտահայտված սրացման ժամանակ պետք է պակասեցնել սննդի ընդհանուր կալորիականությունը, սահմանափակել մեխանիկական և քիմիական գրգռիչների օգտագործումը։ Կարևոր միջոցառում է պայքարը լեղականգի դեմ։ Դրենաժի նպատակով կիրառվում են լեղամուղ միջոցներ։ Նշանակվում է նաև բուժական դյուբաժ ըստ Դեմյանովի։ Առավոտյան քաղցած երեխային տրվում է խմելու 20-25 մլ ծծմբաթթվական մագնեզիումի 25-30%-անոց լուծույթ՝ գոլ վիճակում։ Հիվանդը պառկում է աջ կողքի, լյարդի շրջանում դրվում է ջերմակ, 1,5-2 ժամ տևողությամբ։ Ծծմբաթթվական մագնեզիումի փոխարեն կարելի է օգտագործել 100-150մլ հանքային ջուր (Էսենտուկի, Ջերմուկ, Հանքավան և այլն)։ Սրացման շրջանում նշանակվում են լայն ազդեցության սպեկտրի հակաբիոտիկներ, որոնք տրվում են 2 շաբաթ։ Բորբոքային պրոցեսի մարման շրջանում առաջարկվում են ֆիզիոթերապևտիկ տաք միջոցներ (դիաթերմիա, ՈԻՎՉ, ինդուկտոթերապիա և այլն)։

Ենթաստամոքսային գեղձի արտազատական ֆունկցիան խանգարվելու դեպքում ցուցված են պանկրեատին, պանզինորմ, մեքսազա։ Անհրաժեշտ է նշանակել B խմբի, C, PP վիտամիններ։ Լուրջ ուշադրություն է դարձվում վարակային օջախների բուժմանը։ Կիրառվող կոմպլեքս բուժումից, հատկապես հիվանդանոցային պայմաններում, երեխաների մեծ մասի մոտ զարգանում է ռեմիսիա։ Սակայն, պետք է նկատի ունենալ, որ ռեմիսիայի առաջացումը դեռևս երեխայի առողջացման մասին չի վկայում։ Լեղուղիների, լյարդի, ստամոքսի, ենթաստամոքսային գեղձի ֆունկցիոնալ փոփոխությունները կլինիկական ախտանիշների վերացումից հետո դեռևս չեն դադարում, ուստի ռեմիսիայի շրջանում անհրաժեշտ է բուժումը շարունակել նաև պոլիկլինիկայի պայմաններում։ Երեխաների բուժումը ռեմիսիայի շրջանում (բուժման II էտապ) պետք է կատարել 1-2 տարի։ Միայն երկու տարվա ընթացքում հիվանդության կրկնման բացակայության դեպքում կարելի է մտածել երեխայի առողջացման մասին։ Ռեմիսիայի շրջանում կատարվող բուժման ժամանակ հիմնական նշանակությունը տրվում է սննդի, օրվա ճիշտ ռեժիմի կազմակերպմանը և այն միջոցառումների իրականացմանը, որոնք ուղղված են լեղային համակարգում լեղու կանգի վերացմանը։ Այդ նպատակով երկու շաբաթը մեկ նշանակվում են լեղամուղ միջոցներ, կատարվում է դյուբաժ։ Ցավային համախտանիշի առկայության դեպքում նշանակվում են ֆիզիոթերապևտիկ միջոցներ լյարդի շրջանում։

Լեղուղիների հիվանդությունների կոմպլեքս բուժման մեջ կարևոր տեղ է գրավում սանատոր-առողջարանային բուժումը (բուժման III էտապ)։ Սանատոր բուժման կարելի է ուղարկել ոչ շուտ, քան հիվանդության սրացումից 3 ամիս հետո։ Առողջարանային բուժումը հակացուցված է հաճախակի սրացումների ժամանակ։ Առաջարկվում են հանքային ջրեր ունեցող առողջարանները՝ Արզնի, Բորժոմի, Ջերմուկ, Ջալալաբադ, Դրուսկինինկայ, Էսենտուկի, ժելեղնովոդսկ, Պյատիգորսկ, Սաիրմե, Տրուսկավեց և այլն։ Բուժման ծայրահեղ միջոց է վիրահատությունը։ Այն ցուցված է հիվանդության երկարատև, հաճախ կրկնվող ընթացքի դեպքում, երբ կոնսերվատիվ բուժումից (կրկնակի սանատոր-առողջարանային բուժումը ներառյալ) արդյունք չի ստացվում և առկա են լեղապարկի ու լեղուղիների ձեռքբերովի կոպիտ ձևափոխություններ կամ բնածին արատներ։

 

 
 

Սկզբնաղբյուրը՝ Կլինիկական մանկաբուժություն

Վ.Ա. Աստվածատրյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին