Լեղածորանների բորբոքային հիվանդություն է։ Լեղուղիների բորբոքային պրոցեսներն ըստ տեղակայման լինում են.

1. խոլանգիոլիտ՝ մանր լեղածորանների ախտահարում,
2. խոլանգիտ՝ ավելի խոշոր նևարտալյարդային լեղածորանների ախտահարում,
3. խոլեդոխիտ՝ ընդհանուր լեղածորանի ախտահարում։

Ըստ կլինիկական պատկերի տարբերում են.

1. սուր խոլանգիտ,
2. քրոնիկական խոլանգիտ,
3. նեղվածքային խոլանգիտ ,
4. սեպտիկ խոլանգիտ։

Սուր խոլանգիտը սովորաբար ընթանում է ցայտուն արտահայտված կլինիկական պատկերով, ինտոքսիկացիայի նշաններով։ Բարձրանում է ջերմությունը, որը կարող է տատանվել և ուղեկցվել ուժեղ քրտնարտադրությամբ, որովայնի ուժեղ ցավերով՝ գլխավորապես աջ թուլակողում, սրտխառնոցով, փսխումով։ Ընդհանուր թունավոր պատկերին են միանում նաև դիսպեպտիկ երևույթներ և լյարդի ախտահարման նշաններ (խոլանգիոհեպատիտ): Լյարդը մեծացած է, շոշափման ժամանակ՝ ցավոտ։ Նկատվում է մաշկի և սկլերայի թեթև դեղնություն, մեզում հայտնվում է ուռոբիլին։ Որոշ հիվանդների մոտ մեծանում է նաև փայծաղը։ Դուոդենալ զոնդավորման ժամանակ արտազատվող պարունակության մեջ, հատկապես «C» նմուշում, հայտնաբերվում են մեծ քանակությամբ փաթիլներ, բորբոքային տարրեր, անջատվում են զանազան միկրոբներ (աղիքային ցուպիկ, ստաֆիլոկոկ, ստրեպտոկոկ և այլն)։ Արյան մեջ հայտնաբերվում է լեյկոցիտոզ, նեյտրոֆիլոզ` ձախ թեքումով, բարձր ԷՆԱ։ Երեխաների մոտ բորբոքային պրոցեսները, երբեմն կարող են ավելի խորանալ, առաջ բերելով լյարդային անբավարարություն։ Նկարագրված են կոմայի դեպքեր, որոնք զարգացել են սուր խոլանգիտի հետևանքով։ Սուր խոլանգիտի բարդություններից են ենթաստոծանիական, ներլյարդային թարախակույտը, պլևրիտը, պերիտոնիտը։

Քրոնիկական խոլանգիտ։ Արտալյարդային խոշոր ծորանների և ներլյարդային ավելի մանր լեղուղիների քրոնիկական բորբոքումն է։ Մեկուսացված ձևով հազվադեպ է հանդիպում։ Քրոնիկական խոլանգիտի կլինիկան քիչ է տարբերվում քրոնիկական խոլեցիստիտից։ Հիմնական տարբերությունը ցավային համախտանիշի արտահայտման բնույթն է։ Այս դեպքում ցավային համախտանիշը թույլ է արտահայտված և, որպես կանոն, լինում է բութ, և տեղակայված աջ թուլակողմում, էպիգաստրալ կամ պիլորոդոուդենալ շրջաններում։ Դիսպեպտիկ երևույթները հաճախ առաջնակարգ նշանակություն են ստանում։ Նկատվում է լյարդի մեծացում և նրա ֆունկցիոնալ վիճակի խանգարում։ Դուոդենալ զոնդավորման ժամանակ «C» նմուշում հայտնաբերվում են մեծ քանակությամբ լեյկոցիտներ, լորձ, միկրոբներ, գլանաձև էպիթելի բջիջներ։ Արյան մեջ բարձրանում է հիմնային ֆոսֆատազայի, լեյցինամինոպեպտիդազայի, B-գլյուկուրոնիդազայի ակտիվությունը և այլն։

Բուժումը։ Լեղուղիների քրոնիկական բորբոքային հիվանդությունների բուժումը երկարատև է և կոմպլեքսային։ Սրացման շրջանում և հիվանդության առաջնային հայտնաբերման ժամանակ բուժումն ավելի լավ է կատարել հիվանդանոցային պայմաններում։ Կարևոր դեր ունի դիետաթերապիան։ Նշանակում են № 5 սեղան։ Բացառվում են ապխտած սննդամթերքը, պահածոները, ճարպոտ և աղի կերակուրները։ Արտահայտված սրացման ժամանակ պետք է պակասեցնել սննդի ընդհանուր կալորիականությունը, սահմանափակել մեխանիկական և քիմիական գրգռիչների օգտագործումը։ Կարևոր միջոցառում է պայքարը լեղականգի դեմ։ Դրենաժի նպատակով կիրառվում են լեղամուղ միջոցներ։ Նշանակվում է նաև բուժական դյուբաժ ըստ Դեմյանովի։ Առավոտյան քաղցած երեխային տրվում է խմելու 20-25 մլ ծծմբաթթվական մագնեզիումի 25-30%-անոց լուծույթ՝ գոլ վիճակում։ Հիվանդը պառկում է աջ կողքի, լյարդի շրջանում դրվում է ջերմակ, 1,5-2 ժամ տևողությամբ։ Ծծմբաթթվական մագնեզիումի փոխարեն կարելի է օգտագործել 100-150մլ հանքային ջուր (Էսենտուկի, Ջերմուկ, Հանքավան և այլն)։ Սրացման շրջանում նշանակվում են լայն ազդեցության սպեկտրի հակաբիոտիկներ, որոնք տրվում են 2 շաբաթ։ Բորբոքային պրոցեսի մարման շրջանում առաջարկվում են ֆիզիոթերապևտիկ տաք միջոցներ (դիաթերմիա, ՈԻՎՉ, ինդուկտոթերապիա և այլն)։ Ենթաստամոքսային գեղձի արտազատական ֆունկցիան խանգարվելու դեպքում ցուցված են պանկրեատին, պանզինորմ, մեքսազա։ Անհրաժեշտ է նշանակել B խմբի, C, PP վիտամիններ։ Լուրջ ուշադրություն է դարձվում վարակային օջախների բուժմանը։ Կիրառվող կոմպլեքս բուժումից, հատկապես հիվանդանոցային պայմաններում, երեխաների մեծ մասի մոտ զարգանում է ռեմիսիա։ Սակայն, պետք է նկատի ունենալ, որ ռեմիսիայի առաջացումը դեռևս երեխայի առողջացման մասին չի վկայում։ Լեղուղիների, լյարդի, ստամոքսի, ենթաստամոքսային գեղձի ֆունկցիոնալ փոփոխությունները կլինիկական ախտանիշների վերացումից հետո դեռևս չեն դադարում, ուստի ռեմիսիայի շրջանում անհրաժեշտ է բուժումը շարունակել նաև պոլիկլինիկայի պայմաններում։

Երեխաների բուժումը ռեմիսիայի շրջանում (բուժման II էտապ) պետք է կատարել 1-2 տարի։ Միայն երկու տարվա ընթացքում հիվանդության կրկնման բացակայության դեպքում կարելի է մտածել երեխայի առողջացման մասին։ Ռեմիսիայի շրջանում կատարվող բուժման ժամանակ հիմնական նշանակությունը տրվում է սննդի, օրվա ճիշտ ռեժիմի կազմակերպմանը և այն միջոցառումների իրականացմանը, որոնք ուղղված են լեղային համակարգում լեղու կանգի վերացմանը։ Այդ նպատակով երկու շաբաթը մեկ նշանակվում են լեղամուղ միջոցներ, կատարվում է դյուբաժ։ Ցավային համախտանիշի առկայության դեպքում նշանակվում են ֆիզիոթերապևտիկ միջոցներ լյարդի շրջանում։ Լեղուղիների հիվանդությունների կոմպլեքս բուժման մեջ կարևոր տեղ է գրավում սանատոր-առողջարանային բուժումը (բուժման III էտապ)։ Սանատոր բուժման կարելի է ուղարկել ոչ շուտ, քան հիվանդության սրացումից 3 ամիս հետո։ Առողջարանային բուժումը հակացուցված է հաճախակի սրացումների ժամանակ։ Առաջարկվում են հանքային ջրեր ունեցող առողջարանները՝ Արզնի, Բորժոմի, Ջերմուկ, Ջալալաբադ, Դրուսկինինկայ, Էսենտուկի, ժելեղնովոդսկ, Պյատիգորսկ, Սաիրմե, Տրուսկավեց և այլն։ Բուժման ծայրահեղ միջոց է վիրահատությունը։ Այն ցուցված է հիվանդության երկարատև, հաճախ կրկնվող ընթացքի դեպքում, երբ կոնսերվատիվ բուժումից (կրկնակի սանատոր-առողջարանային բուժումը ներառյալ) արդյունք չի ստացվում և առկա են լեղապարկի ու լեղուղիների ձեռքբերովի կոպիտ ձևափոխություններ կամ բնածին արատներ։

 

 
 

Սկզբնաղբյուրը՝ Կլինիկական մանկաբուժություն

Վ.Ա. Աստվածատրյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին