Մարդկանց և, հատկապես երեխաների համար վտանգ են ներկայացնում կարիճները, սարդերը (կարակուրտ), կրետները, իշամեղուները, մեղուները։

 

Կարիճների խայթումից հետո խայթման տեղում առաջանում է սուր տանջալից ցավ, այտուցվածություն և գերարյունություն, երբեմն նաև շճային պարունակությամբ մակերեսային բշտեր։ Թունավորման առաջացումը պայմանավորված է թույնի պարունակության մեջ մտնող ցածրամոլեկուլյար սպիտակուցներով, որոնք օժտված են նյարդաթունային ազդեցությամբ, ինչպես նաև կենսաբանորեն ակտիվ նյութերով (հիստամին, սերոտոնին և այլն)։ Թունավորման ախտանիշներից են ընդհանուր տկարությունը, գլխապտույտը, գլխացավը, սարսուռը, հևոցը, հաճախասրտությունը։ Ծանր դեպքերում նկատվում է անհանգստություն, որը փոխարինվում է քնկոտությամբ, առատ քրտնարտադրությամբ, վերջույթների դողով։ Որոշ երեխաների մոտ կարող են հայտնվել բրոնխոսպազմի ախտանիշներ, ջերմություն, առատ արտադրություն քթից։ Իշամեղուների, մեղուների խայթումների դեպքում խայթման տեղում նկատվում է խիստ ցավոտություն, չափավոր գերարյունություն և այտուց։ Ծանր տեղային և, հատկապես, ընդհանուր ռեակցիաները, որպես կանոն, պայմանավորված են իշամեղվի կամ մեղվի թույնի նկատմամբ եղած ալերգիայով։ Թունավորման ծանրության աստիճանը կախված է նաև թույնի չափից, այսինքն՝ խայթումների քանակից։ Հատկապես ուժեղ են արտահայտվում այտուցները դեմքի կամ պարանոցի խայթումների ժամանակ։ Աչքի խայթման դեպքում զարգանում են արտակարգ ուժգին ցավեր, կոնյուկտիվիտ, բլեֆարիտ, արցունքահոսություն, լորձաթարախային արտադրություն, աչքի ճեղքը փակվում է։ Խիստ արտահայտված այտուցներ են լինում նաև բերանի, շրթունքների խայթումների ժամանակ (երբ մեղուները, կրետները, իշամեղուները ընկնում են մեղրի, մուրաբայի, կոմպոտների և այլ քաղցրեղենի մեջ)։

 

Թունավորման ընդհանուր ախտանիշները սովորաբար զարգանում են բազմաթիվ խայթումների ժամանակ։ Այն արտահայտվում է ջերմությամբ, գլխացավով, հաճախասրտությամբ, հևոցով, սարսուռով։ Նկարագրված են առանձին առանձնահատուկ ծանր դեպքեր, երբ հիվանդների մոտ զարգացել է հեմոլիզ, արյան ճնշման անկում, ցնցումներ, շնչառության դժվարացում և այլն։

 

 Նկարագրված են նաև ծանր ալերգիկ ռեակցիաներ, որոնք ուղեկցվել են եղնջացանով, Կվինկեի այտուցով, բրոնխոսպազմի համաշտանիշով և, անգամ, անաֆիլաքսային շոկով ու մահացու ելքով։

 

Բուժումը։ Կարիճների խայթման ժամանակ տեղում այտուցի և բորբոքային ռեակցիայի թուլացման նպատակով դրվում են ճարպային քսուքներով վիրակապեր (գիոքսիզոն, պրեդնիզոլոնային քսուք և այլն): Ընդհանուր թունավորման վերացման նպատակով կիրառում են խոլինալուծիչ նյութեր (ենթամաշկային ատրոպինի սուլֆատ) և ադրենալուծիչներ (էրգոտամինի կամ ռեդերգամի ենթամաշկային սրսկումներ)։

 

Թաղանթաթևավորների խայթումների ժամանակ, առաջին հերթին, անհրաժեշտ է խայթման տեղից հեռացնել խայթոցը, քանի որ խայթոցից, դեռևս որոշ ժամանակ, շարունակվում է անջատվել թույն։ Այնուհետև խայթման տեղը մշակում են սպիրտով կամ օղիով և դնում սառը։ Ալերգիկ ռեակցիաների դեպքում նշանակում են կալցիումի քլորիդի լուծույթ, հակահիստամինային միջոցներ, գլյուկոկորտիկոիդներ, ասկոռուտին։ Միջոցներ են ձեռնարկվում արյան ճնշման իջեցման և սրտի գործունեության թուլության դեմ։

 

 

Կլինիկական մանկաբուժություն
Վ.Ա. Աստվածատրյան