Վարքի խանգարման հիմքում ընկած է հակասոցիալական և ագրեսիվ վարքագիծը, որն արտահայտվում է վաղ մանկական տարիքից և առկա է դեռահասության շրջանում, նույնիսկ՝ չափահաս դառնալուց հետո։ Առանձին հակասոցիալական գործողությունները չեն կարող հիմք լինել ախտորոշման համար, այլ ի նկատի է առնվում վարքագծի կայուն նմանօրինակ խանգարումը։ Այս խանգարումը կարող է արտահայտվել հետևյալ վարքագծով՝ կռվարարությամբ, մարդկանց կամ կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքով, տուն հրդեհելով, գողություններով, ստախոսությամբ, դպրոց չհաճախելով, տանից փախչելով, ընդգծված զայրույթի հաճախակի բռնկումներով, բացահայտ անհնազանդությամբ։ Այս և նմանատիպ օրինակներից յուրաքանչյուրի ցայտուն արտահայտված և կայուն լինելը բավարար է ախտորոշման հաստատման համար։ Եթե նման վարքային խանգարումը վեց ամսից պակաս տևողություն ունի, հարկ է խուսափել այս ախտորոշումից։ Այս ախտորոշումը չի դրվում նաև այն դեպքերում, երբ վարքի խանգարումները պայմանավորված են այլ հոգեկան խանգարումներով (շիզոֆրենիա, դեպրեսիա)։

ՀՄԴ-10-ն առանձնացնում է վարքի ոչ սոցիալականացված (F91.1) և սոցիալականացված (F91.2) խանգարումները։ Այստեղ սոցիալականացված են համարվում այն երեխաները, որոնք լավ հարաբերություններ ունեն իրենց հասակակիցների հետ և բավարար ներգրավված են նրանց խմբում։ Հաճախ հանցագործ ու հակահասարակական գործողությունների դիմող խմբի անդամ են, սակայն սա պարտադիր պայման չէ ախտորոշման համար. կարող են նաև ցուցաբերել ագրեսիվ վարք, լինելով ոչ իրավախախտ հասակակիցների խմբի անդամ։ Ոչ սոցիալականացված խանգարում ունեցող երեխաները չունեն մտերիմ ընկերներ, հասակակիցների հանդեպ անհանդուրժող են, փոխհարաբերությունները՝ մակերեսային, հաճախ դաժան վերաբերմունք են ցուցաբերում այլ երեխաների ու կենդանիների հանդեպ։ Մեծահասակներին, սովորաբար, հակադրվում են, ունենում զայրույթի բռնկումներ, անզուսպ կատաղություն։

Վերոնշյալ խանգարումները, սովորաբար, արտահայտվում են տարբեր իրադրություններում, բայց ավելի ակնառու են դպրոցում։ Եթե ագրեսիվ կամ հակասոցիալական վարքն արտահայտվում է միայն, կամ գրեթե միայն, տանը, հարազատների և տան անդամների հետ փոխհարաբերություններում, ապա ախտորոշվում է՝ ընտանեկան միջավայրով սահմանափակվող վարքային խանգարում (F91.0)։ Տանից երբեմն փող են գողանում, ձգտում վնաս պատճառել ընտանիքի անդամներին, կոտրում արժեքավոր իրերը, պատառոտում հագուստը, կոշիկը, նույնիսկ՝ հրդեհում տունը։ Հատկանշական է, որ տանից դուրս երեխայի վարքը և սոցիալական փոխհարաբերությունները նորմայի սահմաններում են։ Այս խանգարման նոզոլոգիական ինքնուրույնությունը վիճարկելի է, սակայն, այն, լինելով իրավիճակով խիստ պայմանավորված, հաճախ չի կապվում վարքի այլ խանգրումների հետ և կարող է բավականին լավ ելք ունենալ։ Ընդդիմացող անհնազանդ (դեվիանտ) խանգարումը (F91.3) ավելի բնորոշ է մինչև 9-10 տարեկան երեխաներին, հիմնականում արտահայտվում է հակադրվելով, անհնազանդությամբ, քմահաճությամբ, սակայն չի դիտվում ընդգծված և ծայրահեղ հակասոցիալական և ագրեսիվ վարքագիծ։ Այս երեխաները հաճախ արհամարում են մեծերի խնդրանքը, դիտավորյալ ուրիշներին տհաճություն պատճառում։ Նրանք, սովորաբար, դյուրագրգիռ են, անհավասարակշռված, նեղացկոտ, մեղադրում են ուրիշներին սեփական սխալների համար, հաճախ ցուցաբերելով ընդգծված կոպտություն իրենց քաջածանոթ մարդկանց հանդեպ (կլինիկական զրույցի ժամանակ խանգարման նշանները կարող են չարտահայտվել)։

Համաճարակաբանությունը։ Նախադպրոցական տարիքում ագրեսիվ վարքագիծ ցուցաբերող երեխաների մոտավորապես կեսի մոտ զարգանում են կայուն պրոբլեմներ, որոնց մոտ տարիների ընթացքում ագրեսիվ վարքագծի մեղմացումը, սովորաբար, փոխարինվում է ավելի լուրջ հակասոցիալական վարքով դեռահասության շրջանում։ Ուշ դեռահասության տարիքում հակասոցիալական վարքագծի մեղմացումը մոտավորապես նույն չափով է, ինչ աճը վաղ դեռահասության շրջանում։ Վարքի խանգարումների տարածվածությունը, ամենայն հավանականությամբ, միանման չէ տարբեր մշակույթներում։ Ամեն դեպքում, այդ տվյալները զարգացող երկրների համար խիստ անբավարար են, իսկ արևմտյան երկրներում վարքի խանգարումների տարածվածությունը 4-6 % է մինչև 14 տարեկանների շրջանում, ընդ որում՝ տղաների շրջանում 3-4 անգամ ավելի հաճախ է հանդիպում։ Հետազոտությունների համաձայն՝ գյուղական շրջաններում այս խանգարումը մոտ 10 %-ով է ավելի հաճախ դիտվում, քան քաղաքաբնակ երեխաների շրջանում։ Մի ամերիկյան հետազոտության համաձայն, ընդդիմացող խանգարման տարածվածությունը 2.7 % է, որտեղ տղաների գերակշռությունն ավելի փոքր է (3.2 %՝ 2.3%-ի դիմաց)։ Հասկանալի է, որ վերոնշյալ տվյալները էականորեն կարող են տարբերվել՝ կախված մշակութային տարբերություններից և երեխաների հետազոտման եղանակներից։

Ռիսկի գործոնները։ Մանկության և դեռահասության տարիքում վարքի խանգարումների հետ կապված երեխաների ամենատարբեր բնութագրեր և շրջապատի գործոններ են ուսումնասիրվել, սակայն բավակնին դժվար է դրանց գնահատումը որպես պատճառագիտական գործոն։ Այս խանգարման հիմքում ընկած են մի շարք կենսահոգեսոցիալական գործոններ, և համարվում է, որ ռիսկի գործոնների բացահայտումը խիստ կարևոր քայլ է խանգարման պատճառական մեխանիզմները բացահայտելու նպատակով։ Հայտնի է, որ ծնողների որոշ սխալ ցուցումներ և երեխաների նկատմամբ վատ վերաբերմունքը կարող են նպաստել վարքի խանգարմանը։ Իր ներգործությունն է ունենում անբարենպաստ իրավիճակը տանն ու ընտանիքում, ընդ որում, վարքի խանգարման զարգացման համար նշանակալից գործոն է ոչ թե պարզապես ընտանիքի քայքայումը, այլ՝ ծնողների բուռն պայքարն իրար դեմ։ Ծնողների հոգեկան խանգարումները, այդ թվում՝ ալկոհոլիզմը, կարևոր պատճառական գործոններ են։ Մի շարք հեղինակներ գտնում են, որ ծանր սոցիալ-տնտեսական պայմաններում մեծացող երեխաները, ովքեր օրինական ճանապարհով ի վիճակի չեն հասնել որոշակի կարգավիճակի և նյութական բարեկեցության, ստիպված են դիմել հասարակության համար անընդունելի եղանակների՝ այդ նպատակներին հասնելու համար և, որ նման վարքագիծը նորմալ է սոցիալ-տնտեսական զրկման պայմաններում, քանի որ այդ երեխաները տուրք են տալիս իրենց սեփական ենթամշակույթի արժեքներին։

Վարքի խանգարման զարգացմանը նախատրամադրող այլ գործոններ են համարվում գերակտիվ խանգարումը, կենտրոնական նյարդային համակարգի դիսֆունկցիաները և ախտահարումները, ծնողներից մերժված լինելը, վաղ հանձնվելը գիշերօթիկ և մանկատուն, շատ խիստ կարգապահությամբ սխալ դաստիարակությունը, դաստիարակողների հաճախակի փոփոխվելը և ապօրինի ծնունդ լինելը։ Որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ վարքի շատ շեղումներ սկզբում ուղղակի հակազդեցություն են, մի կողմից՝ երեխայի բնավորության ու հուզական պահանջների և, մյուս կողմից՝ ծնողների վերաբերմունքի ու հոգատարության միջև անհամապատասխանությանը։ ՀՄԴ-10-ում առանձնացվում են նաև վարքի և հույզերի խառը խանգարումները (F92), երբ ագրեսիվ, հակասոցիալական կամ անհնազանդ վարքը զուգակցվում է դեպրեսիայի, տագնապի և հուզական այլ խանգարումների ակնհայտ և ընդգծված ախտանիշների հետ։ Այս ախտորոշման համար պետք է առկա լինեն ինչպես մանկական տարիքի վարքի խանգարումների (F91), այնպես էլ մանկական տարիքի հուզական խանգարումների (F93) կամ հասուն տարիքի նևրոտիկ խանգարումների (F40-F49), տրամադրության խանգարումների (F30-F39) չափանիշները։ Այս ենթախորագիրը, ավելի շուտ, մտցվել է դասակարգման հարմարության նկատառումներով, քանի որ չկան հավաստի տվյալներ, որ սրանք, իրականում, ինքնուրույն են վարքի խանգարումներից։ Այդ իսկ պատճառով, այս խմբին անդրադառնում ենք հակիրճ, նշելով միայն, որ ՀՄԴ-10-ում առանձնացվում են ա) վարքի դեպրեսիվ խանգարումը (F92.0), երբ վարքի խանգարումը զուգակցվում է ընդգծված դեպրեսիվ ախտանիշների հետ՝ արտահայտված տառապանք, հետաքրքրության և հաճույքի զգացման կորուստ, ինքնամեղադրանք, հուսահատություն, քնի և ախորժակի խանգարումներ, ինչպես նաև՝ վարքի և հույզերի խառը խանգարումները (F92.8), երբ վարքի խանգարումը զուգակցվում է ընդգծված այնպիսի հուզական խանգարումների հետ, ինչպիսիք են տագնապը, օբսեսիաները կամ կոմպուլսիաները, դեպերսոնալիզացիան կամ դեռեալիզացիան, ֆոբիաները կամ հիպոխոնդրիան։

 

 
 

Սկզբնաղբյուրը՝ Կլինիկական մանկաբուժություն

Վ.Ա. Աստվածատրյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին