Տիկը հանկարծակի կրկնվող ակամա շարժում, ժեստ կամ ձայնային արտահայտություն է, որը, սովորաբար, կրկնօրինակում է նորմալ վարքի որևէ ասպեկտ կամ դրվագ։ Լինելով հիմնականում կարճատև, առանձին տիկը հազվադեպ է մեկ վայրկյանիից ավելի տևում։ Տիկն ընկալվում է որպես անկառավարելի, սակայն, մեծ մասամբ, այն հնարավոր է հաղթահարել այս կամ այն տևողությամբ (մի քանի րոպեից մինչև մի քանի ժամ), դրանք սաստականում են սթրեսների ներգործությամբ, և, սովորաբար, վերանում են քնած ժամանակ (լինում են բացառություններ)։ Պայմանականորեն դրանք դասակարգվում են պարզ և բարդ տիկերի։ Շարժումներով դրսևորող բնորոշ պարզ տիկերից են աչքերի թարթելը, պարանոցը ձգելը, դեմքը ծամածռելը և այլն։ Ձայնային պարզ տիկերից են հազալը, ֆսֆսացնելը, շվացնելը և այլն։ Բարդ տիկերից են որևէ մեկին խփելը, թռչկոտելը, «պարելը»։ Ձայնային բնորոշ բարդ տիկերից են առանձին բառեր կրկնելը, երբեմն՝ անպարկեշտ բառերի (կոպրոլալիա), սեփական հնչյունների ու բառերի կրկնումը (պալիլալիա), սեփական կամ ուրիշի արտասանած վերջին հնչյունի, բառի կամ արտահայտության կրկնումը (էխոլալիա), որևէ մեկի շարժումների նմանակումը։

Տիկերն ավելի հաճախ հանդիպում են այն ընտանիքներում, որտեղ դրանք տարածված են ընտանիքի անդամների շրջանում՝ համեմատած ընդհանուր բնակչության հետ։ Երեք անգամ ավելի հաճախ հանդիպում են տղաների շրջանում։

Տիկերի զարգացման ամենակարևոր պատճառագիտական գործոն է, ամենայն հավանականությամբ, կենտրոնական նյարդային համակարգի նեյրոքիմիական կարգավորման խանգարումը։ Քիչ չեն տվյալները դրանց գենետիկական պայմանավորվածության վերաբերյալ։ Տիկերի առաջացման գործում որոշակի դեր կարող է խաղալ նաև գանգուղեղային տրավման։ Առ այսօր գոյություն չունի ոչ մի բավարար բացատրություն տիկերի կլինիկական ընթացքի, դեղորայքին հակազդելու և ընտանեկան անամնեզի բազմազանության վերաբերյալ։

Անցողիկ տիկային խանգարումը
(F95.0) համապատասխանում է տիկային խանգարումների ընդհանուր չափանիշներին, բայց տիկերը պահպանվում են 12 ամսից ոչ ավելի։ Սա տիկերի առավել հաճախ հանդիպող ձևն է, դպրոցական երեխաների 5-24 %-ը տարել է այս խանգարումը։ Սրանք, հիմնականում, ունեն կամ օրգանական կամ հոգեծին ծագում, ընդ որում, որոշ տիկեր միավորում են թե՛ մեկի, և թե՛ մյուսի տարրերը։ Հոգեծին տիկերը, մեծ մասամբ, ինքնաբերաբար վերանում են, իսկ ահա օրգանական տիկերը հետագայում Ժիլ դե լա Տուրետի համախտանիշի վերաճելու լուրջ վտանգ են պարունակում և ավելի հաճախ են հանդիպում ընտանեկան անամնեզում։

Տիկերի սկսման միջին տարիքը 7 տարեկանն է, սակայն կարող են ի հայտ գալ արդեն 2 տարեկանում։ Առավել հաճախ հանդիպում են աչքերը թարթելը և դիմային տիկերը։ Ամենաբնորոշ տիկերն ընդգրկում են դեմքը, հետագայում՝ պարանոցը. ծամածռություններ, ճակատի և քթի կնճռոտում, հոնքերի բարձրացում, աչքերի թարթում, ռունգերի դող, բերանի կծկում, ատամների բացում, շրթունքների և բերանի այլ մասերի կծոտում, լեզվի արտանկում, ստորին ծնոտի ձգում, գլխի թեքում և թափահարում, պարանոցի ոլորում, գլխի պտույտ և այլն։ Կարող են ընդգրկվել նաև ձեռքերը (ձեռքերի շփում, մատների ցնցում և ոլորում, ձեռքերի սեղմում բռունցքի մեջ), մարմինը և ոտքերը (ուսերի թափահարում, ոտքերի, ծնկերի կամ բթամատերի ձգում՝ բերող տարօրինակ քայլվածքի, մարմնի ճոճման, թռչկոտման), շնչառական և մարսողական օրգանները (զկրտոց, հորանջում, հոտոտում, ռունգերով օդի փչում, սուլոցով ներշնչում, ուժեղացած շնչառություն, կոկորդի «մաքրում» և այլ տհաճ ձայներ։ Երեխաների մեծ մասի մոտ անցողիկ տիկերը կամ վերանում են, կամ էլ, որոշ դեպքերում, կրկին առաջանում են սթրեսային պայմաններում։

Խրոնիկական շարժողական կամ ձայնային տիկային խանգարման
(F95.1) ժամանակ առկա են կամ շարժողական, կամ լսողական տիկեր, բայց երկուսն էլ միասին, որոնք կարող են լինել բազմիցս օրվա ընթացքում, գրեթե ամեն օր կամ պարբերաբար՝ 1 տարուց ավելի ժամանակահատվածում։ Սրանք ի հայտ են գալիս մինչև 21 տարեկանը և չպետք է միայն պայմանավորված լինեն հոգեակտիվ նյութերով ինտոքսիկացիայով կամ կենտրոնական նյարդային համակարգի հայտնի հիվանդություններով։ Այս ախտորոշումը, փաստորեն, բաղկացած է երկու իրար բացառող ախտորոշումներից՝ քրոնիկական շարժողական տիկերից և քրոնիկական ձայնային տիկերից։

Խրոնիկական տիկային խանգարման տարածվածությունն անբավարար է ուսումնասիրված և, ըստ երևույթին ավելի հազվադեպ է հանդիպում, քան Ժիլ դե լա Տուրետի համախտանիշը։ Այս խանգարումները սկսվում են վաղ մանկական տարիքում, դրանց ձևերն ու տեղադրությունը նման են անցողիկ տիկերին։ Խրոնիկական ձայնային տիկերն ավելի հազվադեպ են, քան քրոնիկական շարողական տիկերը։ 6-8 տարեկանում հիվանդացած երեխաների շրջանում ավելի բարենպաստ ելք է դիտվում։ Ախտանիշները, սովորաբար, շարունակվում են 4-6 տարի և դադարում վաղ դեռահասային տարիքում։ Այն երեխաների շրջանում, որոնց տիկերն ընդգրկում են մարմինը և վերջույթները, խանգարման ելքն ավելի անբարենպաստ է, քան այն երեխաների, որոնց բնորոշ են միայն դիմային տիկերը։

Ձայնային և բազմակի շարժողական զուգակցված տիկային խանգարման (Ժիլ դե լե Տուրետի համախտանիշի՝ ԺՏՀ) (F95.2) դեպքում առկա են (կամ եղել են) և՛ բազմակի շարժողական, և՛ մեկ կամ ավելի ձայնային տիկեր, չնայած դրանք միաժամանակ գրեթե չեն առաջանում։ Այս տիկերն առաջանում են օրվա ընթացքում բազմաթիվ անգամ (սովորաբար՝ նոպայաձև), գրեթե ամեն օր կամ պարբերաբար 1 տարուց ավելի ժամանակահատվածում, ընդ որում, ժամանակի ընթացքում փոփոխվում են տիկերի անատոմիական տեղադրությունը, քանակը, հաճախականությունը, բարդությունը և ծանրությունը։ ԺՏՀ-ի ախտորոշման համար պարտադիր է խանգարումների ի հայտ գալը մինչև 21 տարեկանը, և դրանք չպետք է միայն պայմանավորված լինեն հոգեակտիվ նյութերով ինտոքսիկացիայով կամ կենտրոնական նյարդային համակարգի հայտնի հիվանդություններով։

Համաձայն ամերիկյան տվյալների՝ լիովին արտահայտված ԺՏՀ-ն հանդիպում է 2000-ից մեկի մոտ, իսկ եթե ԺՏՀ-ն և բազմակի տիկերը համարենք գենետիկորեն պայմանավորված ընդհանուր սպեկտրի հատված, ապա աշխատանքներից մեկում դրա տարածվածությունը կազմում է 1՝ 200-300 մարդու շրջանում։ ԺՏՀ-ով մայրերի որդիներն այդ հիվանդության զարգացման ամենամեծ ռիսկն ունեն։ Ենթադրվում է նաև գենետիկ կապը ԺՏՀ-ի և գերակտիվության և օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարման միջև։ Տղամարդկանց շրջանում այս խանգարումը շուրջ 3 անգամ ավելի տարածված է։

Պատճառագիտության մեջ գենետիկ գործոնի կարևորության մասին է վկայում ԺՏՀ-ի ավելի հաճախակի հանդիպելը մոնոզիգոտ, քան դիզիգոտ երկվորյակների մոտ, ինչպես նաև՝ այդ համախտանիշն ու տիկերն ավելի հաճախ դիտվում են այս խանգարումն ունեցող հիվանդների ընտանիքներում։ Առաջնային պատճառագիտական պահ է համարվում ուղեղի նեյրոքիմիական համակարգի խանգարումը։

Հիվանդությունը, սովորաբար, սկսվում է 2-10 տարեկանում, և գրեթե միշտ՝ մինչև 14 տարեկանը, միջին տարիքը 7-8 տարեկանն է։ Առաջին ախտանիշն առավել հաճախ աչքերի տիկային թարթումն է, հետո միանում են գլխի ձգումներն ու դեմքի ծամածռությունները։ Բազմակի շարժողական և ձայնային տիկերի մեծամասնությունն ի հայտ է գալիս սկզբնական ախտանիշներից միայն մի քանի տարի անց։ Անպարկեշտ բառերը (կոպրոլալիան), սովորաբար, սկսվում է վաղ դեռահասային տարիքում և հանդիպում դեպքերի երրորդ մասի մոտ։ Երբեմն դիտվում է նաև կոպրոլալիա մտքում (չարտասանվող հայհոյանքներ)։ Ինչպես շարժողական, այնպես էլ ձայնային տիկերը կարող են կարճ ժամանակով կամքի ուժով դադարեցվել, դրական սթրեսների ներգործությամբ կարող են սրվել և քնած ժամանակ լիովին վերանալ։ ԺՏՀի հետ են կապված օբսեսիաները, կոմպուլսիաները, ուշադրության կենտրոնացման դժվարությունները, իմպուլսիվությունը և անձնային պրոբլեմները։ Ախտանիշները ծանրանում են դեռահասության տարիքում և, չբուժվելու դեպքում, հաճախ մնում են ողջ կյանքի ընթացքում՝ հարաբերական ախտադադարներով ու սրացումներով։

 

 

Կլինիկական մանկաբուժություն
Վ.Ա. Աստվածատրյան